«Եվրասիականության» գաղափարը և նրա ժամանակակից դրսևորումները Ռուսաստանում, Մաս 2

Եվրասիականության գաղափարները իրենց արտացոլումը գտան խորհրդային գիտնական Լ. Գումիլյովի աշխատանքներում, ով, ստեղծելով էթնոգենեզի (էթնոսի ծագման) պասսիոնարության (ֆրանսերենից passion –կիրք, կրքոտ, բռնկվող) տեսությունը, զարգացրեց և լրացրեց այն: Այս տեսությունը պատմական գործընացը բնութագրում է որպես զարգացող էթնոսի փոխազդեցություն լանդշաֆտի և այլ էթնոսների հետ։ Պասսիոնարությունը որևէ նպատակի իրականացման ուղղված գործողության ներքին մղումն է ։ Այս իմաստով էթնոսի ձևավորման գործընթացը, որն անցնում է մի քանի փուլ,  ըստ Գումիլյովի պայմանավորված է պասսիոնար շարժմամբ և հանդիսանում է կոնկրետ լանդշաֆտում պասսիոնար անհատականությունների կուտակման արդյունք, որոնց Գումիլյովն անվանում է պասսիոնարներ (пассионарий)։ Պասսիոնարներին հատուկ է անձնազոհությունը հանուն գաղափարի։ Իր տեսության շրջանակներում Գումիլյովը զարգացրեց համաեվրասիական միտքն առ այն, համաձայն որի էթնիկ վելիկոռոսները (великороссы) հանդիսանում են ոչ միայն արևելաեվրոպական սլավոնական ճյուղերից մեկը, այլ յուրօրինակ էթնոս, որը ձևավորվել է թյուրքա-սլավոնական ձուլման հիմքի վրա (Дугин А. Г. , Основы Геополитики. М.: 2000, стр 171)։

Եվրասիականության վերածնունդը նեոեվրասիականության տեսքով, ի թիվս տարաբնույթ գաղափարախոսությունների և հոսանքների, տեղի ունեցավ 20-րդ դարի 80-ական թվականների վերջին ԽՍՀՄ փլուզման, անցումային գործընթացների համատեքստում, որոնք Ռուսաստանում բերեցին ազգային, քաղաքացիական ինքնության ճգնաժամի, գաղափարական վակուումի, ինչի արդյունքում նախկին ինստիտուտները չէին պատասխանում առկա մարտահրավերներին: «Ռուսական գաղափարի» (русская идея) փնտրտուքը գիտական և քաղաքական շրջանակներում հանգեցրեց բուռն քննարկումների Ռուսաստանի ապագայի, զարգացման մոդելների, քաղաքակրթական, աշխարհաքաղաքական պարադիգմների, արժեհամակարգի, միջխմբային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների, հատկապես միջկրոնական, միջէթնիկական լարվածության կարգավորման և այլնի վերաբերյալ:  Լինելով այսօրինակ քննարկումների ակտիվ մասնակից՝ նեոեվրասիականները հանդես են գալիս ընդդեմ լիբերալ արժեքների և Արևմուտքի ընդհանրապես, հօգուտ պահպանողական արժեքների, բազմաբևեռ աշխարհի, ավանդական ինստիտուտների պահպանման, հետխորհրդային պետությունների միավորման, կրոնի դերի բարձրացման և նմանատիպ այլ դիրքերից:

Ռուսաստանում գործում են եվրասիական հայացքներ դավանող մի շարք կուսակցություններ, կազմակերպություններ, կենտրոններ, հիմնադրամներ, բազմաթիվ ինտերնետային կայքեր, ինչպես նաև ձևավորվել է համաշխարհային եվրասիական շարժում, որն ունի մասնաճյուղեր աշխարհի 26 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Հրատարակվում են եվրասիական պարբերականներ, ամսագրեր, մենագրություններ: Վերջին 20 տարվա ընթացքում ռուսաստանյան բուհերում գրվել են հարյուրավոր ատենախոսություններ եվրասիականության թեմայով, իսկ մենագրությունների, գիտական հոդվածների քանակը անցնում է 1000-ը:  Հավատարիմ մնալով իրենց նախորդներին՝ նեոեվրասիականները փորձում են նաև արտահանել տվյալ շարժման գաղափարները: Եվրասիականության գաղափարները հատկապես ամուր են Ղազախստանում, որի նախագահն իրեն համարում է եվրասիականության գաղափարների կրող և Եվրասիական միության ճարտարապետ, Թուրքիայում, որտեղ մի շարք ռազմական և քաղաքական գործիչներ հարում են եվրասիականության գաղափարներին, իսկ Թուրքիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Դ. Փերինչեքը Համաշխարհային եվրասիական շարժման Բարձր խորհրդի անդամ է (http://www.evrazia.org/modules.php?name=News&file=article&sid=1908):  Վերջինս «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործով գտնվում է ազատազրկման մեջ: Թուրքական մամուլում եղան մի շարք հրապարակումներ, որոնք Եվրասիականությունը ներկայացնում էին որպես  «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործունեության գաղափարական հիմք (Today’s Zaman, 23.07.2008):

Չնայած վերը նշվածին՝ մինչև 2011թ. Ռուսաստանում եվրասիականությունը շարունակում էր մնալ, ի թիվս բազմաթիվ այլ հոսանքների, ռուսական հասարակական քաղաքական դիսկուրսի մարգինալ հոսանքներից մեկը՝ առանց նշանակալի քաղաքական հաջողությունների: 90-ականներին ձևավորված մի շարք կուսակցություններ, որոնք դավանում են եվրասիական հայացքներ, նշանակալի արդյունքների չհասան: 2003թ. Պետական դումայի ընտրություններում ՌԴ նախագահի  գործերի կառավարիչ (1993-2000թթ), Ռուսաստան-Բելառուս միութենական պետության պետական քարտուղար (2000-2011) Պ. Բորոդինի գլխավորած Ռուսաստանի «Եվրասիական կուսակցությունը» այլ ուժերի հետ համատեղ ընտություններին հանդես եկավ «Մեծ Ռուսաստան-Եվրասիական միություն» բլոկի տեսքով՝ ստանալով ընդամենը 0.28% ձայն: 

Շարունակելի