«Եվրասիականության» գաղափարը և նրա ժամանակակից դրսևորումները Ռուսաստանում, Մաս 3

Իրավիճակը փոխվեց 2011թ. վարչապետ Վ. Պուտինի հեղինակած «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. «Ապագա, որը ծնվում է այսօր»  հոդվածից հետո (Газета Известия 03.10.2011г.), որում հայտարարվեց Եվրասիական միություն ստեղծելու մտադրությունների մասին: Հոդվածում Պուտինը, եվրասիականության տրամաբանության համաձայն, նշում է հետևյալը. «Մենք առաջարկում ենք հզոր վերազգային մոդել, որն ընդունակ է դառնալ ժամանակակից աշխարհի բևեռներից մեկը, միաժամանակ խաղալ ադրյունավետ «օղակի» դեր Եվրոպայի և դինամիկ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների միջև»: Հեղինակը միաժամանակ հավելում է.  «Մենք չենք պատրաստվում մեզ մեկուսացնել(оградиться)  ոչ մեկից և որևէ մեկին դիմակայել: Եվրասիական միությունը կառուցվում է համընդհանուր ինտեգրացիոն սկզբունքների վրա, որպես մեծ Եվրոպայի անբաժան մաս՝ միավորված ազատության, ժողովրդավարության և շուկայական օրենքներով»:

Չնայած այս վերջին հավելմանը՝ եվրասիականները Պուտինի հոդվածն ընդունեցին որպես իրենց գաղափարների կենսունակության ապացույց և հաղթանակ:  Ա. Դուգինը, ով համարվում է ժամանակակից եվրասիականության հիմնական գաղափարախոսն ու տեսաբանը, ինչպես նաև համաշխարհային Եվրասիական շարժման ղեկավարը,  մեկնաբանելով Պուտինի հոդվածը, նշում է. «Եվրասիական միությունը հասարակ տնտեսական նախաձեռնություն չէ՝ չնայած Պուտինի պնդմանը: Եթե խոսքը գնար միայն տնտեսության մասին, ապա ինչո՞ւ չսահմանափակվել «ԵվրԱզԷս»-ի, Միասնական տնտեսական տարածքի կամ Մաքսային միության ձևաչափով: Քանի որ մեր շարժումը արդեն շատ վաղուց զբաղվում է եվրասիական ինտեգրացիայի խնդիրներով, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ սա ավելին է, քան տնտեսական նախագիծ: Սա իրական քաղաքական ռազմավարություն է և մենք տեսնում ենք, որ Պուտինը անցել է այն իրականացնելուն: Եվ եթե Մեդվեդևը սկսեց իր նախագահությունը արդիականացման նախագծով, ապա Պուտինը սկսում է իր վերադարձը նախագահի աթոռին եվրասիականության նախագծով» (http://maxpark.com/user/556697085/content/836025): Պուտինի հոդվածին ի պատասխան՝ հոդվածներով հանդես եկան նաև Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն (Газета Известия, 17.10.2011г.) և Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևը (Газета Известия, 25.10.2011г.):

Հատկանշական է, որ 2000թ-ի APEC (Asia-Pacific Economic Cooperation) / Азиатско-Тихоокеанское экономическое сотрудничество (АТЭС)-ի համաժողովի նախօրեին հրապարակած իր հոդվածում (Независимая газета 14.10.2000 г.) Պուտինը նշում է, որ Ռուսաստանը միշտ իրեն զգացել է եվրո-ասիական (евро-азиатской) պետություն` խուսափելով օգտագործել եվրասիական տերմինը՝ հավանաբար հասկանալով  վերջինիս իմաստային պարունակությունը: 

Իր երրորդ նախագահական ժամկետի ընթացքում ՌԴ նախագահը ավելի հաճախ է օգտագործում պահպանողական, երբեմն էլ եվրասիական հռետորաբանություն: Դաշնային խորհրդի իր տարեկան ուղերձներում սկսած 2012թ-ից Պուտինը հաճախ մեջբերումներ է կատարում Իլյինից, Բերդյաևից, Գումիլյովից: 2013 թ.-ի դեկտեմբերյան մամլո ասուլիսի ժամամակ CNN-ի թղթակցի այն հարցին, թե ինչով է պայմանավորված Պուտինի կողմից արևմտյան արժեքների քննադատությունը, Պուտինը պատասխանեց, որ դա Ռուսաստանի բնակչությանը որոշ կեղծ արժեքներից պաշտպանելու միջոց է: Նման անհրաժեշտությունը, ըստ Պուտինի, պայմանավորված է նրանով, որ պետք է Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանել որոշակի սոցիալական խմբերի ագրեսիվ վարքագծից, որոնք ոչ միայն ապրում են ինչպես ցանկանում են, այլ բավականին ագրեսիվ կերպով  պարտադրում են իրենց տեսակետը ուրիշներին (http://news.kremlin.ru/video/1680):

2012-2013թթ Ռուսաստանում ընդունված մի շարք վիճելի օրինագծեր, որոնք լայն քննարկումների առիթ հանդիսացան, մասնավորապես այսպես կոչված անչափահասների շրջանում ոչ ավանդական արժեքների քարոզչության արգելքի մասին օրենքը (ФЗ от 29 июня 2013 г. № 135-ФЗ “О внесении изменений в статью 5 Федерального закона “О защите детей от информации, причиняющей вред их здоровью и развитию” и отдельные законодательные акты Российской Федерации в целях защиты детей от информации, пропагандирующей отрицание традиционных семейных ценностей”), ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքում կատարված փոփոխությունները (ФЗ от 12.01.96 N 7-ФЗ (ред. от 02.07.2013 с изменениями, вступившими в силу с 01.09.2013) “О некоммерческих организациях”), որոնք պարտադրում են ոչ կառավարական կազմակերպություններին գրանցվել արդարադատության նախարարությունում՝ որպես արտերկրյա գործակալ, եթե նրանց ֆինանսավորումը իրականացվում է այլ երկրներից,  ինչպես նաև «Պուսի ռայոթ»-ի և Բոլոտնի հրապարակի ակտիվիստների  նկատմամբ դատական գործերը, ռուսական պետական ԶԼՄ-ներով ամենօրյա «արևմտյան արժեքների» քննադատությունը հանդիսանում են  Պուտինի կողմից մատնանշած պաշտպանական միջոցները:

Մեկ կարևոր հանգամանք ևս: Տարեցտարի զգալիորեն աճում են ՌԴ ռազմական ծախսերը: Համաձայն Խաղաղության ուսումնասիրության ստոքհոլմյան ինստիտուտի (SIPRI) փորձագիտական գնահատականների՝ եթե 1999թ. Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմում էին 115 մլրդ ռուբլի, ապա 2015 թ-ի համար նախատեսված բյուջեով այն արդեն հասնում է 4 տրլն-ի(Julian Cooper, Military expenditure in the Russian Federation during the years 2012 to 2015: a research note. Avalible at  http://www.sipri.org/research/armaments/milex/publications/unpubl_milex/military-expenditure-in-the-russian-federation-2012-2015/view): Երկարացվել են ռուսական ռազմաբազաների գտնվելու ժամկետները Տաջիկստանում, Հայաստանում: 

Բացի այդ, 2013թ տեղի ունեցան ևս 2 իրադարձություն  (փոփոխություն), որոնց վրա ցանկանում ենք հրավիրել  հատուկ ուշադրություն: 2013 թ. Ռուսաստանի պատմության ասոցիացիայի խորհրդի կողմից ՌԴ նախագահին է ներկայացվել Ռուսաստանի պատմության միասնական դասագրքի նոր հայեցակարգը, որտեղ հիմնարար կերպով վերանայվում և վերագնահատվում են պատմական տարբեր ժամանակաշրջաններ և փաստեր: Մասնավորապես,  Ռուսական պետության ձևավորման բաժնում ներմուծվել են երկու նոր հասկացություն` քոչվոր և տափաստան, որոնք, ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ա. Չուբարյանի, պետք է ներկայացնեն ռուսական պետության ձևավորման ավելի լայն պատկերը: Դասագրքերից անհետացել է «թաթար-մոնղոկալան լուծ» բառակապակցությունը և փոխարինվել  «Ոսկե հորդայի լուծ» տերմինով:  «Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը» վերանվանվել է «Ռուսական մեծ հեղափոխության», իսկ ստալինյան ժամանակաշրջանը բնութագրվում է որպես արդիականացման սովետական տարբերակ (СТЕНОГРАММА заседания Совета Российского исторического общества Зал Президиума Российской академии наук. 30 октября 2013 года, http://rushistory.org/?page_id=1800):

Հաջորդ  փոփոխությունը հետևյալն է. ՌԴ Սահմանադրական դատարանի 2013թ-ի դեկտեմբերի 6-ի որոշմամբ միայն ՌԴ ՍԴ է իրավասու որոշել օրենսդրական նորմերի կիրառելիությունը, որոնք խոչընդոտում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների կատարմանը, եթե դրանք անցյալում չեն ճանաչվել սահմանադրությանը չհամապատասխանող: Առաջին հայացքից իրավագիտական թվացող այս ձևակերպումը իրականում հաստատում է ՌԴ ՍԴ որոշումների գերակայությունը ՄԻԵԴ որոշումների նկատմամբ՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

Եվրասիականության գաղափարի տարածումը սկսած 2012թ. ստանում է լուրջ պետական աջակցություն, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: 2012թ. հոկտեմբերին կայացած «Լ.Ն. Գումիլյովի ժառանգությունը և Եվրասիական ժողովուրդների ճակատագրերը. պատմություն, արդիականություն, հեռանկարներ» գիտաժողովի մասնակիցներին իր ուղերձն էր հղել Վ. Պուտինը:  2012թ. հունիսին Կազանում տեղի ունեցած «Եվրասիական Միություն. – հավակնություններ, խնդիրներ, հեռանկարներ» միջազգային համաժողովի ժամանակ Ռոսսոտրուդնիչեստվո (Россотрудничество) գերատեսչության ղեկավար Կ. Կոսաչովը նշեց. «Մեր, այդ թվում նաև իմ կողմից ղեկավարվող գերատեսչության ընդհանուր նպատակն է հասնել նրան, որ եվրասիականության գաղափարը հասու լինի լայն զանգվածներին»: Ժամանակ առ ժամանակ Ռուսաստանում Եդինայա Ռոսիյա իշխող կուսակցության կողմից ակտիվորեն քննարկվում է Եվրասիական միության ապագա խորհրդարանի համար պահպանողական կուսակցության ստեղծման հարցը, որը պետք է հիմնվի քրիստոնեության և իսլամի ավանդույթների վրա: (Газета Известия 24,10,2011г): ՌԴ Դաշնային Խորհրդի խոսնակին կից գործող Ինտեգրացիոն ակումբի կողմից նախատեսվում է ստեղծել ցանցային համալսարան և միասնական պատմության դասագիրք ինտեգրացիոն գործընթացների ամրապնդման նպատակով (Газета Известия 19,11,2013г.):

Վերը նշվածը դեռևս հիմք չի կարող հանդիսանալ պնդելու համար, թե եվրասիականությունը Ռուսաստանում վերածվում է պետական գաղափարախոսության կամ ծրագրի: Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանի թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքական հարթություններում նշմարվում են եվրասիական տենդենցներ: