«Լավ եղանակ» հայ-իրանական հարաբերություններում. ամփոփելով վարչապետի այցն ԻԻՀ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, որ տեղի ունեցավ Փետրվարի 27-28-ին կարելի է հաջողված համարել։ Այցի ընթացքում վարչապետը հանդիպումներ ունեցավ երկրի նախագահ Հասան Ռոհանիի, Հոգևոր Առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ։ Պաշտոնական այս հանդիպումներին հաջորդեցին հանդիպումներ Թեհրանի ու Սպահանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։

Աշխարհա-քաղաքական ներկա իրադրության պայմաններում  չափազանց կարևոր ու միաժամանակ զգայուն այս այցը անցել է երկու երկրների պաշտոնյաների կողմից փոխադարձ վստահության ու երկու երկրների ներուժը ի բարօրություն երկու ժողովուրդների ծառայեցնելու պատրաստակամության մասին հայտարարություններով։

ԱՄՆ-ի 2018 թ.-ի մայիսին Միջուկային ծրագրից միակողմանի դուրս գալու ու Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների նոր փուլի գործադրման, ինչպես նաև Իրանի ներկա իշխանության շարունակական դիվականացման փուլում Իրանի միակ քրիստոնյա հարևան Հայաստանի Հանրապետության ղեկավարի այցն ու ջերմ ընդունելությունը լուծում են ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլ նաև մշակութաբանական խնդիր։ Գաղտնիք չէ, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունների մասին վերլուծությունները հաճախ քաղաքակրթական բախման կամ կրոնա-մշակութային առանձնահատկություններով պայմանավորված տարաբաժանման վերաբերյալ կարծրատիպերի քանդման տեսանկյունից ներկայացվում են որպես ամենացայտուն օրինակ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման այս առիթը նույնպես կարող է ծառայել որպես ներկա հանրային դաշտում առկա կարծրատիպային պատկերացումների ջարդման գործիք։

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում երկու քաղաքական գործիչների հայտարարություններից կարելի է եզրակացնել.

  • Իրանի համար չափազանց կարևոր է ոչ միայն տնտեսական ու քաղաքական, այլ նաև բարոյա-հոգեբանական ոլորտում իր հարևան Հայաստանի դիրքորոշումը Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցների հարցում։ Պատժամիջոցներին հակազդելու գործուն մեխանիզմներ, իհարկե, ՀՀ-ն չունի, բայց դրանց ֆոնին Իրանին բարեկամ ու ընկեր պետություն համարելն ու դրա մասին ամենաբարձր մակարդակով ամենատարբեր ամբիոններից հայտարարելը նշանակում է առնվազն չկիսել Իրանի՝ տարածաշրջանի անվտանգության համար սպառնալիք լինելու մտայնությունն ու հետևաբար նաև վիճարկել պատժամիջոցների համար հիմք ներկայացվող պնդումները։
  • Իրանը վերահաստատում է իր դիրքորուշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված. այն է՝ հակամարտությունը չունի և չի կարող ունենալ խաղաղ բանակցություններից զատ լուծման այլ ճանապարհ։
  • Իրանը պատրաստակամ է տնտեսական ոլորտում ընդլյայնել փորգործակցությունը Հայաստանի հետ և դիտարկում է Հայաստանին նաև որպես գազի տարանցման երկիր։
  • Հայաստանը վերահաստատում է, որ որևէ երկրի հետ հարաբերությունները չի պայմանավորելու այլ երկրի առաջնահերթություններով և պատրաստակամ է անկախ ստեղծված աշխարհա-քաղաքական իրավիճակից զարգացնել իր հարաբերությունները Իրանի հետ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադարձ է կատարվել նաև Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ Հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հանդիպմանը։ Իրանի Հոգևոր առաջնորդը նույնպես խոսել է ԼՂ հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին և ընդգծել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջևավելի հաճախ  հանդիպումները կարող են նպաստել այդ գործընթացին։

Այցի ընթացքում կնքված հուշագրերի ու պայմանագրերի համատեքստում եմ նորություն էր Հայաստան-Իրան-Կատար եռակողմ պայմանագիրը տարածշրջանային տարանցիկ ինտերնետ կապուղի ստեղծելու մասին։ Ժամանակակից աշխարհի մալուխային քարտեզների ռազմավարական կետերի հարաճուն կարևորության պայմաններում սա չափազանց կարևոր ձեռքբերում կարելի է համարել Հայաստանի համար։

Կնքված Հայաստան-Իրան փոխգործակցության երկկողմ հուշագրերը նոր բովանդակություն չեն պարունակում. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանից նույն գերատեսչության և Իրանի առևտրի, արդյունաբերության և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև համագործակցության մասին կնքված հուշագրերը կրկնում են նախկինում կնքված նույնաբովանդակ փաստաթղթերի բովանդակությունը։ Տարբերությունն այն կլինի, որ նախկինի պես այս հուշագրերի՝ ողջ ծավալով կյանքի կոչելու ճանապարհին Հայաստանի տնտեսությւոնը չբախվի նեղ անձնական, բիզնես ու կոռուպցիոն շահերին, իսկ Իրանի տնտեսությունը հնարավորինս արագ կարողանա շտկել մեջքը տնտեսական պատժամիջոցների արդյունքում արժեզրկված ազգային դրամի ու բյուջեի ֆինանսական խնդիրների պայմաններում։

Թեհրանի ու Սպահանի հայկական համայնքների հետ վարչապետի հանդիպումներն անցան առանձնահատուկ ոգևորության մթնոլորտում։ Թեև Իրանի հայկական համայնքն ավանդաբար մեծ ոգևորությամբ է ընդունել հայաստանյան պատվիրակություններին, բայց այս այցին հավելյալ լիցք էր հաղորդում թավշյա հեղափոխությունից հետո համայնքում ծագած նոր խանդավառությունն ու Հայրենիքն ավելի բարեկեցիկ ու օրինական երկիր տեսնելու արթնացած հույսը։

Համայնքային հանդիպումներում Նիկոլ Փաշինյանի ելույթների առանցքային դրույթներն էին՝

  • Հայաստանը հաստատակամ է օրենքի գերակայության երկիր դառնալու իր հանձնառության մեջ,
  • Հայաստանը ձգտում է ամբողջությամբ օգտագործել սուվերեն իր կարգավիճակից բխող բոլոր քաղաքական ու տնտեսական հնարավորությունները,
  • Հայ ժողովուրդը միասնական է ու համախմբված՝ հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անվտանգության։

Իր ուղերձի այս շեշտադրումների համատեքստում Արշակունիների արքայատոհմի հիշատակումն ու Պապ թագավորին պատմական անարդար հաշվեհարդարից փրկելու մասին պատումը, դուրս են գալիս միայն համայնքին ուղղված ուղերձների տրամաբանությունից ու հստակ ազդակներ են պարունակում նաև Իրանի իշխանությունների համար. Ազդակներն այդ, կարծում եմ, լիովին կարող են հասկանալի լինել Իրանի քաղաքական մշակույթի ներկայացուցչների համար և իրենց ազդեցությունն ունենալ երկկողմ հարաբերությունների տրամաբանության հետագա ընթացքի վրա։