«Խաղաղության ակունքների» թուրքական ձգտումներն ու իրանական արձագանքները

Թուրքիան Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունքներ» անվանմամաբ ռազմական գործողություններ է սկսել։ «Խաղաղության» մասին գործողության արդյունքում արդեն իսկ խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերի ու վիրավորների մասին տվյալներ կան Ղամիշլիում։ Թուրքիայի վարչապես Ռեջեբ Թայիփ Էրդողանը թվիթերյան իր էջում գործողությունները պայմանավորել է «քրդական ռազմական զորամիավորումները Սիրիայի հարավից դուրս մղելու եւ այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու» պատրվակով։ Այս հայտարարությունը հետևել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսից։

Պետք է նշել, որ Սիրիայի ճգնաժամը լուծելուն միտված Աստանայի ձևաչափով հանդիպումների հինգերորդ փուլի համատեքստում՝ ընդամենը անցյալ ամիս Անկարայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Անկարան առաջ էր քաշում իր այս թեզը՝ Սիրիա հյուսիս ներխուժելու ու քուրդ անջատողականներին, ու այստեղ կուտակված ահաբեկիչներին ոչնչացնելու մասին։ Այս կարծիքին դեմ էին արտահայտվում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, որոնց համար Սիրիայի տարածքային անձեռնմխելիությունը ապահովելը կարևոր աշխարհա-քաղաքական նշանակություն ունի։ Միաժամանակ, առաջ էր քաշվում նաև մարդասիրական միջանցք ապահովելու անհրաժեշտությունը, ինչին Թուրքիան դեմ էր արտահայտվում՝ պատճառաբանելով, թե այդ միջանցքից կօգտվեն ռազմական գործողությունների բուն թիրախ ահաբեկիչները նույնպես։

Սիրիայի հյուսիս ներխուժման մտադրության մասին Էրդողանը խոսեց նաև Սեպտեմբերի վերջին տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից՝ այդպիսով միջազգային հանրությանը նախապատրաստելով իր հետագա գործողություններին։

Սիրիայի հյուսիսում թուրքական զորքի ներկայությամբ Թուրքիան միաժամանակ մի քանի խնդիր է փորձում լուծել։ Այդ տարածքները Սիրիայից Թուրքիա տեղափոխված փախստականներով բնակեցնելով՝ Թուրքիան նպատակ ունի բուֆերային գոտի ստեղծել քրդաբնակ տարածքների միջև՝ այդպիսով մի կողմից լուծել փախստականների ճգնաժամային հարցն ու մյուս կողմից խոչընդոտել հնարավոր միասնական գործողությունները քրդերի կողմից։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Եփրատի արևելքում գտնվող այդ տարածքները ջրի կարևոր ռազմավարական կենտրոններ են։ Վերջին տարիներին իրար հաջորդող երաշտների ու նաև պատերազմական իրավիճակի արդյունքում ջրային ավազանների մի մասի աղտոտման պայմաններում ջրի հարցը ավելի քան լուրջ խնդիրներ է ստեղծել տարածաշրջանում։ Ու Եփրատի ավազանի ջրային ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը ոչ միայն լոկալ, այլև ռազմավարական նշանակության հարց է։

Էրդողանի թվիթերյան հայտարարությունից անմիջապես հետո Իրանի նախագահ Ռուհանին կառավարության անդամների հետ հանդիպման ընթացքում, կոչով դիմեց նրան եղբայրաբար խնդրելով համբերություն դրսևորել ու վերանայել որոշումը։ Իսկ Իրանի Մաջլեսի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում իր այցը Թուրքիա՝ պայմանավորված ռազմական գործողություններով։

Մինչ այդ կոչով հնարավոր ռազմական ներխուժմանն էր անդրադարձել նաև Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ հորդորելով Էրդողանին հարգել Սիրիայի տարածքային անձեռնմխելիությունը։ Արտգործնախարարը նաև կոչ էր արել Սիրիայի քրդերին ենթարկվել կենտրոնական իշխանությանն ու անցնել Սիրիայի կանոնավոր բանակի շարքերը։

Միաժամանակ, Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ատրպատական նահանգում իրանական զորքերը հապճեպ զորավարժություններ են սկսել։ Համաձայն իրանական պետական հեռուստաընկերության՝ զորավարժություններն այդ, որոնց մասնակիցների թիվը չի հայտարավում, ղեկավարվում են գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիի կողմից, որ իրանական բանակի գլխավոր հրամանատարն է։

Ստեղծված իրավիճակը երկսայրի սուր է Իրանի արտաքին քաղաքական ու ներքաղական անվտանգության տեսանկյունից։ Մի կողմից Աստանայի ձևաչափի շրջանակներում Իրանը բոլոր հինգ հանդիպումների ժամանակ առանձնահատուկ շեշտում էր այն հանգամանքը, որ արտատարածաշրջանային ուժերի բացակայությամբ, նրանց՝ Սիրիայում որևէ ձևաչափով  մասնակցության բացառմամբ, տարածաշրջանի երկրները ի զորու են խաղաղ ճանապարհով լուծելու Սիրիայի ճգնաժամը։ Թուրքիայի՝ ԱՄՆ զորքերի դուրս բերումից անմիջապես հետո սկսած ռազմական գործողությունները, սակայն, վիճարկում են Իրանի համար չափազանց կարևոր այս թեզը։

Իրանի համար առանցքային մյուս դրույթը Սիրիայի՝ տարածքային ամբողջականության ու տարածքային անձեռնմխելիության ապահովումն է ու նրա ջանքերը՝ երաշխավոր կանգնելու ոչ միայն Սիրիայի բնակչության անվտանգության, այլ նաև հենց այդ սկզբունքի պաաշտպանության։ Թուրքիայի՝ Սիրիա հերթական ներխուժմամբ, այս թեզը նույնպես, ցույց է տալիս իր հեղհեղուկ լինելը։ Թեև Անկարայի հանդիպման ընթացքում Իրանի նախագահ Ռուհանին նորից շեշտում էր սրա կարևորությունը։ Ու այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի այն հանգամանքը, որ անձեռնմխելիությունը խախտողը ՆԱՏՕ-յի անդամ Թուրքիան է, դա արել է ԱՄՆ-ի հետ համաձայնեցմամբ ու ԱՄՆ-ի թողտվությամբ,  ու արդեն երկրորդական է, որ դրանից տուժողները Սիրիայի քրդերն են, որոնց այդպես էլ չհաջողվեց համոզել ու ետ պահել ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունից։ Ու անգամ  անկախ դերակատարների ով լինելուց, տարիներ շարունակ իրանական հռետորաբանության առանցք հանդիսացող թեզը, հերթական հարվածն է ստանում։ Հատկապես, որ վերջին շրջանում սոցիալական մեդիայում նորից ակտիվացել է «որտեղ քրդեր են, այնտեղ Իրան է» հեշթեգով արշավը՝ ի պաշտպանություն քրդերի. Այդ հեշթեգով թվիթների մեծամասնության մեջ շեշտվում են քրդերի իրանական ժողովուրդ լինելու ու Իրանի՝ նրանց պաշտպանելու հայտարարված թեզերին հավատարիմ մնալու կոչերը։ Այս հեշթեգն ակտիվ էր նաև թուրքական զորքի՝ Աֆրինում իրականացված ռազմական գործողության ընթացքում, որի ընթացքում Իրանը նորից փորձեց հայտարարությունների միջոցով կանխել արյունահեղությունը, բայց ռազմական բախման չգնաց Թուրքիայի հետ։

Այն, որ իրանական զորքերը շտապ մոբիլիզացվել են Թուրքիայի սահմանակից տարածքներում, խոսում է նաև այն մասին, որ Իրանը մի կողմից ազդակ է ուղարկում թուրքերի հետ դեմ հանդիման միայնակ մնացած քրդերին՝ հիշեցնելով, որ օգնելու, միջնորդելու ու խաղաղություն հաստատելու օգնություն-առաջարկ էր արել նրանց, մյուս կողմից փորձում է զսպել նաև Թուքիայի՝ հնարավոր առաջխաղացումը, ինչպես նաև կանխել Արևմտյան Ատրպատականի ու հարակից նահանգների քուրդ բնակչության՝ հնարավոր չհամաձայնեցված քայլերը ։

Երկսայրի թրի մյուս շեղբն, իհարկե, կարող է քարոզչական դիվիդենտներ բերել Իրանի ղեկավարությանը։ Ոչ միայն Իրանում ապրող, այլ տարածաշրջանի քրդերին ուղղված կոչերում մեկ անգամ չէ, որ Իրանը շեշտել է ԱՄՆ-ի հետ համագործակցելու անթույլատրելիությունն ու նրանց ապավինելու հույսերի սին լինելը։ Սիրիայի քրդերի ներկա դժբախտ ճակատագիրը ցավոտ օրինակ է տարածաշրջանի մյուս երկրների նրանց եղբայրների համար. Արդեն բազում հրապարակումներ կան նաև քրդերի կողմից, որտեղ խոսվում է ԱՄՆ-ի կողմից հերթական անգամ դավաճանվելու մասին։ Բայց, այնուամենայնիվ, եթե ռազմական գործողությունները երկար շարունակվեն ու Թուրքիան գուցե հնարավոր պայմանավորվածությունների արդյունքում համաձեյնացված կարմիր գիծը հատի, ապա նշածս թեզերի ջախջախումը շատ ավելի մեծ վնաս է հասցնելու Իրանի՝ տարածաշրջանային քաղաքականության հռետորաբանությանը, քան կլինի այն կարճաժամկետ ազդեցությունը Իրանի ու տարածաշրջանի քրդերի քաղաքական տրամադրությունների վրա։