Իրաքը սիրիական ճգնաժամի համատեքստում

Եթե Դամասկոսը արաբական առաջին՝ Օմայան խալիֆայության մայրաքաղաքն էր (661-750թթ.), ապա Բաղդադը Օմայաններին հաջորդած Աբբասյան խալիֆայության կենտրոնն էր, որը գոյատեւեց շուրջ 500 տարի, ընդհուպ մինչեւ Չինգիզ Խանի արշավանքը: Ինչպես Օմայան, այնպես էլ Աբբասյան խալիֆայությունների պատմական հիշողությունը Սիրիայում եւ Իրաքում ներկայումս բնակվող ժողովուրդների գիտակցության մեջ կայսերականության տարր է մտցրել: Տիգրիսի եւ Եփրատի, ասորաբաբելոնական, շումեր-աքքադական քաղաքակրթություների ժառանգորդ Բաղդադի եւ արամեա-օղարիթական Դամասկոսի միջեւ առկա ոչ վաղ անցյալի կրոնադավանական եւ քաղաքական հակասություններն իրենց դրսեւորումներն են ունեցել մարդկության պատմության ողջ ընթացքում: Հնագույն այս քաղաքակրթությունների ուսումնասիրությունը թողնելով պատմաբաններին եւ հնագետներին՝ կենտրոնանք ոչ վաղ անցյալի գործընթացների վրա:

Միջագետքի բնական պաշարներով հարուստ Իրաքը, ֆրանս-բրիտանական մանդատով բաժանված արաբական երկրներից առաջինն էր որ անկախություն ձեռք բերեց 1932-ին: Ի սկզբանե միապետական կառավարման համակարգով այս պետությունը շուրջ 25 տարի ղեկավարվեց Հաշիմյանների արքայական ցեղի հետնորդների կողմից, սակայն մինչ հանրապետության հաստատվելը (1958) անցավ արյունալի ժամանակների միջով: Տեղի ունեցան պետական հեղաշրջման փորձեր, սակայն բրիտանական աջակցությամբ եւ օկուպացիայի միջոցով միառժամանակ պահպանվեց Հաշիմյանների իշխանությունը, ովքեր եւ դիտարկվում էին, որպես բրիտանական շահերի եւ հետաքրքրությունների առանցքային դերակատարները:

Արդեն 1968 թվականին սոցիալիստական Բաաս կուսակցության ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության գալուց հետո Իրաքը որդեգրեց աշխարհիկ պետություն կառուցելու ռազմավարությունը: Սադդամ Հուսեյնի կառավարման տարիներին երկրի բնական պաշարները ժամանակավորապես ազգայնացվեցին: Հուսեյնը, ինչպես Սիրիայի ղեկավար Հաֆեզ ալ-Ասադը նույնպես հանդես էր գալիս համաարաբական հռետորաբանությամբ, պետական կառավարման աշխարհիկ մոդելի ջատագովի դիրքերից: Սուննի փոքրամասնությամբ կառավարվող նավթային այս հսկայի ռազմավարական շահերը համընկնում էին տարծաշրջանի այնպիսի խաղացողների հետ ինչպիսիք են՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, Եգիպտոսը: Սադդամ Հուսեյնի եւ Հաֆեզ ալ-Ասադի ըստ էության համաժամանակյա իշխանության սկզբնական փուլում Սիրիա-Իրաք հարաբերություններն ընհանուր առմամբ դրական էին, դրանք սակայն ավելի շատ սոցիալիստական վարչակարգերի մրցակցությամբ, քան համագործակցությամբ էին դրսեւորվում:

Իրանի՝ 1953 թվականի հեղաշրջումից հետո, այդ երկրի ինքնիշխանության բարձր մակարդակի հասած վարչապետ Մոհամմադ Մոսադեղը անգլո-ամերիկյան դավադրության արդյունքում հեռացվեց իշխանությունից եւ Սաուդյան Արաբիայից իր իսկ ինքնաթիռով Թեհրան ժամանեց օդաչու Մոհամադ Ռեզա շահ Փահլավին: Իրանի միապետության տարիներին Իրան-Իրաք հարաբերությունները որոշ վերապահումներով նույնպես դրական էին: Սադդամ Հուսեյնի իշխանության գալուց հետո լարվածությունն ավելացավ մեծամասմբ Ծոցի հատվածում արեւմտյան ընկերությունների Իրանի նավթային պաշարներից օգտվելու, ինչպես նաեւ շիական գործոնի ակտիվացման հանդեպ մտավախություններից ելնելով:

Իրան-Իրաքյան 8-ամյա պատերազմը սկիզբ առավ 1979 թվականի Իրանի Իսլամական Հեղափոխությունից մեկ տարի անց: Իրաքը, որը մինչեւ 2003 թվականի ամերկյան ներխուժումը կառավարվում էր 30 միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրում փոքրամասնություն կազմող սուննի մահմեդականների կողմից, 1980 թվականին լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց հյուսիսային հարեւան Իրանի սահմանային ողջ երկայնքով: Պատերազմ սկսելու Սադդամ Հուսեյնի կայացրած որոշումը պայմանավորված էր Իսլամական հեղափոխության արդյունքում շիական գործոնի հետագա ուժեղացումը կանխելու մտադրությամբ: Բացի այդ, շիա մահմեդական Իրանը խափանում էր Պակիստանի եւ Խորհրդային Միության միջոցով այլ շուկաներ ելքի իրաքյան ծրագրերը: Հաշվի առնելով հեղափոխությունից հետո Իրանում ստեղծված որոշակի անկայուն իրավիճակը պատերազմում հաղթանակի հասնելու Իրաքի սուննիական վարչակարգի երկարամյա ղեկավարի հույսերը չիրականացան:

Իրանի եւ Իրաքի միջեւ պատերազմն արձանագրեց 20-րդ դարի ամենաերկարատեւ ռազմական գործողությունը՝ պատճառ դառնալով 100 հազարավոր մարդկային զորքերի եւ երկու երկրների սահմանամերձ հատվածներում հսկայական ավերածությունների՝ տարբեր փուլերում ներգրավելով տարածաշրջանի այլ պետություններին եւս: Մասնավորապես 1982 թվականին ի աջակցություն Իրանի՝ Սիրիայի իշխանությունները ժամանակավորապես փակեցին 1952-ից գործող Իրաքից Սիրիայի միջոցով դեպի Միջերկրական ծով նավթ տեղափոխող Կիրկուկ-Բանիաս 800 կիլոմետրանոց նավթամուղը: Այս հանգամանքը լուրջ հարված հասցրեց պատերազմից արդեն իսկ որոշակիորեն թուլացած Իրաքի տնտեսությանը, որն այս նավթամուղից ամսական 5 միլիարդ դոլարի եկամուտ էր ստանում: Իրաքից Թուրքիայի միջոցով նավթի տեղափոխման օրական 500 հազար տակառը բավարար չէր, ինչի արդյունքում Ծոցի արաբական երկրները սկսեցին խոշոր ֆինանսական միջոցներ տրամադրել Իրաքին, որոնց չափերն ըստ տարբեր տվյալների անցնում էր տարեկան 60 միլիարդ դոլարը:

Պատերազմի ընթացքում Սիրիան Իրանին աջակցում էր նաեւ զենք ու զինամթերքի, ինչպես նաեւ հետախուզական ինֆորմացիայի տրամադրմամբ: Ռազմական գործողությունների տարբեր փուլերում, Սիրիան Խորհրդային Միությունից ստացած բալիստիկ հրթիռներ տրամադրեց Իրանին: Պատերազմն ավարտելու միջազգային հանրության երկարատեւ փորձերն ի վերջո հաջողությամբ պսակվեցին 1988 թվականին՝ կողմերի միջեւհամաձայնեցված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւի տեսքով:

Պատերազմից հետո Իրաքի քայքայված տնտեսությունն է ընդունված համարել 1990 թվականի Սադդամ Հուսեյնի Քուվեյթ ներխուժման հիմնական պատճառը: Ծոցի երկրորդ պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել ներխուժումից 7 ամիս անց, այս անգամ արդեն ԱՄՆ-ի անմիջական միջամտությամբ: Ամերիկյան զորքերի 40-օրյա հայտնի ռազմական միջամտությանը հավանություն տված Արաբական Լիգայի անդամ պետությունների շարքում էր նաեւ Սիրիան: Քուվեյթին աջակցելու հիմնավորմամբ տարածաշրջանում հայտնված ամերիկյան զորքերը 1990-ից սկսած մշտական տեղակայման վերաբերյալ համաձայնության եկան Կատարի իշխանությունների հետ, որտեղ մինչ օրս էլ գործում է տարածաշրջանի ամենամեծ ամերիկյան ռազմաբազան:

Ավելի ուշ՝ 2003 թվականին, Կատարը դարձավ ԱՄՆ-ի Իրաք ներխուժման ընթացքում օգտագործված կարեւորագույն տարածքը: Ի դեպ ուշագրավ է, որ իրաքյան վերջին պատերազմի սկզբնական փուլում ԱՄՆ-ի կողմից առաջնորդվող կոալիցիան զորքերին աջակցած արաբական պետությունների շարքում էր նաեւ Սիրիան, ընդ որում զգալի ռազմական ներկայությամբ: Այս հանգամանքը պայմանավորված էր ինչպես Իրաքում սուննիական փոքրամասնության իշխանությունից հեռացման Դամասկոսի հետաքրքրություններով, այնպես նաեւ պատերազմի հետագա ընթացքը Սիրիայից հեռու պահելու մարտավարությամբ: Այդուհանդերձ, 2003-ի Իրաք ներխուժման հենց առաջին ամիսներին ամերիկյան օդուժի ռմբակոծությունների արդյունքում կրկին դադարեցվեց Կիրկուկ-Բանիաս նավթամուղի գործունեությունը: Ավելի ուշ՝ 2007 թվականին Սիրիայի եւ Իրաքի ներկայիս իշխանությունների միջեւ համաձայնագիր ստորագրվեց նավթամուղի վերաբացման վերաբերյալ, որտեղ նախատեսվում էին ռուսական Գազպրոմի հնարավոր ներդրումներ, սակայն ծրագիրը մինչ օրս չի իրականացվել:

Եթե Իրաքյան պատերազմի ընթացքում Սիրիայում հայտնվեցին մինչեւ 1 միլիոնի հասնող իրաքցի փախստականներ, ապա սիրիական ճգնաժամի այս օրերին տեղի է ունենում հակառակ գործընթացը: Իրաքի ներկայիս շիա մահմեդական իշխանությունները ոչ հրապարակային կերպով հանդես են գալիս ի աջակցություն Բաշար ալ-Ասադի իշխանության, սակայն պատերազմի արդյունքում միջէթնիկ եւ միջկրոնական բախումների եւ մի շարք ուղղություններով դեռեւս ամերիկյան վերահսկողության տակ գտնվող Իրաքը սիրիական ճգնաժամում ակտիվ դերակատարություն դժվար թե ունենա: Այսուհանդերձ, տարածաշրջանում իրենց գլխավոր դաշնակից Իրանի հետ սահման չունենալով՝ Սիրիայի իշխանությունները փորձեր են ձեռնարկում Թեհրանից հնարավոր օժանդակություն ստանալ Իրաքի միջոցով: Իրաքի քրդերի կողմից վերահսկվող հյուսիսային հատվածներն այս առումով կարող են կարեւոր դերակատարություն ունենալ, հաշվի առնելով Թուրքիայի սիրիական ճգնաժամում ակտիվ ներգրավվածության իրողությունը:

Շարունակելի