Հայաստանի Հանրապետություն — Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների դինամիկան. պատմական ակնարկ, ապագա զարգացումներ — Մաս 3

Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները շարունակվել են հարաբերությունների ողջ ընթացքում․ 2004 թ.-ի սեպտեմբերի  8-9-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ նախագահ Սեյեդ Մոհամադ Խաթամին,  իսկ 2007 թ-ի հոկտեմբեր 22-23-ին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Իրանում է եղել 2009 թ․-ի ապրիլին՝ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, 2011 թ․-ի մարտին՝ մասնակցելու Նովրուզի երկրորդ միջազգային տոնակատարության արարողություններին, 2013  թ․-ի օգոստոսին՝ մասնակցելու ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալությանը։ Սերժ Սարգսյանը ներկա է եղել նաև Հասան Ռոհանիի պաշտոնավարման երկրորդ փուլի երդմնակալության արարողությանը՝ 2017 թ․-ի օգոստոսին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանից ժամանած պատվիրակություններից ՀՀ-ն միակն էր, որ ներկայացված էր նախագահի մակարդակով, սա կարևոր ուղերձ էր երկկողմ հարաբերությունների համատեքստում։

Վերջին տարիներին պաշտոնական այցերով Իրանում են եղել նաև ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունները, քննարկել մի շարք առանցքային տնտեսական ու ռազմական համագործակցությանն առնչվող խնդիրներ, ստորագրել մի քանի տասնյակի հասնող փոխըմբռնման հուշագրեր ու պայմանագրեր։

Կարևոր է հիշատակել  նաև 2016 թ․-ի դեկտեմբերի 21-ին կայացած ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան։ Պաշտոնական այս այցը տարածաշրջանային այցելությունների շարքի առաջին հանգրվանն էր, որին հետևեցին այցերը Ղազախստան և Ղըրղըզստան։ Մեկ շրջագայության մեջ ներառված այս երկրների կապը Հասան Ռոհանին բացատրեց նրանց զբաղեցրած դիրքով Իրանի համար․ Հայաստանը նա անվանեց բանալի դեպի Եվրոպա, իսկ Ղազախստանն ու Ղրղզստանը համապատասխանաբար՝ դեպի հյուսիս ու արևելք։ Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին Երևանում  ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը: Համաժողովը կազմակերպվել էր ԻԻՀ Նախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից և միտված էր նպաստելու հայ-իրանական առևտրատնտեսական կապերի խորացմանը:

Կարելի է փաստել, որ տարեց տարի ավելի են ընդլայնվում Հայաստան-Իրան համագործակցության շրջանակները, ավելի շատ խնդիրներ ու հարցեր են ներառվում բանակցությունների օրակարգերում։ Բայց, միևնույն ժամանակ, նկատվում է մի շարք հարցերի վերաբերյալ վերջնական հանգուցալուծման հասնելու ճանապարհին որոշակի դանդաղկոտություն՝ կապված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով։ Մի շարք տնտեսական նախագծեր, այդ թվում՝ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը, նավթամթերքների խողովակաշարի կառուցումը, համատեղ ՀԷԿ-երի կառուցումը լուրջ ֆինանսական ներդրումներ են պահանջում, ինչը դժվար իրագործելի են Իրանի համար ԱՄՆ կողմից սահմանած տնտեսական պատժամիջոցների պատճառով։ Թեև 2015 թ․-ին կնքված Միջուկային համաձայնգրի արդյունքում այդ պատժամիջոցների մի մասի վերացումից հետո նույնպես շատ փոփոխություններ տեղի չունեցան այս բնագավառում՝ պայմանավորված մի կողմից Իրանի՝ տնտեսական այլ առաջնահերթություններ ունենալու հանգամանքով, մյուս կողմից՝ ՀՀ-ի կողմից գործադրված ոչ բավարար ջանքերի պատճառով։ Այդ առաջնահերթություններում ընդգրկված չլինելու հանգամանքն, ինչ խոսք, միայն իրանական կողմի մոտեցման արդյունք չէ, և կարող է շտկվել հայկական կողմի՝ համապատասխան քայլերի ձեռնարկման պարագայում անգամ հիմա, երբ պատժամիջոցների նոր, ավելի խիստ  փուլ է սկսվել Իրանի համար։

Կարևոր ձեռքբերումներ են 2017 թ․-ի դեկտեմբերին բացված Մեղրու ազատ տնտեսական գոտին, Հայաստան-Իրան 400 կվ երրորդ էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքների հաջող ընթացքը, Իրանի ղեկավարության հորդորները իրանցի գործարարներին  ներդրումներ կատարել Հայաստանում՝ օգտվելով ԵԱՏՄ-ի ու GSP+ համակարգի Հայաստանի անդամակցության ընձեռված հնարավորություններից։ Կարելի է ենթադրել, որ այս հորդորին ավելի ջերմեռանդորեն կարձագանքեին իրանցի գործարարները հատկապես հիմա, երբ Հայաստանում ավելի բարենպաստ տնտեսական միջավայր է ստեղծվել՝ ավելի նվազ կոռուպցիայի մակարդակով, բայց Իրանի նկատմամբ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների նոր ալիքը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում։ Մյուս կողմից, նույն Մեղրու ազատ տնտեսական գոտին բովանդակային առումով լուրջ կերպափոխումների փուլ պիտի անցնի դեռ, որպեսզի անունից զատ իրապես ազատ ու իրապես տնտեսական գոտի դառնա։

Հայաստանի տնտեսության ու Հայաստան-Իրան հարաբերությունների համար կարևոր նշանակություն ունեն նաև Իրանցի զբոսաշրջիկների այցերը Հայաստան։ Նրանց թիվը հատկապես զգալի է լինում մարտ ամսին տոնվող իրանական Նովրուզի օրերին։ Հազարավոր իրանցիներ այդ օրերին Հայաստան են ժամանում իրենց Նոր տարին նշելու, մասնակցելու Հայաստանում կազմակերպված Իրանցի այն երգիչ/երգչուհիների համերգներին, որոնց արվեստն արգելված է Իրանում։

Հայաստանի ԲՈՒՀ-երում գործող իրանագիտական բաժիններն ու կենտրոնները ակտիվորեն համագործակցում են իրանական գիտական կենտրոնների հետ, կազմակերպվում են համատեղ գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, աշխատաժողովներ։ Գիտության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում ու տարեցտարի ավելացնում իրենց ծավալները։

Վերոնշյալ կարևոր ձեռքբերումներով հանդերձ, սակայն, դեռևս զգալի չօգտագործված ներուժ կա երկու երկրների հարաբերությունների ոլորտում, որ կարող է կյանքի կոչվել մի կողմից ավելի քիչ պատժամիջոցների ենթարկված Իրանի (ինչը, ցավոք, դեռ չի երևում հորիզոնում), մյուս կողմից ավելի իրավական ու ազատ տնտեսական միջավայր ունեցող Հայաստանի պարագայում։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարչապետ դառնալու կապակցությամբ, իրանական ԶԼՄ-ները մի քանի ծավալուն հարցազրույցներով անդրադարձել են վարչապետին ու նրա անցած ուղուն՝ նրան սկզբունքային, հեղափոխական ու ժողովրդական քաղաքական գործիչ ներկայացնելով։

Ու թեև ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջանային այցից հետո որոշակի մտահոգություններ ծնվեցին, որ Հայաստանը կարող է ստիպված լինել ներքաշվել հակաիրանական քաղաքականության մեջ, աշխարհա-քաղաքական ու ռազմավարական մի շարք գործոնների հաշվառմամբ՝ Հայաստանին հաջողվում է հարևանների հետ իր հարաբերությունները չպայմանավորել արտատարածաշրջանային որևէ երկրի հետ հարաբերություններով։

Իրանի իսլամական հեղափոխության քառասուներորդ տարեդարձի ու Հայաստանի թավշյա հեղափոխության տարում տեղի ունենալիք ՀՀ վարչապետի այցը Իրան կարևոր հանգրվան կարող է դառնալ երկու երկրների հարաբերություններին նոր լիցք տալու ու դրանք նոր մակարդակի բարձրացնելու առումով։