Լիբանանի քաղաքացիական պատերազմը եւ Սիրիան

Լիբանանյան քաղաքացիական պատերազմի հիմնական շարժառիթներից է համարվում այդ երկրի հարավային շրջաններում բնակվող պաղեստինցի փախստականների կողմից ձեւավորված Պաղեստինի Ազատագրման Բանակի գործողությունները: 1948-ին հռչակվեց Իսրայել պետությունը, որին հաջորդած 50 տարիների ընթացքում տարածաշրջանի արաբական պետությունների եւ Իսրայելի միջեւ տեղի ունեցած մի քանի պատերազմների արդյունքում սահմանակից գրեթե բոլոր արաբական երկրներ տեղափոխվեցին 100 հազարավոր պաղեստինցիներ: Իսրայելի հյուսիսային հարեւան Լիբանանում պաղեստինցիների համար թերեւս առավել պարարտ հող կար, այդ երկրից պայքարը շարունակելու տեսանկյունից:

Բազմէթնիկ եւ կրոնական տարբեր հարանվանությունների պակաս չունեցող Լիբանանի պետականության կայացմանը խոչընդոտող այլ հանգամանքներին զուգահեռ, այժմ ավելացավ նաեւ պաղեստինյան հիմնահարցը: Ի սկզբանե կաթոլիկ քրիստոնեությունից առաջացած մարոնիության հետեւորդներով բնակեցված, Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթայի շուրջ ձեւավորված Լիբանան պետությունը 20-րդ դարի ընթացքում ժողովրդագրական լրջագույն փոփոխությունների ենթարկվեց: Ֆիզիկական տարածքով Հայաստանից 3 անգամ փոքր այս երկրում, ըստ տարբեր տվյալների, բնակվում է 4 միլիոնից ավելի մարդ: Ժողովրդագրական կազմի մասին հստակ տվյալները բացակայում են, քանի որ քաղաքական պատճառներով Լիբանանում շուրջ 40 տարի է ինչ մարդահամար չի իրականացվել:

Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին երկրում բնակվող շուրջ 200 հազար (ներկայում` 60-ից 80 հազար) հայերի դիրքորոշումը դրսեւորվում էր զինված չեզոքությամբ: Բեյրութի հայաբնակ Բուրջ Համուդ եւ Նաաբա մեծամասամբ հայաբնակ թաղամասերում ինքնապաշտպանության նպատակով զինված հայերը հիմնականում զերծ մնացին պատերազմի ավերածություններից: Հիշարժան է սակայն 1979 թվականը, որը հայերի համար պատերազմի բարձրակետը հանդիսացավ, երբ կանխվեց Բաշիր Ջեմայելի կողմից իրականացված հարձակումը, սակայն բախումների ընթացքում զոհերի թիվը հասավ 40-ի: Արդեն 1982-ին մարոնի Ջեմայելը դարձավ Լիբանանի նախագահ, սակայն այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 3 շաբաթ` սպանվելով ռումբի պայթյունից:

1980-ականներին արեւելքի Փարիզը համարվող Բեյրութը եւ Լիբանանի մի շարք այլ քաղաքներ քաղաքացիական պատերազմի պատճառած ավերածություններից երկար ուշքի չեկան: Լիբանանը մի կողմից դարձավ Սիրիայի եւ Իսրայելի միջեւ հակամարտության ֆիզիկական տարածք, մյուս կողմից պաղեստինցիների ազգային-ազատագրական պայքարի ոգին տարածվեց երկրում բնակվող այլ ազգային եւ կրոնական խմբերի շրջանում: Դրա վառ վկայությունն է թերեւս ԱՍԱԼԱ-ի ստեղծման փաստը, որը հենց այս ժամանակահատվածում (1979-1982 թթ.) առավել ակտիվ գործունեություն ծավալեց:

Բացի այդ, քաղաքացիական պատերազմի տարիներին Լիբանանում եւ պաղեստինցիների կողմից վերահսկվող տարածքներում ձեւավորվեցին, իսկ վերջին տարիների ընթացքում նաեւ քաղաքական մեծամասնություն ձեւավորեցին ի սկզբանե զինյալ խմբավորումներ Հեզբոլլահը եւ Համասը: Այսօր Լիբանանում գործող շիական աջակցություն ստացող Հեզբոլլահն իր ռազմական կարողություններով գերազանցում է երկրի կանոնավոր բանակին եւ անթաքույց աջակցում է Սիրիայի ալավիական իշխանություններին, մինչդեռ սուննիական շահերը ներկայացնող Համասը սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերին հանդես եկավ ի պաշտպանություն ապստամբների:

Լիբանանյան քաղաքացիական պատերազմի հետագա ընթացքը դադարեցնելու մի շարք փորձեր արվեցին ինչպես Արաբական Լիգայի Երկրների կազմակերպության, այնպես էլ առանձին արաբական եւ այլ պետությունների կողմից: Ֆորմալ առումով քաղաքացիական պատերազմը դադարեցնելու շուրջ հնարավոր եղավ համաձայնության գալ 1989 թվականին, երբ կնքվեց Տայիֆի համաձայնագիրը: Սաուդյան Արաբիայի ակտիվ եւ Միացյալ Նահանգների պասիվ աջակցությամբ, ինչպես նաեւ Սիրիայի իշխանությունների հետ շարունակական գաղտնի բանակցությունների արդյունքում:

Համաձայնագրով ենթադրվում էր Լիբանանում քաղաքական իշխանություն ձեւավորելու նոր կարգ` բնակչության մահմեդական հատվածի քանակական աճը պետական կառավարման համակարգում արտացոլելու նպատակով, ինչը դրսեւորվեց հետեւյալ կերպ. նախագահ` քրիստոնյա մարոնի, վարչապետ` մահմեդական շիա, խորհրդարանի խոսնակ` մահմեդական սուննի: Նախագահի եւ խորհրդարանի խոսնակի լիազորություններն ըստ երկրի սահմանադրության սահմանափակ են, մինչդեռ վարչապետն ըստ էության հանդիսանում է երկրի առաջին դեմքը: Համաձայնագիրը ենթադրում էր նաեւ Լիբանանի հարավային հատվածներից իսրայելական զորքերի դուրս բերումը, որոնք քաղաքացիական պատերազմի տարիներին վերահսկում էին պաղեստինցի փախստականներով բնակեցված այս տարածքները, ինչպես նաեւ 2 տարվա ընթացքում սիրիական զորքերի դուրս բերումը:

Սիրիայի 15-րդ նահանգ՝ այս կերպ էին հաճախ անվանում Լիբանանը շատ սիրիացիներ, երբ այդ երկրում դեռեւս տեղակայված էր Սիրիայի ռազմական կայազորը: Լիբանանյան քաղաքացիական պատերազմի սկզբնական փուլում` 1975-ին տեղի ունեցավ առաջին սիրիական ռազմական միջամտությունը, իսկ ավելի ուշ` պատերազմի հետագա զարգացումներին զուգընթաց, սիրիական զորքերը ռմբակոծեցին որոշ քրիստոնեաբնակ թաղամասեր, ռազմական վերահսկողություն սահմանեցին Սիրիային սահմանակից հատվածներում, այդ թվում նաեւ մուսալեռցի հայերով բնակեցված Այնճար գյուղում:

Այս իրավիճակը շարունակվեց ընդհուպ մինչեւ 2006 թվականը, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւի միջոցով սիրիական բանակը դուրս բերվեց Լիբանանից, ինչը հաջորդեց Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանը, որի կազմակերպման եւ իրագործման մեջ սպանությունը հետաքննող միջազգային մարմինը մեղադրեց Սիրիայի իշխանություններին: Հարկ է նշել, որ միեւնույն տարում Իսրայելը հրթիռային հարձակումներ իրականացրեց Լիբանանի հարավային պաղեստինաբնակ հատվածների վրա:

Լիբանանից Սիրիայի զորքերի դուրս բերումը որոշակիորեն թուլացրեց Դամասկոսի դիրքերը ռազմական առումով, սակայն ոչ հետախուզության եւ անվտանգության մարմինների տեսանկյունից: Արեւմտյան պարբերականների պնդմամբ, Լիբանանում գործող սիրիացի գործակալներն այսօր էլ Դամասկոսին անմիջականորեն զեկուցում են երկրում տիրող իրավիճակի մասին, բացի այդ, Հեզբոլլահի քաղաքական մեծամասնություն ունենալու հանգամանքը Լիբանանը դարձնում է Սիրիայի առավել հավատարիմ հարեւանը, միաժամանակ մեծացնելով քաղաքացիական պատերազմի վերսկսման հավանականությունը Լիբանանում:

Սիրիայի շիական իշխանություն ունեցող մյուս հարեւանը` Իրաքը, ամերիկյան ներխուժումից հետո շարունակում է պայքարել հետպատերազմյան ճգնաժամի դեմ: Իրաքը, որ Սիրիայի եւ Իրանի միջեւ հնարավոր ֆիզիկական կապն ապահովելու տեսանկյունից առավել հարմար երկիրն է, սիրիական ճգնաժամում ակտիվ դերակատարություն չի ստանձնել, ինչը մասամբ պայմանավորված է ամերիկյան ներկայությամբ, ինչպես նաեւ պատմական ոչ վաղ անցյալի հիշողություններով:

Շարունակելի

Հետգրություն. Այս հակիրճ ակնարկ-վերլուծությունը նպատակ ունի ոչ մասնագիտական շրջանակներին ներկայացնել վերջին 100-ամյակի ընթացքում Սիրիայում տեղի ունեցած որոշ քաղաքական գործընթացներ` տարածաշրջանի արաբական պետությունների համատեքստում: Հայաստանյան արեւելագետները, պատմաբաններն ու քաղաքագետները այստեղ դժվար թե նորություններ գտնեն, սակայն Սիրիայում ներկայում ընթացող գործընթացներով հետաքրքրված լրագրողների եւ վերլուծաբանների համար կարող են արժեքավոր տեղեկություններ լինել: Նշենք նաեւ, որ հոդվածաշարը հրապարակվել է դեռեւս 2012 թ-ին «lragir.am» կայքում: