Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների դինամիկան. պատմական ակնարկ, ապագա զարգացումներ — Մաս 1

2019 թ.-ի փետրվարի 27-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Սա Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարության առաջին բարձրաստիճան այցն է հարևան պետություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից անմիջապես հետո խոսելով արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին առանձնակի ընդգծեց հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների էլ ավելի բարձր մակարդակի բարձրացնելու իր մտադրությունը՝ այս այցը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Ի տարբերություն Վրաստան կատարած այցի, այս այցը փոքր-ինչ հետաձգված է՝ մի շարք օբյեկտիվ պատճառներով. ներքաղաքական խնդիրներ Իրանում, նոր տնտեսական պատժամիջոցների փուլ, ՀՀ կառավարության ժամանակավոր բնույթը (մինչև համապետական ընտրությունները) և այլն։ Հետաքրքիր է, սակայն, որ իրանական տոմարով, այնուամենայնիվ, այս այցը տեղի է ունենում դեռևս չավարտված 1397թ.-ին. Այնպես որ իրանական դիտանկյունից ՀՀ վարչապետը թավշյա հեղափոխության տարում է այց կատարում հարևան Իրան։ Այցին ընդառաջ ամփոփ կներկայացնենք Հայաստան-Իրան հարաբերությունների առանցքային իրադարձությունները, բարձրաստիճան փոխայցելություններն ու դրանց արձանագրած տնտեսական ու քաղաքական արդյունքները։ 

Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թվականի դեկտեմբերի 25 –ին։ Պետք է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խանդավառությամբ ու ուրախությամբ է ընդունել իր գաղափարական հակառակորդ համարվող ԽՍՀՄ-ի փլուզումն ու անմիջապես ճանաչել նախկին խորհրդային բոլոր հանրապետությունների անկախությունը։ Այս պետությունների մեծ մասը Իրանի մշակութային ազդեցության տակ գտնվող երկրներ էին և նրանց անկախացումը Իրանին հնարավորություն էր տալիս վերադարձնել նրանց հետ ունեցած երբեմնի սերտ կապերն ու հարաբերությունները։ 

1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ԻԻՀ և ՀՀ արտգործնախարարներ Ալի Աքբար Վելայաթիի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ստորագրվեց հռչակագիր` Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվում է նաև Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հարաբերությունների սկզբունքների եւ նպատակների մասին հռչակագիրը, որով կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:

Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումից ու դիվանագիտական հարաբերություններ ստեղծելուց հետո, Իրանն ու Հայաստանը ձեռնամուխ են լինում խորացնելու իրենց հարաբերությունները։ Կնքվում են մի շարք միջպետական պայմանագրեր։ 

1992թ. ապրիլին Երեւանում տեղի  է ունենում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը, իսկ նույն տարվա դեկտեմբերին Թեհրանում բացվում է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: ՀՀ-ում ԻԻՀ առաջին դեսպան է նշանակվում Բահրամ Ղասեմին, իսկ ԻԻՀ-ում ՀՀ առաջին դեսպան է նշանակվում Վահան Բայբուրդյանը։ Հարաբերությունների նոր փուլի կառուցման առաջին այս տարիներին ՀՀ իշխանությունների ու դիվանագետների վարած հմուտ քաղաքաղականության շնորհիվ հաջողվում է մի շարք ռազմավարական նշանակության խնդիրներ լուծել։ Դրանց շարքում ամենաէականներից էին Իրանը Հայաստանին կապող ցամաքային սահման ապահովող Արաքսի կամուրջի կառուցման վերաբերյալ տարված արդյունավետ բանակցությունները։ 1992 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Մեղրու շրջանում Արաքս գետի վրա ավտոճանապարհային կամրջի շինարարության մասին»  ՀՀ կառավարության համար 175 որոշումը հատկապես այդ տարիների ռազմաքաղական իրավիճակի հաշվառմամբ՝ ռազմավարական տեսակետից անգնահատելի կարևորության որոշում էր։ Երկու հարևանների կողմից փակ սահմաններ ունեցող երկրի համար երրորդի հետ ցամաքային սահմանի հաստատումը օդ ու ջրի նման անհրաժեշտ քայլ էր։ ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի կողմից մայիսի 6-ին բացվում է Մեղրի-Նորդուզ 120 մ երկարությամբ և 60  տոննա բեռնակրությամբ ժամանակավոր լաստակամուրջը, իսկ 1996-ի հունվարի 9-ին տեղի է ունենում Հայաստան-Իրան 240 մ երկարությամբ և 400 տոննա բեռնակրությամբ հիմնական կամրջի բացման հանդիսավոր արարողությւոնը։ 

1992 թվականի առաջին կեսից Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ լուրջ անհանգստացած ու մտահոգված էր Ղարաբաղյան հակամարտության՝ իր հյուսիսային նահանգների սահմանակցությամբ տեղի ունեցող ռազմական ընթացքով, փորձում է հանդես գալ միջնորդական առաքելությամբ։ Մարտ ամսին իրանցի պատվիրակներ են ժամանում Հայաստան, ապրիլին լինում են նաև Ղարաբաղում, իսկ ապրիլի երկուսին Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ Իջևանում տեղի է ունենում քառակողմ հանդիպում։

Միջնորդական առաքելության ամփոփիչ փուլը պետք է տեղի ունենար Թեհրանում 1992թ․-ի մայիսի 6-9 –ը կազմակերպված եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնկացում էին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը և ԻԻՀ նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին։ Մինչ Ռաֆսանջանիի միջնորդությամբ ՀՀ և ԱՀ նախագահները բանակցում են ռազմական գործողությունների դադարեցման շուրջ, մայիսի ութին Լեռնային Ղարաբաղի զորքերն ազատագրում են Շուշին։ 

Թեհրանի հռչակագիրը ստորագրած և հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերած կողմերի միջնորդի համար, իհարկե, Շուշիի ազատագրման մասին լուրը չէր կարող բացասական հակազդեցության չարժանանալ։ Թեև դիվանագիտական ճկուն մոտեցմամբ հայկական կողմը դեպքերը ներկայացրեց այնպես, իբրև թե Իրանում գտնվող ՀՀ նախագահն, իրականում, տեղյակ չէ Շուշիում տեղի ունեցածից, այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ Իրանի միջնորդական առաքելության առաջին փորձը տապալվել է։ Դիվանագիտական հարաբերությունների առումով ոչ այնքան բարենպաստ այս իրավիճակից դուրս գալու համար որոշակի ժամանակ էր պահանջվում ՀՀ իշխանություններից։ Ու թեև զուգահեռ շարունակվում են տարբեր ոլորտների ներկայացուցիչների փոխայցելությունները, հարաբերություններն, ընդհանուր առմամբ, գերզգայուն են դառնում։

Հատկապաես լարված է դառնում իրավիճակը այն բանից հետո, երբ 1993 թ.-ի ապրիլին Քարվաճառի ազատագրումից հետո, Թեհրանում սովորող մի խումբ ազերի ուսանողներ հարձակվում են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան վրա։ Այս միջադեպից հետո ՀՀ դեսպանը երկու շաբաթով ետ է կանչվում Հայաստան։

Շարունակելի