«Եվրասիականության» գաղափարը և նրա ժամանակակից դրսևորումները Ռուսաստանում, Մաս 1

Հոդվածում ներկայացվում են եվրասիականության գաղափարախոսության հիմնական դրույթները, ժամանակակից դրսևորումները, ինչպես նաև վերլուծվում է ռուսաստանյան հասարակական կարծիքը եվրասիականության համատեքստում: 

Եվրասիականությունը որպես քաղաքա-փիլիսոփայական դոկտրին առաջ է եկել 20-րդ դարի 20-ական թվականներին ռուս վտարանդի ինտելեկտուալների շրջանում: Ի սկզբանե ձևավորվելով որպես շարժում` 30-ական թվականներին ստացել է  բավականին լայն տարածում: Մի շարք եվրոպական մայրաքաղաքներում գործում էին եվրասիականների խմբակներ, հրատարակվում էին ամսագրեր, թերթեր, մենագրություններ, սակայն հետագայում որոշ տարաձայնությունների հետևանքով եվրասիականների շրջանում տեղի ունեցան պառակտություններ, ինչն էլ ավելի ուշ հանգեցրեց նրանց ակտիվ գործունեության դադարեցմանը:   Եվրասիականության հիմնական տեսաբաններն են  Ն. Սավիցկին, Ն. Տրուբեցկոյը, Պ. Սուվչինսկին, Լ.Կարսավինը, Ա. Կարտաշովը, Գ. Ֆլորովսկին, Գ. Վերնադսկին և այլք: 

Գաղափարական առումով եվրասիականությունը հանդիսանում է սլավոնաֆիլության ավանդությունների շարունակություն, սակայն լուրջ տարբերություններով: Ի տարբերություն սլավոնաֆիլների, որոնք հակադրում էին Ռուսաստանը Եվրոպային՝ միաժամանակ հանդես գալով պան-սլավոնական դիրքերից, եվրասիականները, հակադրվելով Եվրոպային, միաժամանակ հայացքն ուղղում են դեպի արևելք: Սավիցկին գրում է. «Արդյո՞ք շատ կգտնվեն Ռուսաստանում մարդիկ, ում երակներում չի հոսում խազարական կամ պոլովեցական, թաթարական կամ բաշկիրական, մորդովական կամ չուվաշական արյուն: Ուղղափառի, քոչվորի կամ ասիացու օրգանական եղբայրացման արդյունքում Ռուսաստանը իրավամբ հանդիսանում է ուղղափառ-մուսուլմանական, ուղղափառ-բուդդիստական երկիր» (Савицкий П.Н., Континент Евразия , М.: 1997, стр. 32):

Եվրասիականների համար ելակետային է համարվում Մոնտեսքյոյի կողմից առաջ քաշված աշխարհագրական դետերմինիզմի հայեցակարգը, որը նրանք համալրում են նոր հասկացություններով, այն է` տեղի զարգացում (месторазвитие) զարգացում պայմնավորված տվյալ վայրով  և զգացողություն (ощущение), տարածքի զգացողություն, համաձայն որոնց` բնության, լանդշաֆտի, կլիմայի բազմազանությունը կանխորոշում է  տվյալ տարածքին բնորոշ մշակույթի ստեղծումն  ու զարգացումը, իրեն հատուկ տարածա-ժամանակային սահմաններում: Համաձայն Սավիցկու՝ արտաքնապես ինքնուրույն մշակույթներ գոյույթուն չունեն, քանզի մեզ հայտնի մշակույթներից և ոչ մեկը երկնքից չի ընկել պատրաստի վիճակում, բոլոր մշակույթներն էլ ծագել են գոյություն ունեցող այլ մշակույթների միջավայրում:

Իրավամբ, յուրաքանչյուր մշակույթ բառի բուն իմաստով ինքնատիպ է և ծնվում է որպես բացարձակապես նոր և յուրահատուկ ( Савицкий, стр. 32): Զարգացնելով այս դրույթը՝ եվրասիականները կտրականապես հերքում են որևէ մշակույթի և հետևաբար արժեքների ունիվերսալ բնույթը (Այս դիրքերից է հանդես գալիս Ս. Հանթինգտոնը իր “Քաղաքակրթությունների բախումը և աշխարհակարգի ձևավորումը” հայտնի աշխատության մեջ, նշելով,  որ արևմտյան քաղաքակրթությունը յուրահատուկ է, բայց ոչ համընդհանուր (unique not universal) S. Huntington, The Clash of Civilizations and the Remaking of World Order. London: Simon and Schuster, 1996:): Այս առումով նրանք հանդես են գալիս հստակ ընդգծված հակաարևմտյան դիրքորոշմամբ: Տրուբեցկոյի կարծիքով՝ այն, ինչ արևմտյան ժողովուրդների համար հանդիսանում է մշակութային ստեղծագործական գործընթաց, ռոմանա-գերմանական նեոֆիտներին (նոր հետևորդ) հասնում է պատրաստի արդյունքի տեսքով, առանց հաջորդական  հոգևոր կապի: Այդ իսկ պատճառով եվրոպականացված հասարակությունում որևէ զարգացում ընդունում է թռիչքային հեղափոխության ձև, այսինքն՝ կտրուկ անցում «լճացումից» «վերելքի» և հակառակը (Замалеев А.Ф. Лекции по истории русской философии, Москва : Наука, 1995, стр 155): Եվրոպականացված ժողովուրդը, ըստ Տրուբեցկոյի, հրաժարվում է իր անցյալից, պիտակավորելով այն որպես «բարբարոսություն»:

Իրեն պատկանող ողջ ինքնատիպն ու ազգայինը իրեն թվում են դատարկ և ոչինչ: Ի վերջո, Տրուբեցկոյը իր՝ «Եվրոպան և մարդկությունը» գրքում  գրում է. «Մենք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ ռոմանա – գերմանական աշխարհն իր մշակույթով մեր (Ռուսաստանի – Ս.Ք.) ոխերիմ թշնամին է: (Տես՝ Трубецкой Н., Европа и Человечество, София, 1920 г.)։  Եվրասիականները նաև հակադրում են արևմտյան և եվրասիական մշակութային տիպերը՝ մատնանշելով առաջինի ծովային, երկրորդի՝ ցամաքային (մայրցամաքային) բնույթը (Հարկ է նշել, որ աշխարհաքաղաքականության դասականներ հանդիսացող Մակինդերի, Մեխենի, Ռատցելի և այլոց կողմից նույնպես ընգծվում է ցամաքային և ծովային տիպերի տարբերությունը:): Եվրասիա ասելով՝ եվրասիականները հասկանում են ոչ թե Եվրասիա մայրցամաքն ամբողջությամբ, այլ այն տարածքը, որն ընկած է Եվրոպայի և Ասիայի միջև: Համաձայն Սավիցկու՝ Եվրասիան բաժանվում է ոչ թե Եվրոպայի և Ասիայի, այլ  միջին աշխարհամասի` բուն Եվրասիայի և երկու ծայրամասերի` ասիական (Չինաստան, Հնդկաստան, Իրան) և եվրոպական, որտեղ սահմանն անցնում է Նեման, Արևմտյան Բուգ գետերով և Դանուբի գետաբերանի գծով (Савицкий, стр.9)։

Եվրասիականները հիմնովին վերանայում են Ռուսաստանի պատմության ելակետային դրույթները՝ գնահատելով թաթար-մոնղոլական շրջանը ոչ որպես չարիք, այլ որպես Մոսկովյան պետության նախորդ: Տրուբեցկոյի պնդմամբ՝ Չինգիզ խանի կայսրությունը հանդիսացավ առաջին եվրասիական գոյակցությունը, որտեղից և սերում է ռուսական պետությունը: Մոնղոլական տերության անկումից հետո Մոսկվան շարունակեց նրա եվրասիական քաղաքականությունը (Замалеев А.Ф., стр.156):  Այս տրամաբանության սահմաններում, ելնելով հակաարևմտյան դիրքերից, Ռուսաստանի պատմության ռոմանովյան շրջանը եվրասիականների կողմից գնահատվում է որպես արևմտամետ, հետևաբար բացասական: Չնայած իրենց հակախորհրդային դիրքորոշման՝ եվրասիականները, այնուամնեայնիվ, բարձր էին գնահատում խորհրդային պետության հակաարևմտյան բնույթը և վերջինիս դեպի արևելք ակտիվ ծավալումն ու յուրացումը:

Շարունակելի