Սալոմե Զուրաբիշվիլիի այցին ընդառաջ. Նախընտրական խոստումներն ու Բաքվում արված հայտարարությունը

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շուտով այցելելու է Հայաստան: Թեև նախագահի աշխատակազմից հաստատել են լուրը, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշել: Նշվում է միայն, որ պաշտոնական այցը երկօրյա է լինելու: Նախագահի պաշտոնում սա Զուրաբիշվիլիի` Հայաստան կատարելիք առաջին այցն է լինելու:

2018 թվականի նախագահական ընտրությունները Վրաստանի պատմության մեջ մի շարք աննախադեպ արդյունքներ գրանցեցին. Վրաստանում առաջին անգամ տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, երկրում առաջին անգամ կին նախագահ ընտրվեց, նախկին և նորընտիր նախագահները ընտրություններից հետո հանդիպեցին միմյանց և այլն: Հատկանշական է նաև, որ նախագահի 3 հիմնական թեկնածուները Սաակաշվիլիի կառավարության արտգործնախարարներ էին` ընդդիմադիրներ Գիորգի Վաշաձեն և Դավիթ Բաքրաձեն, նախագահ դարձած Սալոմե Զուրաբիշվիլին:

Ծնունդով Ֆրանսիայից Զուրաբիշվիլին մինչեւ 2003 թևականը ֆրանսիացի դիվանագետ է եղել: Աշխատել է աշխարհի ֆրանսիական մի շարք դիվանագիտական առաքելություններում, իսկ 2003-2004 թվականներին հանդիսացել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանը: Վարդերի հեղափոխությունից հետո Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Զուրաբիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել, ապա նշանակվել որպես երկրի արտաքին գործերի նախարար: Ընդամենը մեկ տարի անց Զուրաբիշվիլին հեռանում է պաշտոնից` միանալով ընդդիմությանը: Սաակաշվիլիի կառավարությունը Զուրաբիշվիլիին մեղադրեց Խորհրդարանն անարգելու ու նախարարությունում առկա խախտումների մեջ: 2016 թվականին Թբիլիսիի Մթածմինդա շրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ըտրվել: Ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրություններին Զուրաբիշվիլին մասնակցում էր որպես անկախ թեկնածու, սակայն ակնհայտորեն վայելում էր իշխող «Վրացական երազանքի» աջակցությունը:

Հատկանշական է, որ նախընտրական շրջանում և դրանից հետո Զուրաբիշվիլիին ներկայացնում էին որպես հայամետ գործիչ, հիշատակվում էին նրա կապերը հայերի հետ Ֆրանսիայում եւ այլն: Ինքը նախագահի թեկնածուն, նախընտրական շրջանում ջավախահերի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, թե Սաակաշվիլիին քաղաքացիություն էր շնորհում թուրքերին, իսկ ինքը` նախագահ ընտրվելու դեպքում, երկքաղաքացիություն ստանալու հնարավորություն կտա: Բացի դրանից, ազգությամբ հայ քաղաքացիների մոտ շրջանառության էր դրվել Զուրաբիշվիլիի ընտանիքի ազգությամբ հայ բժշկի մասին տեղեկություններ, շրջանառության մեջ էր Զուրաբիշվիլիի ծնողների` Ազնավուրի հետ «պարելու» մասին պատմությունները: Արդյունքում հայաբնակ Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջանների ընտրողների մեծ մասը, ըստ պաշտոնական տվյալների, նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերում քվեարկեցին Զուրաբիշվիլիի օգտին: Այսպիիսով, նախագահական ընտրությունների առաջին փուլում Ախալքալաքի շրջանից Զուրաբիշվիլին ստացել էր ընտրողների 59, 46, իսկ Նինոծմինդայի շրջանից` 59.16 տոկոսի աջակցությունը, իսկ երկրորդ փուլում համապատասխանաբար 63.66 ու 64.07%:

Զուրաբիշվիլիի` երկքաղաքացիության վերաբերյալ հայտարարությունը բավականին մեծ արձագանքի արժանացավ: Վրաստանում ընդդիմությունը, իսկ մասնավորապես «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցություններն ու քաղաքացիական հասարակության մի մասը նախագահի թեկնածուին մեղադրեցին ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ: Այս ամենի հետ մեկտեղ,  ընդամենը ամսիներ անց, Բաքու կատարած այցի ժամանակ, Զուրաբիշվիլին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Վրաստանն ու Ասրբեջանը վերապրում են նույն ողբերգությունները` մեր երկու երկրների տարածքները բռնազավթած են»: «Azertac» լրատվականի հետ զրույցի ժամանակ Վրաստանի նախագահը ավելացրեց. «հույս ունեմ, որ երկու երկրների տարածքային ամբողջականությունը կվերականգվի»:

Այս հայտարարությունը մեծ արձագանք ստացավ հայկական տիրույթում, միաժամանակ նախագահը քննադատության արժանացավ հենց Վրաստանում: Այսպես, օրինակ, նախկին արտգործնախարար Իրակլի Մենառարիշվիլին հայտարարեց, որ դա չմտածված հայտարարություն է և խորհուրդ տվեց այսուհետ զգույշ լինել նախքան Լեռնային Ղարաբաղի մասին խոսելը:

Անդրադառնալով թեմային Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին դատապարտեց Զուրաբիշվիլիի հայտարարությունը` ընգծելով, որ նախագահը կարող էր խոսել միայն Ռուսաստանի բռնազավթման մասին. «Իսկ երբ օգտագործում ես «բռնազավթում» (օկուպացիա) տերմինը, ապա դիպչում ես հայ-ադրբեջանական հարաբերություններին, որտեղ մենք պետք է առավելագույս հավասարակշռված լինենք:»

Ժամանակին, երբ Միխեիլ Սաակաշվիլին նախագահ ընտրվեց, տարածաշրջանում իր առաջին այցը դեպի Ադրբեջան էր: Այնտեղ նա գրեթե նույն հայտարարությունն էր արել. «Մեզ միավորում է մեկ խնդիր` անջատողականությունը: Այս տեսանկյունից միջազգային իրավունքը Վրաստանի և Ադրբեջանի կողքին է և վաղ թե ուշ երկու երկրների տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- 2004 թվականի մարտի 6-ին հայտարարել էր այն ժամանակ նորընտիր նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Երկու երկրների նախագահները ընդգծեցին նաեւ, որ «տարածքային ամողջականությունը վերականգնելու համար աջակցելու են միմյանց»:  Ադրբեջան կատարած այցից հետո Սաակաշվիլին ուղևորվեց Հայաստան` երկօրյա պաշտոնական այցով:

Ավելի ուշ, արդեն նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին տարածաշրջանում իր առաջին պաշտոնական այցը կատարեց Հայաստան: Մարգվելաշվիլին հանդիպել էր ՀՀ նախագահին և կառավարության անդամներին, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդին: Վերջինիս հետ հանդիպումից հետ, նախագահը նաև հանդիպել էր պատանեկության տարիների իր ընկերոջը` Ռոբերտ Աբրահամյանին: Հիշեցնենք, որ Մարգվելաշվիլին նրա հետ ծանոթացել էր հենց Էջմիածնում, խորհրդային տարիներին զիինվորական ծառայություն անցնելու տարիներին: