Եթե չենք ուզում «խորը պետություն»` Լյուստրացիան անխուսափելի է լինելու

1990-ականներին Թուրքիայում տեղի ունեցած հերթական ռազմական հեղաշրջումից հետո ակտիվորեն շրջանառության մեջ դրվեց այսպես կոչված «խորը պետություն» ձեւակերպումը (deep state): Այս տերմինը նպատակ ուներ բնորոշելու պետական մի շարք կառույցների, ֆորմալ եւ ոչ ֆորմալ խմբերի կոնգլոմերատը, որի հիմնական նպատակն էր ապահովել քեմալական` աշխարհիկ Թուրքիայի գոյությունը եւ որը, հատկապես այդ ժամանակահատվածում, մեծամասամբ խնդիր ուներ ճնշելու քրդերի ազգային-ազատագրական դրսեւորումները: Ռազմական, անվտանգության ծառայությունների, մասնավոր կորպորացիաների, ոստիկանական ուժերի եւ մաֆիոզ խմբավորումների համագործակցությամբ պետությանը զուգահեռ գործող այս ենթադրյալ «խորը պետություն»-ը ավելի ուշ ներկայացվել է որպես դեռեւս 20-րդ դարի 50-ականներին ձեւավորված միավորում, որը Թուրքիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ընթացքում է ձեւավորվել` ամերիկյան աջակցությամբ:

«Խորը պետության» շուրջ վերլուծական, հրապարակախոսական, գիտական հոդվածներ ու գրականությունն առավել ակտիվացան վերջին երկու տասնամյակի ընթացքում: Պետությունից վեր, կամ` պետությանը զուգահեռ գործող միավորումների մասին է խոսվում ԱՄՆ-ում, Կոլումբիայում, Ուկրաինայում եւ մի շարք այլ երկրներում: «Խորը պետության» շուրջ շահարկումներն ու դավադրության տեսությունների ժանրում վերլուծությունները ամերիկյան քաղաքական էսթաբլիշմենտի քննարկումների տիրույթում հայտնվեցին հատկապես Վիքիլիքսի հրապարակումներից հետո, որի վրա հենվելով շատերի պնդմամբ տասնամյակներ շարունակ գործել է պետական անվտանգության կառույցների եւ ոչ ֆորմալ` կորպորատիվ էլիտաների համագործակցությամբ դավադրություն, որը տարիներ շարունակ հակաժողովրդավարական կառավարում է իրականացրել` անկախ նրանից, թե ընտրությունների արդյունքում քաղաքական ինչ ուժ է կանգնած եղել երկրի կառավարման ղեկին:

Ինչպես նշվեց, «խորը պետության» շուրջ քննարկումներն ու վերլուծությունները մարգինալ դարձնել ցանկացողները դրանք դասում են դավադրության տեսությունների ժանրին: Այսուհանդերձ, անհերքելի է, որ պետության ինստիտուցիոնալ հիշողությունը կրող բյուրոկրատական համակարգը, իսկ մասնավորապես անվտանգության մարմինները, ապրիորի կոնսերվատիվ են եւ արագ փոփոխությունների ենթարկվելու անընդունակ: Նշված կառույցներում հեղափոխական` հիմնարար փոփոխությունների, կամ փոխակերպումների հասնելը էվոլյուցիոն ճանապարհով չափազանց դժվար է, եթե չասենք` անհնարին: Այսպես, համանման խորհրդային «խորը պետության» ժառանգությունից ձերբազատվելու եւ ժողովրդավարության ուղին ընտրած Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ, ինչպես նաեւ բալթյան եռյակը (բացառությամբ Լատվիայի), ԽՍՀՄ փլուզումից հետո ընտրեցին ըստ էության ամբողջական լյուստրացիայի` ՊԱԿ արխիվները գաղտնազերծելու ճանապարհը: Անկախության ճանապարհն անցնող նշված երկրները տարբեր կերպ իրականացրին ինքնամաքրման այս ճանապարհը, որոնցից յուրաքանչյուրին կանդրադառնանք առաջիկայում:

Ի դեպ, ուշագրավ է, որ լյուստրացիան պարբերաբար քաղաքական քննարկումների օրակարգում է հայտնվել նաեւ հարեւան Վրաստանում եւ Ուկրաինայում: Վրաստանի պարագայում այս մասին քննարկումներ ծավալվեցին 2003-ի Վարդերի հեղափոխությունից հետո, սակայն, ըստ ներկայացվող պատճառաբանությունների, այն հնարավոր չեղավ իրագործել, քանի որ ԽՍՀՄ ՊԱԿ արխիվների մեծ մասը հրդեհի արդյունքում ոչնչացվել էին: Ավելի ուշ` 2012-ի իշխանափոխությունից հետո, արդեն Վարդերի հեղափոխությանը հաջորդած տարիների արխիվային նյութերը քննող հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է ուսումնասիրեր Սաակաշվիլիի տարիներին հազարավոր ժամերի հասնող գաղտնալսումների ձայնագրությունները: Այս հանձնաժողովը սակայն կարճ կյանք ունեցավ: Դրա ստեղծումից շաբաթներ անց հայտարարվեց, թե` հանրային խաղաղ համակեցությունը չխաթարելու եւ ներքին թշնամանքից խուսափելու համար հանձնաժողովը որոշել է ոչնչացնել նյութերի ողջ փաթեթը: Այս վերջին որոշման ի կատար ածելը հաջորդող տարիներին պարբերաբար կասկածի տակ է առնվել:

Ի՞նչ ունենք Հայաստանի պարագայում. արդյո՞ք առկա են պայմանական ասած «խորը պետության» էլեմենտներ: Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ պետական բյուրոկրատական ապարատում երկու 10-ամյակից ավելի աշխատող մարդիկ քիչ չեն, անվտանգության համակարգում մինչ օրս խորհրդային տարիներից աշխատողներ կան, որոնցից որոշները «էլիտա» են համարվում երիտասարդ աածականների կողմից, մինչ օրս չի գաղտնազերծվել այդ համակարգին տարբեր դրդապատճառներով ոչ ֆորմալ` հաճախ ապօրինի ծառայություններ մատուցողների ցանկը, ապա կարելի է պնդել, որ Հայաստանի պարագայում «խորը պետություն»-ը, կամ դրա սաղմերն առկա են ԱԱԾ-ում: Այստեղ կարեւոր է արձանագրել, որ անկախությունից ի վեր, անվտանգության համակարգի միջին եւ բարձր օղակներում առնվազն հրապարակային կերպով չեն եղել էական կադրային փոփոխություններ, այսինքն կարելի է ենթադրել, որ կան մարդիկ, ովքեր` կրկնեմ, հաճախ ապօրինի ծառայություններ են մատուցել ՀՀ նախկին բոլոր քաղաքական իշխանություններին եւ հիմա էլ շարունակում են աշխատել համակարգում:

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիան ձեւակերպվեց որպես Հայաստանի անվտանգության լրջագույն սպառնալիքներից մեկը, եթե չասենք` ամենաէականը: Երկրի կենսունակությունը ոչնչացնող այս չարիքի դեմ պայքարի հիմնական գործիքը դարձավ հենց ԱԱԾ-ն, որը նախորդ 16 ամիսների ընթացքում առավելապես ֆինանսական ոստիկանության գործառույթներ է իրականացրել: 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր երկրի ազգային անվտանգության համակարգը առաջիկա տարիներին դառնալու է լավագույններից մեկը, հաշվի առնելով հայերի հավաքական կարողություններն ու ռեսուրսները ամբողջ աշխարհում: Այստեղ մնում է հասկանալ, արդյոք հնարավո՞ր է լինելու Հայաստանում ունենալ անվտանգության իրական սուվերեն համակարգ, քանի դեռ պատշաճ գնահատական չի տրվել նախորդ 30 տարիների, ինչպես նաեւ խորհրդային շրջանի ԱԱԾ-ՊԱԿ գործունեությանը եւ չեն վերացվել այդ կառույցների կողմից մեր երկրի քաղաքացիներին պատճառված վնասներն ու դրանց հետեւանքները:

Կախված նրանից, թե ինչպիսին կլինի հետհեղափոխական Հայաստանի լեգիտիմ իշխանության մոտեցումը այս հարցում, կնախանշվի նաեւ մեր պետության զարգացման հետագա հեռանկարը: Այլ կերպ ասած, եթե չենք ուզում ունենալ «խորը պետության» հայկական տարբերակը, կամ` պետություն պետության մեջ, ապա լյուստրացիան անխուսափելի է դառնալու: