Քրդերը սիրիական ճգնաժամում

Ընդունված է համարել, որ Սիրիայի ազգային եւ կրոնական փոքրամասնությունները երկրում արդեն 7 տարի շարունակվող ճգնաժամի ընթացքում, կամ պահպանել են չեզոքություն, կամ էլ աջակցել են երկրի գործող իշխանություններին: Կարելի է արձանագրել, որ մինչ այս պահը այդպիսին է եղել երկրի քրիստոնյա արաբների, ասորիների ու հայերի, ինչպես նաեւ ալավիներից զատ` շիա եւ դրուզ մահմեդականների, չերքեզների եւ փոքրաթիվ այլ ժողովուրդների վարքագիծը: Իրավիճակը որոշակիորեն տարբերվում է սակայն Սիրիայի քուրդ բնակչության պարագայում, ովքեր վերջին 50 տարիների ընթացքում թերեւս այդ երկրի առավել ճնշված փոքրամասնությունն են եղել:

Սիրիայի թվաքանակով ամենամեծ փոքրամասնությունը կազմող քրդական համայնքը (շուրջ 10%) մեծամասամբ բնակվում է Թուրքիայի հետ սահմանակից հյուսիսային եւ Սիրիա-Իրաք հյուսիսարեւելյան սահմանային շրջաններում: Քրդական փոքրաթիվ միավորումներ կան նաեւ Հալեպում եւ Դամասկոսում: Տավրոսի լեռնաշղթայի ստորոտին տեղակայված առավել մեծ քրդական բնակչություն ունեցող Հասաքե նահանգի Ղամըշլի քաղաքում սուննի մահմեդական քրդալեզու (հիմնականում կուրմանջիախոս) ցեղերի ակտիվ ներգաղթ է նկատվել 20-րդ դարի ողջ ընթացքում: Այս հանգամանքը մասամբ պայամանվորված էր Թուրքիայի իշխանությունների կողմից երկար տարիներ քրդերի նկատմամբ վարած քաղաքականությամբ, ինչի արդյունքում տարածաշրջանի քրդալեզու ժողովուրդների հավաքական գիտակցությունն ու միասնական նպատակների սահմանումը տարեցտարի աճեցին:

Քուրդ բնակչության քաղաքակական աճին զուգահեռ մի շարք խնդիրներ առաջ եկան: Սիրիայում Բաաս կուսակցության իշխանության գալուց մեկ տարի առաջ` 1962-ին, երկրում իրականացված մարդահամարի արդյունքում Սիրիայում բնակվող շուրջ 120 հազար քրդերի տրվեց այսպես կոչված արտասահմանցու կարգավիճակ, ինչի արդյունքում ազգությամբ քուրդ այս արդեն նախկին քաղաքացիներին անձնագրի փոխարեն տրվեցին անձը հաստատող այսպես կոչված “կարմիր վկայականներ”: Ի դեպ 2011-ին սկիզբ առած սիրիական ճգնաժամի նախօրեին նման փաստաթուղթ ունեցողների թիվը հասնում էր 300 հազարի:

Սկսած 1970-ականներից պետական մակարդակով իրականացվում էր Հասաքեի քրդաբնակ շրջանների արաբացման գործընթացը, որտեղ քրդերին պատկանող հսկայական հողակտորներ ազգայնացվեցին եւ ապա տրվեցին արաբ ցեղապետերի: Դամասկոսը նաեւ ակտիվորեն աջակցում էր երկրի այդ շրջաններում արաբներով բնակեցման գործընթացին, դպրոցներում արգելվեց կուրմանջիի դասավանդումը, քուրդ ցեղապետերն անցան անվտանգության մարմինների խիստ վերահսկողության տակ:

Իրավիճակը փոխվեց 1990-ականների սկզբներին, երբ Սիրիայի քրդերին թույլատրվեց ծառայել Քրդական Աշխատավորական կուսակցության ռազմական ստորաբաժանումներում: Այս որոշումը սակայն չեղյալ համարվեց 1998-ին, երբ ստորագրվեց թուրք-սիրիական համատեղ անվտանգության մասին համաձայնագիրը: Արդյունքում Սիրիայի շատ քրդեր տեղափոխվեցին հյուսիսային Իրաք` մեծամասամբ Թուրքիայի դեմ զինյալ պայքարը շարունակելու նպատակով:

Մինչ ներկայումս ընթացող սիրիական ճգնաժամը քրդական գործոնը համարվում էր Սիրիայի առավել խոցելի եւ պայթյունավտանգ ներպետական խնդիրը: Թուրքիայում եւ Իրաքում բնակվող քրդական ցեղախմբերի ակտիվացմանը զուգահեռ, Սիրիայի քրդերը եւս քննարկում էին հեռանկարում առավել բարձր կարգավիճակով ինքնիշխանության, ոմանք նաեւ անկախ քրդական պետության ձեւավորման հնարավորությունը: 2003 թվականի իրաքյան պատերազմի արդյունքում, Իրաքի հյուսիսային Մոսուլի վիլայեթում քրդական ինքնավարության դե ֆակտո հաստատումից հետո իրավիճակն էլ ավելի սրվեց:

Մասնավորապես 2004 թվականին Սիրիայի քուրդ առաջնորդ շեյխ Մուհամեդ Մաշուք ալ-Խազնավիի սպանությունից հետո Ղամըշլիում տեղի ունեցան բողոքի բազմահազարանոց ցույցեր: Հանրահավաքների հետագա տարածումը դադարեցնելու Սիրիայի անվտանգության ուժերի փորձերի արդյունքում արյունալի բախումներ արձանագրվեցին Ղամըշլիում, որտեղ առաջին անգամ ավերվեց հայր Ասադի արձանը: Մեծաթիվ ձերբակալությունների եւ բանակայինների թվաքանակի ավելացման միջոցով Դամասկոսին հիմնականում հաջողվեց վերահսկողություն սահմանել Հասաքեի քրդաբնակ շրջաններում, սակայն հաջորդող տարիներին ավելացավ բախումների հաճախականությունը:

Քրդերի գաղտնի մայրաքաղաք անվանումը ստացած Ղամըշլիում, որտեղ ի դեպ մինչեւ հիմա 8000-ից ավելի քրիստոնյաներ են բնակվում, որոնց թվում մոտ 2000 կաթոլիկ հայեր, Նովրուզի ընթացքում իրականացվող խմբակային տոնակատարությունները Սիրիայի իշխանությունների կողմից դիտարկվում էին որպես նոր ապստամբություն սկսելու փորձեր, ինչի արդյունքում բախումներն ամենամյա բնույթ ստացան` մարդկային զոհերի եւ ձերբակալությունների դրսեւորումներով: Ի դեպ, Նովրուզի ընթացքում նույնատիպ բախումներ են արձանագրվում նաեւ Թուրքիայի քրդաբնակ հատվածներում: Թուրքիայի ներկայիս խորհրդարանի քուրդ պատգամավորների խոսքերով, եթե մինչ Արդարություն եւ Զարգացում կուսակցության իշխանության գալը քրդերի դեմ Նովրուզի ընթացքում ոստիկանական ուժեր էին կիրառվում, ապա այժմ երկրի հարավարեւելյան հատվածներում կանոնավոր բանակն է կանխում տոնակատարությունները:

Սիրիական ճգնաժամին նախորդած 10-ամյակը թերեւս կարելի էր դիտարկել որպես վերջին 100-ամյակի ընթացքում թուրք-սիրիական հարաբերությունների բարձրակետը: Արդարություն եւ Զարգացում կուսակցության իշխանության գալու հետո հարաբերությունները Սիրիայի հետ ընդգծված դրական բնույթ էին ստանում: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները տարին մի քանի անգամ այցելում էին Դամասկոս, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները կտրուկ աճ ապրեցին մաքսային քաղաքականության փոփոխման արդյունքում, Թուրքիան հեշտացրեց Սիրիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, քննարկումներ ծավալվեցին մինչ այդ ցավոտ համարվող տարածքային վեճերի շուրջ:

Այս գործընթացը նույնպես որոշակի ազդեցություն ունեցավ Սիրիայի իշխանությունների կողմից քրդերի նկատմամբ վարվող քաղաքականության կոշտացման հարցում: Ստեղծված իրավիճակում Սիրիայի քուրդ ցեղապետերը սկսեցին առավել ակտիվորեն համագործակցել Իրաքի քրդական առաջնորդների հետ` ստանալով նրանց աջակցությունը արեւմտյան պետությունների հետ քննարկումների ընթացքում: Հետագա բախումները կանխելու եւ Սիրիայի քրդերին աջակցելու նպատակով Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին ԱՄՆ-ի ղեկավարների միջոցով սպառնալիքներ էր հնչեցնում Բաշար ալ-Ասադի դեմ: Միաժամանակ, ոչ հրապարակավ խոսվում էր Սիրիայում հնարավոր քրդական ազգային օջախ ձեւավորելու հեռանկարի մասին, իսկ արդեն սիրիական ճգնաժամի օրերին մի շարք անգամներ հրապարակումներ հայտնվեցին առ այն, թե Հասաքեի քրդերը հայտարարել են ինքնիշխանության մասին, որոշ պնդումների համաձայն Իրաքի քրդական ինքնավարության հետ միասնական պետություն կառուցելու հեռանկարով: Դրանք սակայն անմիջապես հերքվեցին ինչպես Սիրիայի ցեղային առաջնորդների, այնպես էլ Բարզանիի կառավարության կողմից:

Սիրիական ճգնաժամի ընթացքում Թուրքիայի կողմից վարվող նոր` ըստ էության տարածաշրջանի երկրների շարքում առավել ագրեսիվ քաղաքականությունը, պատճառ դարձավ քրդերի հարցում Ասադի իշխանության կողմից լիովին տարբեր մոտեցումներ որդեգրելու համար: Ի սկզբանե երկրի հարավից ծագած բախումների հետագա տարածումից խուսափելու եւ առավել կազմակերպված խմբերից համարվող քրդերի աջակցությունը ստանալու նպատակով Ասադն անմիջապես սկսեց մինչ այդ քաղաքացիությունից զրկված 300 հազար քրդերին անձնագրերի տրամադրումը: Ավելի ուշ, երբ քաղաքացիական պատերազմը հասավ Հալեպ, Բաշար ալ-Ասադը որոշում կայացրեց դուրս բերել բանակը Հասաքեի շրջանից, ըստ էության տարածքի կառավարումը հանձնելով քրդերին, իսկ ավելի կոնկրետ Թուրքիայի դեմ արդեն շուրջ 20 տարի զինված պայքարի մեջ գտնվող Քրդական Աշխատավորական կուսակցությանը: