Մագյարների չստացված ինքնամաքրումը. լյուստրացիան Հունգարիայում

«Աստված իմ, հանգստություն բեր մեր ժողովրդին, որ տարել է անցյալի եւ ապագայի բոլոր մեղքերը»: Այս բառերով է ավարտվում 1989-ին անկախություն հռչակած Հունգարիայի երրորդ հանրապետության ազգային օրհներգը: Եվրոպայի սրտում գտնվող Ավստրոհունգարիայի կայսերական հիշողությամբ հուգարացիները, որոնք իրենք իրենց մագիար են անվանում, սլավոնական դոմինանտությամբ տարածաշրջանում առանձնանում են ինչպես տարբերվող ծագումնաբանությամբ, ազգային ինքնությամբ, այնպես էլ պատմության մի շարք էպիզոդներով: Եվրոպայի այս հատվածում ուգրոֆիննական լեզվաընտանիքին պատկանող մագիարները, լեզվամտածողությամբ շատ ավելի մոտ են ֆիններին եւ էստոնացիներին, քան անմիջական հարեւանությամբ բնակվող ավստրիացիներին, սլովակներին, ռումինացիներին կամ սերբերին: ԽՍՀՄ շրջանի վերարժեւորման եւ անցումային արդարադատության տեսանկյունից եւս, հունգարացիները տարբերվող փորձ ունեն, որը` լյուստրացիայի տեսանկյունից կարելի համարել ձախողված:

Ինչպես Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մյուս պետությունները, Հունգարիայում ԽՍՀՄ-ից անջատվելու գործընթացը սկսվեց 1989-ին, Լեհաստանում հունիսի 4-ին «Սոլիդարնոստ» շարժման ընտրություններում հաղթանակ տանելուց անմիջապես հետո: Ինչպես սոցիալիստական բլոկի մյուս երկրներում, Հունգարիայում եւս պետական կառավարումը կոմունիստների ձեռքում էր, 1956-ից ԽՍՀՄ ռազմական ստորաբաժանումների լուրջ ներկայությամբ: Այսպես, Լեհաստանում ժողովրդավարական ընտրությունների միջոցով նոր Խորհրդարանի ձեւավորումից 1 շաբաթ անց Բուդապեշտում բանակցություններ սկսվեցին անկախության ձգտող քաղաքական ուժերի եւ գործող կոմունիստական իշխանությունների միջեւ:

Նույն թվականի աշնանը, մինչ հեղափոխական գործընթացներ էին տեղի ունենում Չեխոսլովակիայում եւ Ռումինիայում, հունգարացիները բանակցում էին սահմանադրական ճանապարհով փոփոխությունների հասնելու շուրջ եւ եթե նշված երկրներում անկախացման գործընթացին զուգահեռ արդեն իսկ խոսվում էր լյուստրացիայի մասին, ապա Հունգարիայի պարագայում այս մասին ուղիղ քննարկումներ չեն ծավալվում: Ինչպես ավելի ուշ պիտի հայտարարի Հունգարիայի առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետ Ջոզեֆ Անթալը. «երբ վերջապես ընդունեցինք առաջին ամբողջապես նորացված Սահմանադրությունը (2011), չափազանց ուշ էր խոսել նախկին ռեժիմի ներկայացուցիչներին պետական կառավարման համակարգում ներգրավելը բացառելու մասին: Ավելին, այսպես կոչված նախկիններին պետական կառավարումից դուրս թողնելը Հունգարիայի քաղաքական օրակարգում երբեւէ չի եղել»:

Անցյալին, իսկ մասնավորապես խորհրդային տոտալիտար շրջանին իրավաքաղաքական գնահատական տալու հունգարական մոտեցումը, չնայած ֆորմալ առումով տեղի չունեցավ օրենքների միջոցով, այնուամենայնիվ առնաձնահատուկ մոտեցում դրսեւորվեց երկրորդ աշխարհամարտից հետո իր պատմության ամենաարյունալի իրադարձությանը: 1956 թվականին տեղի ունեցած ժողովրդական ապստամբությունը, որը հունգարացիները հեղափոխություն են անվանում, համաժողովրդական ճնշման արդյունքում Հունգարիայի ժողովրդական կուսակցությունը առժամանակ հեռացվեց իշխանությունից: Երկու շաբաթից ավելի տեւած ըստ էության անիշխանությունը կոշտ հակազդեցության արժանացավ Մոսկվայի կողմից: Բուդապեշտում սովետական տանկեր հայտնվեցին, քաղաքացիների եւ բանակի միջեւ բախումների հետեւանքով 2500 հունգարացի եւ 700 խորհրդային զինվոր զոհվեց: Տեղի ունեցածը անջնջելի հետք թողեց ոչ միայն հունգարացիների, այլեւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների սրտերում, ինչպես նաեւ հետագա 4 տասնամյակների համար հստակեցրեց անկախության եւ ազատության նկրտումների թույլատրելիության սահմանը:

Չնայած նրան, որ 1956-ի Բուդապեշտի արյունալի իրադարձություններում ներգրավվածներին պատժելու վերաբերյալ քննարկումները չէին դադարում, այս հարցը որոշվեց արտացոլել ընդհանրական ձեւակերպումներով, որոնք արտացոլվեցին երկրի Սահմանադրությունում, անկախությունից 20 տարի անց: Այսպես, Հունգարիայի մայր օրենքը հայտարարեց, թե մերժում է տոտալիտար համակարգի վերադարձը, տողատակերում նկատի ունենալով ԽՍՀՄ շրջանը, իսկ բռնությունների համար իրավական պատասխանատվության հարցը որակվեց ժամանակավրեպ` հաշվի առնելով հանցագործությունների վաղեմության ժամկետը, իսկ լյուստրացիա իրականացնելը` անիմաստ:

Հունգարական «լյուստրացիայի» թերեւս միակ հաջողված հատվածը կարելի է համարել կոմունիստական շրջանի ֆունկցիոներների եւ անվտանգության մարմինների աշխատակիցների անվանացանկի հրապարակումը: Այսուհանդերձ, գաղտնի ոստիկանության պարագլուխների եւ նրանց հետ համագործակցողների` այսպես կոչված ինֆորմանտների ցուցակները հնարավոր չեղավ հանրայնացնել: Պաշտոնական բացատրությամբ, այս ցուցակների մեծ մասը ոչնչացվել էին 1989-90թթ. տեղի ունեցող անցումային շրջանի բանակցությունների ընթացքում: Այսուհանդերձ, չնայած ցուցակների ոչ ամբողջական լինելու իրողությանը, ԽՍՀՄ շրջանի պետական անվտանգության ծառայության արխիվային նյութերը առանձնացվեցին: 2003-ին ընդունված օրենքի համաձայն, արխիվային նյութերից օգտվելու հնարավորություն ունեն գիտական հետազոտություն իրականացնող անձինք` հատուկ թույլտվությամբ, ինչպես նաեւ խորհրդային շրջանում ռեպրեսիաների ենթարկված անձանց հարազատները:

Հարկ է նշել, սակայն, որ 1994-ին` հենվելով տոտալիտար համակարգի վերադարձը բացառելու շուրջ հանրային կոնսենսուսի վրա, Հունգարիայի խորհրդարանը օրենք է ընդունում կարեւոր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վեթինգի ենթարկելու վերաբերյալ: Ձեւավորվում է դատավորներից բաղկացած հատուկ հանձնաժողով, որը վերահսկում է ապագա նախարարների, դատավորների, դատախազների, դեսպանների, բանակի եւ անվտանգության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման գործընթացը: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը հետաքննություն էր իրականացնում եւ եզրակացություն տալիս Խորհրդարանին նշված պաշտոններում նշանակվող անձանց, նախկին` տոտալիտար համակարգի հետ կապերի վերաբերյալ: Հանձնաժողովի եզրակացությունները, սակայն, բացառապես խորհրդատվական բնույթի էին եւ որեւէ իրավական հետեւանք չունեին: Դրանք սահմանափակվում էին հրաժարականի կոչերով, որոնց մեծ մասը որեւէ էական ազդեցություն չեն ունեցել պաշտոնատար անձանց հետագա գործունեության վրա: Վեթինգով զբաղվող այս հանձնաժողովի լիազորությունները դադարեցվեցին 2005 թվականին:

Այսպիսով կարելի է պնդել, որ հետխորհրդային Հունգարիայում լյուստրացիա ըստ էության տեղի չի ունեցել: Այս հանգամանքը ուղիղ կապ ունի անկախացումից հետո շուրջ 2 տասնամյակ նոր Սահմանադրություն չունենալու, ինչպես նաեւ անցումային շրջանում բանակցությունների չափազանց երկար ձգվելու իրողությամբ: Հունգարիայի ձախողված փորձը թույլ է տալիս պնդել նաեւ, որ հետհեղափոխական ժամանակաշրջանում որոշ ուղղություններով փոփոխություններ իրականացնելու արագությունը հաջողության միակ գրավականն է, հակառակ պարագայում դրանք անիմաստ, ժամանակավրեպ, իսկ որոշ դեպքերում անհնարին են դառում:

Ինձ համար աներկբա է, որ Հայաստանի նորանկախ պատմության նոր էջը բացած 2018-ի Թավշյա հեղափոխության հետագա հաջողությունը անմիջականորեն կապված է անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու հետ: Այս պարտականությունն ու պատասխանատվությունը առաջին հերթին Թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված ՀՀ 7-րդ գումարման լեգիտիմ Ազգային ժողովինն ու քաղաքական մեծամասնությանն է: Պետք է հստակ գիտակցել, որ նախորդ շրջանին իրավական եւ քաղաքական հստակ գնահատական տալը ուշացնելով, մենք անուղղակիորեն մեծացնում ենք անցյալի վերադարձի հավանականությունը:

Շարունակելի