Նովրուզ. «Նոր օրվա» հին ու նոր ավանդույթները

2019 թ.-ի մարտի 21-ին, Իրանում ու տարածաշրջանի մի շարք այլ երկրներում կնշվի Նովրուզ տոնը, որ կոչվում է նաև գարնանամուտի, գարնանային գիշերահավասարի տոն։ Տոնի անունը պարսկերենից բառացի թարգմանաբար նշանակում է «Նոր օր» և այն տոնելու օրը որոշվում է արևային շարժական օրացույցի միջոցով։ Միաժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նովրուզն ընդգրկել է ոչ նյութական համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում և մարտի 21-ը «Նովրուզի միջազգային օր» հռչակել։

Գարնանային զարթոնքի ու գյուղատնտեսական տարվա սկզբի հետ առնչվող այս տոնը հազարամյակների պատմություն ունի և կապվում է թե՛ իրանական զրադաշտական աստվածությունների մասին պատումների, թե՛ իրանական շահերի վարք ու բարքի հետ։ Իսլամի հետ տոնը առնչություն չունի, թեև Նովրուզը տոնողների մեծամասնությունն այժմ Իսլամի հետևորդներ են (այստեղից է ծագում տոնի ծագման մասին թյուրընկալումն ու այն իսլամական տոն անվանելու լրագրողական գայթակղությունը)։

Նոր օրն ու նոր տարվա սկիզբը խորհրդանշող այս տոնը տարածաշրջանի ժողովուրդները տարբեր կերպ են նշում. Հայաստանում տոնին առնչվում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների, ինչպես նաև մեր երկիր որպես զբոսաշրջիկ այցելող իրանցիների միջոցով։ Հաճախ խորհրդային հիշողության ու ռուսական մեդիայի ազդեցությամբ, մեզանում նույնպես տոնը կոչում են «Նովրուզ Բայրամ», այնինչ Բայրամը թուրքական բառ է, ու ինքնին տոն է նշանակում, և այդպես է անվանվում տոնը թյուրքախոս բնակչություն ունեցող երկրներում։ Մեր համաքաղաքացի քրդերի ու մեր երկիր այցելած իրանցիների մասին խոսելիս «բայրամ» բառի գործածությունը տեղին չէ, քրդերն ու իրանցիներն այն պարզապես Նովրուզ են անվանում։

Ի թիվս բարօրություն, բերքառատություն, բարեկեցություն ու երջանկություն խորհրդանշող յոթ պարտադիր բաղադրիչներ պարունակող և «Հաֆթ սին»  (յոթ «ս», սեղանն այդպես է կոչվում, քանի որ պարունակում է «ս» տառով սկսվող յոթ պարտադիր բաղադրիչ) կոչվող սեղանը գցելու, բարեկամներին այցելելու ու գերդաստանի մեծերին շնորհավորելու ավանդույթների, Նովրուզը տոնելու առանձնահատկություններից մեկն էլ ճամփորդելու ու նորանոր վայրեր բացահայտելու սովորույթն է։ Այդ սովորությունից ու ազատ օրերի հնարավորությունից օգտվելով՝ իրանցիների մի հատված էլ ընտրում է մեր երկիրը՝ որպես տոնը նշելու ու ոչ աշխատանքային, տոնական օրերը ուրախությամբ անցկացնելու վայր։

Հայաստանը իրանցիներին գրավում է իր համեմատաբար մոտ աշխարհագրական դիրքով, ազատ կացութաձևով, զվարճանքի օբյեկտների առատությամբ ու տաք եղանակով։ Հավելյալ գրավչություն են ապահովում նաև իրանցի այն երգիչ/երգչուհիների համերգները, որոնց արվեստը արգելված է Իրանի տարածքում և որոնց հետ հանդիպումը կազմակերպվում է Երևանում։ Հայաստան այցելող իրանցիների թվաքանակի վրա բացասական ազդեցություն են թողնում Իրանի ազգային արժույթի տատանումները, հաճախ արժեզրկումները, երկրի ընդհանւոր տնտեսական ոչ այնքան բարվոք վիճակը, ինչպես նաև, ցավոք, մեր, որպես հասարակության, մի շարք բարդույթները միջմշակութային հաղոդակցության բնագավառում։ Օտարին՝ որպես ասպատակող ու մեր երկիրը գրավել ցանկացող կերպարով պատկերող  մեր պատմական հիշողությունը հաճախ կաշկանդում է մեզ ավելի գրկաբաց, ավելի բարեհամբույր ու հյուրընկալ լինել՝ որպես երկիր, որպես հասարակություն ու ժողովուրդ։ Այնինչ, մեր հին ու նոր իշխանությունները տարիներ շարունակ զբոսաշրջությունը հռչակում են որպես տնտեսության գերակա ոլորտներից մեկը, և մեզ համար չափազանց կարևոր պիտի լինի ոչ միայն մեզ այցելած զբոսաշրջիկներին չվանելը, այլև զբոսաշրջիկների նորանոր ալիքներ գրավելը։

Այս վերջին նպատակին հասնելու համար, արժե ճանապարհային ցուցանակներին ավելացնել նաև պարսկերեն գրություններ, պարսկերեն քարտեզների ու ուղղորդող գրքույկների թիվն ավելացնել ու հասանելի դարձնել բոլոր այցելողներին (դրանք կարելի է բաժանել հենց Մեղրիի պետական սահմանի անցակետում ու Զվարթնոց օդանավակայանում), ուշադրության կենտրոնում պահել պարսկերենի իմացությամբ զբոսավարների, ինպես նաև սպասարկման այլ ոլորտներում աշխատողների որակավորումն ու նրանց՝ միջմշակութային հաղորդակցությանը, պարսից լեզվի հմտությունների զարգացումը, վերահսկել տաքսիների վարորդների պատշաճ ու պարկեշտ վարքը, իսկ զբոսաշրջության ապակենտրոնացումը ապահովելու համար տոնական միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում։

Մենք Նովրուզը չենք տոնում, թեև պատմականորեն նշել ենք գարնանամուտը, ավելին` ժամանակին Նոր տարին հաշվարկել ենք հենց գարնանային գիշերահավասարի օրվանից սկսած։ Եթե իրանցիները համարում են, որ Նովրուզ տոնելը իրանական մշակութային ազդեցության հետևանք է, մենք մեր այդ ավանդույթը արդիականացնելով կարող ենք այն ներկայացնել որպես հերթական մշակութային ընդհանրության ցուցիչ և, օրինակ, Գառնիում մեծ փառատոն կազմակերպելով համախմբել բոլոր նրանց, որ տոնում են գարնանամուտը՝ անկախ նրանից, թե ինչ անունով են կոչում այդ տոնակատարությունը կամ ինչ կրոնի են դավանում տոնը արժևորողները։ Բացի այդ, իրանցի երգիչ-երգչուհիների համերգներին կարելի է մեկ-երկու հայ կատարողների նույնպես ընդգրկել ու նրանց ճանաչելի դարձնել իրանական հսկայական շուկայի համար։ Կասեք՝ այդ ինչ մի գործիք է զբոսաշրջիկ գրավելու, կպատասխանեմ Մանսուրյանի բառերով՝ «մենք ավելին չենք, քան մեզ շրջապատող երաժշտությունը», ու երբ երաժշտությունն այդ մեզ հետ միասին դասական հնչյուններ կարձակի, այդժամ էլ կգրավենք դասական երաժշտություն լսող իրանցիների։