Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների դինամիկան. պատմական ակնարկ, ապագա զարգացումներ- Մաս 2

Պատերազմական ողջ տարիների ընթացքում, առհասարակ, Իրանը փորձում է չեզոքություն ցուցաբերել՝ միաժամանակ դատապարտելով հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը։ Իրանի թյուրքախոս բնակչության ու նրանց ներկայացուցիչ պատգամավորների կողմից, սակայն, տեղի են ունեցել մի շարք հակահայկական կոչեր, արձանագրություններ, գործողություններ։ Նույն այդ հատվածի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հակահայկական հայտարությամբ է հանդես եկել՝ Ղարաբաղի տարածքը «իսլամական հողեր» անվանելով։  Բայց ողջ այդ ընթացքում չեն դադարել Իրան-Հայաստան կապերի զարգացումն ու ամրապնդումը, տարբեր պաշտոնյաների ու տարբեր ոլորտների ներկայացուցիչների փոխայցելությունները։

1994 թ․-ի մարտին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  գլխավորած պատվիրակությունը ժամանում է Իրան ու մասնակցում Բենդեր-Աբբաս-Բաֆղ երկաթուղագծի  բացմանը։ Եվ անգամ այն բանից հետո, երբ 1994թ․-ի մարտի 17-ին, ադրբեջանական սադրանքի հետևանքով ԼՂՀ օդային տարածքում հայտնված իրանական ինքնաթիռ է խոցվում, հնարավոր է լինում հարթել ստեղծված ճգնաժամը․ իրադարձության վերաբերյալ կատարված համակողմանի ուսումնասիրության ու այն նույնքան մանրամասնությամբ ու դիվանագիտական հմտությամբ իրանական կողմին փոխանցելու արդյունքում։

Նույն թվականի օգոստոսին արդեն, ԻԻՀ պատվիրակությունը՝ ԻԻՀ մեջլիսի փոխնագահ, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոհանիի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցում էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա-ի  հուղարկավորության արարողությանը։ Նույն 1994 թվականին երկու երկրներում կազմավորվում են պատգամավորական բարեկամական խմբեր։ Այս փաստերը վկայում են այն մասին, որ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ երկու երկրների ղեկավարության մոտ առկա քաղաքական կամքը չի սասանվում պատերազմական իրավիճակից ու ռազմաքաղական իրադրությունից բխող մի շարք դժվարությունների պատճառով։

Այս տարիներին սկսում են ակտիվանալ նաև երկու երկրների գիտական ու մշակութային կապերը․ Հայաստան են ժամանում Իրանի գիտահետազոտական ինստիտուտներից ներկայացուցիչներ, ՀՀ կինոյի ու թատրոնի գործիչները մասնակցում են Իրանում տեղի ունեցող կինոյի փառատոնին, թատրոնների միջազգային փառատոններին։

Առաջին հաջողություններն են գրանցվում նաև տնտեսական համագործակցության ոլորտում․ 1995 թ․-ի հունվարին Երևանում տեղի է ունենում հայ-իրանական տնտեսական կապերի կոորիդինացման առաջին համատեղ նիստը, ապա նաև իրանական  «Բանքե Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղի բացումը։ Նույն թվականի մայիսին ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության՝ Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում, ի թիվս վեց այլ փաստաթղթերի, ստորագրվում է նաև Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Հաջորդ տարի Երևանում բացվում է Իրանի առևտրաարդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսը, իսկ իրանական մասնավոր «Կասպիան» ավիաընկերությունը սկսում է Թեհրան-Երևան կանոնավոր չվերթները։

1995 թ․-ի հոկտեմբերի 13-ին Հայաստան ժամանած ԻԻՀ մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար  Մոսթաֆա Միր-Սալիմի հետ կարևոր հուշագիր է ստորագրվում Երևանում Կապույտ մզկիթի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների հետ կապված։ Մզկիթի վերանորոգումն ու վերաբացումը, այնտեղ տեղի ունեցող կրոնական ու մշակութային միջոցառումները կարևոր դեր են կատարում ինչպես Հայաստանում իրանական համայնքի, այնպես էլ Հայաստան-Իրան հարաբերությունների տեսակետից։

Իրանի հետ զարգացող քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային երկկողմ հարաբերությունների կողքին, Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները ձեռնամուխ են լինում նաև Հայաստան-Իրան-Թուրքմենստան և Հայաստան-Իրան- Հունաստան եռակողմ համագործակցության զարգացմանը։

Իննսունականների սկզբին հիմք դրված ու փոխվստահության ու փոխադարձ հարգանքի վրա կառուցված հարաբերութությունների զարգացումը շարունակվում է նաև իննսունականների վերջին տարիներին․ շարունակում են պաշտոնական փախայցելությունները, միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստերը, ստորգրվում են մի շարք փոխըմբռնման հուշագրեր ու պայմանագրեր։

Սերտ կապերը Իրանի հետ շարունակվել են նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք, որը նախ Շվեյցարական Դավոսում, իսկ հետո նաև Երևանում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արտգործնախարար Քամալ Խարազիի հետ։ 2001 թվականի դեկտեմբերի 25-27-ը ԻԻՀ նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամիի հրավերով տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի առաջին պաշտոնական այցելությունն Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այցի ավարտին ստորագրվել են մի շարք  փոխըմբռնման հուշագրեր և համաձայնագրեր, այդ թվում նաև Հայաստան-Իրան գազամուղի շինարարության և Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի նախագծման վերաբերյալ։

2000-ականների առաջին տարիներին շարունակում են խորանալ նաև գիտական ու մշակութային կապերը, հայաստանյան թատերական ու երաժշտական բնագավառի խմբերն ու անհատ կատարողները ավելի հաճախ են մասնակցում Իրանում  տեղի ունեցող միջոցառումներին, մեկնում նաև հյուրախաղերի, Հայաստանի գրողները, մարզիկներն ու արվեստագետները մասնակցում են իրանահայկական «Արարատ» մարզամշակութային կազմակերպության միջոցառումներին, հոբելյանին, համահայկական խաղերին։ Առարկայական քայլեր են կատարվում Իրանի հյուսիսային նահագներում գտնվող և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Ս․Թադևոս Առաքյալի և Ս․Ստեփանոս Նախավկայի վանքերի վերականգնողական աշխատանքների ուղղությամբ, որին մասնակացում են նաև հայ ճարտարապետները։ 

Փոխայցելությունները ընդգրկում են գյուղատնտեսական, մշակութային, էներգետիկ, դիվանագիտական  ու պաշտպանական ոլորտների ներկայացուցիչներին։ Փոխըմբռնման հուշագրերի ու պայմանագրերի թիվն ավելանում է՝ ընդգրկելով նորանոր ծրագրերի վերաբերյալ դրույթներ։ Շարունակում են գումարվել Հայաստան-Իրան-Հունաստան համագործակցության գործադիր կոմիտեի հերթական նիստերը։ Մի շարք գերատեսչություններ փոխայցելությունների ու հանդիպումների ընթացքում փորձում են կարգավորել Հայաստան-Իրան սահմանային առևտրի հետ կապված հարցերը, առաջ է քաշվում նաև «էլեկտրաէներգիա գազի դիմաց» բանաձևը։

Երկու երկրներում տեղի ունեցող աղետալի դեպքերը ստանում են հարևանների  ապրումակցումն ու հնարավորության դեպքում օգնությունը․ հոկտեմբերի 27-ից հետո Իրանի պատվիրակույթունը մասնակցել է զոհերի հուղարկավորությանը, իսկ Բամում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՀՀ-ն երկու ինքնաթիռ մարդասիրական բեռ  ու ԱԻՆ-ի փրկարար ջոկատ է ուղարկել։

Հայաստանի էներգետիկ անվտանգության ու էներգակիրների ներկրման շուկայի դիվերսիֆիկացիայի տեսակետից նշակալի կարևորություն ունի 2004 թ-ի մայիսի 13-ին ստորագրված «Իրանից Հայաստան բնական գազի արտահանման» մասին պայմանագիրը։