Курица не птица — Болгария не заграница. դեկոմունիզացիան Բուլղարիայում

Վրաստանում անցումային արդարադատության հեռանկարների մասին իր ծավալուն հոդվածում, Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն տարանջատում է երկու հասկացություն` «լյուստրացիա» եւ «դեկոմունիզացիա»: Դոլիձեի համաձայն, դեկոմունիզացիան ենթադրում է երկրի սոցիալական և քաղաքական կյանքում փոփոխություն անելու նպատակով պետության կողմից համալիր քայլերի ամբողջություն, Վրաստանի պարագայում` խորհրդային ժառանգությունից ազատվելու նպատակով: Իրականացվելիք քայլերից մեկը դիտարկվում է Կոմունիստական կուսակցության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պետական աշխատանքի արգելքը` նշելով Բուլղարիայի համանման օրինակը:

ԽՍՀՄ փլուզումից հետո Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում անցումային արդարադատության գործիքների միջոցով անցյալին գնահատական տալու օրինակներ ներկայացրել ենք մինչ այս: Եթե խորհրդային ՊԱԿ արխիվները հանրայնացնելու նախկին Չեխոսլովակիան եւ Արեւելյան Գերմանիան այս իմաստով ամբողջական լյուստրացիա իրականացրած երկրների օրինակներ են համարվում, ապա մասնակի, կամ ուշացած է որակվում լյուստրացիան Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի պարագայում: Խորհրդային տարիների «курица не птица — Болгария не заграница» ձեւակերպումը շատերն են հիշում, երբ կենտրոնին (Մոսկվա) գաղափարական եւ քաղաքական արժեբանության տեսանկյունից առավել մոտ երկրներից էր համարվում Բուլղարիան: Թերեւս հենց այս ձեւակերպման մեջ է պետք դիտարկել արեւելաեվրոպական մյուս պետությունների համեմատ Բուլղարիայում ԽՍՀՄ անցյալը գնահատելու տեսանկյունից չափազանց մեղմ, կամ ընդհանրապես տեղի չունեցած լյուստրացիան, որի փոխարեն առավելապես շրջանառության մեջ դրվեց դեկոմունիզացիա տերմինը:

Հետխորհրդային Բուլղարիայում ծավալված գործընթացները գնահատելու համար, թերեւս պետք է հասկանալ, թե նախ ինչպես է այս երկիրը միացել Խորհրդային Միությանը: Այսպես, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք պետությունների հետ մեկտեղ (Հունգարիա, Ռումինիա, Հարավսլավիա), Բուլղարիայի թագավորությունը 1941-ին միանում է Եռյակ դաշինքին, կամ` Բեռլինի պակտին: Գերմանիայի, Իտալիայի եւ Ճապոնայի ֆաշիստական բլոկին միանալով բուլղարական միապետությունը մի կարճ ժամանակահատված (շուրջ 3 տարի) տնօրինում է Հարավսլավիայի եւ Հունաստանի որոշ հատվածներ: Մոնարխիային հակադրվելով արդեն 1942-ին ձեւավորվում է «Հայրենիքի ճակատ» քաղաքական դաշինքը` իր մեջ ներառելով Բուլղարիայի սոցիալիստական, կոմունիստական եւ լիբերալ միավորումներին: Երկրորդ աշխարհամարտի ավարտին, 1944-ին, երբ Կարմիր բանակը Ռումինիա է մտնում, դեռեւս միապետական Բուլղարիան հայտարարում է չեզոքության մասին: Նույն տարվա սեպտեմբերի 5-ին խորհրդային զորքերի Բուլղարիա մուտք գործելուց օրեր անց «Հայրենիքի ճակատ»-ը պետական հեղաշրջում է իրականացնում, վերջ դնելով միապետությանն ու իշխանության բերելով կոմունիստներին:

Հաջորդած 46 տարիների ընթացքում` մինչեւ 1990-ը, Բուլղարիան դառնում է տարածաշրջանում ԽՍՀՄ-ի ամենամոտ դաշնակիցը: Սա վերաբերում է ինչպես այդ երկրի` խորհրդային քաղաքացիների համար ֆիզիկական հասանելիությանը, տնտեսական կապերին, այնպես էլ հատուկ ծառայությունների փոխադարձ ինտեգրվածության մակարդակին: Թերեւս սա էր պատճառը, որ 1989-ին հարեւան երկրներում սկիզբ առած հեղափոխական գործընթացներն ըստ էության շրջանցեցին Բուլղարիան, որտեղ 1990-ի խորհրդային կայսրության փլուզման օրերին երկրի գործող Կոմունիստական կուսակցությունը արագորեն ինքն իրեն վերանվանում է Բուլղարիայի սոցիալիստական կուսակցություն, հրապարակային դատապարտում կոմունիզմի` այսինքն իր ոճիրները, եւ ապա նույն տարում ընտրությունների միջոցով մեծամասնություն ձեւավորում խորհրդարանում:

Կոմունիզմից սոցալիզմ վերանվանված կուսակցության վերարտադրությունն այսուհանդերձ երկրի ժողովրդավարական ուժերի կողմից փշերով է ընդունվում: Ստեղծված իրավիճակն անընդունելի համարող զմբերը պահանջում են հրապարակել խորհրդային շրջանի գաղտնի ոստիկանության հետ համագործակցած պաշտոնյաների անունները, որոնք հենց այդ պահին տարբեր պաշտոններ էին զբաղեցնում: Սոցիալիստ-կոմունիստական իշխանության պայմաններում, լյուստրացիայի պահանջ դնող ուժերի ձախողման պայմաններում երիտասարդական մի թերթ հրապարակում է գաղտնի ոստիկանության 33 աշխատակցի անուն, ինչին հետեւում է Բուլղարիայի Ազգային ժողովի կոշտ արձագանքը, որն օրենքով արգելում է հատուկ ծառայությունների աշխատակիցների ինքնության բացահայտումը: Ահագնացող պահանջներին արձագանքելու նպատակով օրենսդիրի օրակարգ է բերվում «կոմունիզմի զոհերի բարոյական եւ քաղաքական ռեաբիլիտացիա»-ի մասին օրինագիծը, որն արագացված ընթացակարգով ընդունվում եւ նշված անձանց միանվագ դրամական փոխհատուցում տրամադրելով հարցը փակում:

1990-91 թթ. ընթացքում, քանի դեռ Բուլղարիայի Ազգային ժողովը վերահսկվում էր սոցիալիստ փաթեթավորված կոմունիստների կողմից, ԽՍՀՄ շրջանի անվտանգության ծառայությունների արխիվային նյութերի մեծ մասը ոչնչացվում, կամ պահվում է: Այսուհանդերձ, 1991-ի հոկտեմբերին, երբ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն է կազմում եւ ապա կառավարություն ձեւավորում Ժողովրդավարական ուժերի դաշինքը, Բուլղարիայի Կոմկուսի եւ երկրի փաստացի արդեն նախկին ղեկավարի դեմ քրեական գործ է հարուցվում: Թոդոր Ժիկովը, ով 35 տարի ղեկավարել էր Բուլղարիայի Կոմկուսը, 7 տարվա ազատազրկման է դատապարտվում պետական միջոցների յուրացման մեղադրանքով: Ժիկովի` ԽՍՀՄ շրջանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների մեջ ներգրավվածության հարցում մեղադրող կողմը փաստեր չի գտնում, իսկ Բուլղարիայի դատարանը բավարարվում է կոմունիստ առաջնորդին տնային կալանք տալով:

Զուգահեռաբար, նոր խորհրդարանի ժողովրդավարական ուժերը շարունակում են անցյալի քաղաքական գնահատական տալուն` լյուստրացիային միտված ջանքերը: Օրինագիծ է բերվում «գիտության դեկոմունիզացիայի» մասին, որի նպատակն էր կանխել խորհրդային շրջանում գաղտնի ոստիկանության եւ անվտանգության ուժերի հետ համագործակցած անձանց` գիտության ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցնելը: Այս օրենքը, սակայն, սահմանադրությանը հակասող է ճանաչվում, իսկ 1994-ին, երբ գործադիր իշխանությունում կրկին կոմունիստներն են հայտնվում, պետական մակարդակով արգելվում է արխիվներում առկա անունների հրապարակումը: Ուշագրավ է, որ չնայած նշված օրենքը գործում է մինչ օրս, Բուլղարիայի դատարանները շարունակում են կիրառել նշված արգելքը:

Լյուստրացիայի վերաբերյալ քննարկումները կրկին ակտիվանում են 1997-ին, երբ կոմունիստ-սոցիալիստները կրկին կորցնում են մեծամասնությունը Ազգային ժողովում: Խորհրդարանում ձեւավորվում է այսպես կոչված Բոնեւի հանձնաժողովը, որը ԽՍՀՄ գաղտնի ծառայությունների հետ համագործակցած 20-ից ավելի անուն է հրապարակում, որոնցից 14-ն այդ պահին գործող օրենսդիրի անդամներ էին: Արխիվների հանրայնացման ջանքերն այս անգամ եւս ապարդյուն են անցնում սոցիալիստական ուժերի եւ Սահմանադրական դատարանի ընդդիմության պայմաններում եւ միայն 2000 թվականին` «կոմունիզմի հանցավոր բնույթը» վերտառությամբ օրենքը հնարավոր է դառնում: Այս, մեծամասամբ դեկլարատիվ բնույթ ունեցող օրինագիծը հայտարարում էր, որ Բուլղարիայի կոմունիստական կուսակցությունը բարոյական պատասխանատվություն է կրում ԽՍՀՄ շրջանի տոտալիտար համակարգի եւ մարդու իրավունքների խախտումների համար: Այդուհանդերձ, կարճ ժամանակով հնարավորություն է ստեղծվում որոշ արխիվային նյութեր հրապարակելու համար, սակայն 2002-ին, սոցիալիստների իշխանության վերադարձին զուգընթաց, լյուստրացիայի տեսանկյունից հնարավորությունների պատուհանը կրկին փակվում է:

Իրավիճակը որոշակիորեն փոխվում է 2006 թվականին, Բուլղարիայի Եվրամիությանն անդամակցելու նախօրերին: Երկրի սոցիալիստական (նախկին կոմունիստներ) կառավարությունն ու խորհրդարանը որոշում են արխիվային նյութերով զբաղվող հատուկ հանձնաժողով ձեւավորել: 2007-ից գործող հանձնաժողովի լիազորությունները սահմանափակվում են արխիվային նյութերն ուսումնասիրելով եւ պետական կառույցներին խորհրդատվություն տրամադրելով: Գործող կամ նախկին որեւէ պետական կամ քաղաքական գործչի վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն հանձնաժողովը չունի, ավելին` արխիվային նյութերի հասանելիությունը սահմանափակվում է մինչեւ 1991 թվականը ժամանակահատածով, այսինքն` բացառապես խորհրդային շրջանով: 91-ից ի վեր Բուլղարիայի բանակի, ոստիկանության, հատուկ ծառայությունների եւ ուժային այլ կառույցների վերաբերյալ տեղեկատվությունը հանձնաժողովի համար փակ է: Հանձնաժողովի անդամներից զատ, գիտնականների, հետազոտողների եւ իրենց նախնիների անցյալով հետաքրքրվող քաղաքացիների համար արխիվային նյութերը շարունակում են անհասանելի լինել մինչ օրս:

Լյուստրացիայի եւ դեկոմունիզացիայի բուլղարական ձախողված փորձը մեծապես պայմանավորված է այդ երկրում խորհրդային տարիներից մինչ օրս կոմունիստական ուժերի խորը արմատներով: Այսպես կոչված ռեբրենդինգի միջոցով միեւնույն գործիչները նախ կոմունիստից սոցիալիստ դարձան եւ ապա պետական գաղտնիքներին տիրապետելով շարունակեցին քաղաքական գործունեությունը: Հայաստանում ֆորմալ իմաստով Կոմունիստական կուսակցությունը անկախությունից ի վեր չի ունեցել հանրային վստահության նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորություն, սակայն դրա նախկին անդամներից շատերը, բուլղարական մոդելին համահունչ, ռեբրենդինգի, կամ օրվա պոպուլյար քաղաքական կարգախոսներին շատ արագ հարմարվելով շարունակել են պետական պաշտոններ զբաղեցնել եւ անգամ առաջխաղացում ունենալ: Ավելին, օրինակներ ունենք, երբ ԽՍՀՄ տարիներից անվտանգության մարմինների հետ առնչություն ունեցած եւ անկախության ողջ շրջանում պետական պաշտոններ զբաղեցրած մարդիկ, 2018-ի Թավշյա հեղափոխության տեսանկյունից բեկումնային` Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, հրապարակավ հայտարարեցին «քայլ անելու» մասին եւ այսօր էլ շարունակում են պետական բարձր պաշտոններ զբաղեցնել:

Շարունակելի