Սերունդ և հեղափոխություն

2018-ի հեղափոխությունը ոչ միայն իշխանափոխություն էր, այլև փաստացի սերնդափոխություն: Հարցը միայն «իշխանության գալը» չէ: Շատ ավելի մեծ ու լայն պատասխանատվություն ընկնում է մի ամբողջ սերնդի վրա՝ բովանդակություն ստեղծելու, երկիր կառուցելու, ավելցուկով ստեղծելու…:

Եվ նորից՝ սա վերաբերում է ոչ միայն նոր կառավարությանը կամ նրա աջակիցներին, այլ բոլորին՝ այդ թվում ընդդիմադիրներին և քննադատներին: Նոր բան կա՞ ասելու և անելու, թե՞ կրկնելու ենք արդեն ասվածն ու արածը՝ առանց մեծ հավակնությունների: Համահո՞ւնչ ենք լինելու այն՝ որքան էլ զարմանալի է ոճով և մտածողությամբ խորապես պահպանողական աշխարհին, որում ապրում ենք (պահպանողականը գաղափարախոսություն չէ, այլ համոզվածություն, որ բոլոր կարևոր ճշմարտություններն ու բոլոր կարևոր մեխանիզմները գտնված են, կան, և հարցը միայն դրանք ճիշտ կերպով օգտագործելն է), թե՞ ականջալուր ենք լինելու դեռ անորոշ նորի, փոփոխության քամիներին, որոնք փչում են ապագայից՝ աշխարհի համար և Հայաստանի համար:

Կենսաբանական և պատմական սերունդները

Ամեն կենսաբանական սերունդ չի, որ դառնում է նաև պատմական սերունդ՝ պատմություն ստեղծող, իր հետքն ու ժառանգությունը թողնող, իր շեշտված անհատականությունն ունեցող: Սերունդներ կան, որոնք հանգամանքների բերմամբ, անցնում-գնում են առանց լուրջ ժառանգության: Նրանք էլ աշխատում են, ստեղծում են, իրենց ավանդն են ունենում, բայց այս ամենն ավելի ընթացիկ կերպով, արդեն ստեղծված ձևերի և բովանդակությունների մեջ մանրամասներ ավելացնողների, ավելի իրավիճակի մեջ ապրողների քան իրավիճակներ ստեղծողների դերում: Այստեղ սերունդը մնում է զուտ կենսաբանական, չի դառնում հանրային, պատմական երևույթ և կարևորվում են առանձին անհատները, այլ ոչ թե սերնդի հավաքական անհատականություն-դիմանկարը:

Սերունդներ կան, որոնք ստեղծում են ավելցուկով, մի քանիսի փոխարեն, որոնք հիմնադրում են գաղափարներ, համակարգեր, մեխանիզմներ տասնամյակների և դարերի համար, հավելյալ արժեք են արտադրում: Այստեղ ամեն առանձին անհատականություն է՛լ ավելի վառ է, միմյանց հետ ընկերությունն ու միմյանց հանդեպ թշնամության աստիճանն է՛լ ավելի բարձր է, բայց բոլորը միասին մեկ՝ հավաքական անհատականություն են՝ անշփոթելի մյուսների հետ:

Սերունդներ կան, որոնցից հազիվ մեկ-երկու կարևոր անուն է մնում որպես հիշատակ, և սերունդներ կան, որոնք աստղաբույլեր են և գալակտիկաներ:

Մի Աճառյան, մի Կոմիտաս, մի Մանանդյան և «բազում այլք» միայնակ մի ամբողջ ինստիտուտների գործ են անում: Սրանք բոլորը մեկ սերունդ են, և բոլորն առանձին-առանձին վառ «աստղեր են»: Նման սերունդ մենք այլևս չունեցանք, և ոչ թե որովետև հիմա «պայմաններն են ուրիշ», «ավելի դժվար է» (ինտերնետի դարում ավելի դժվա՞ր), այլ որովհետև այլ է էպոխայի ընդհանուր ոճը, մթնոլորտը:

Ընտրության սահմանները և անցյալի իրականությունը

Ընդհանրապես, ապրում ենք միջավայրում, որի մեծ մասը մենք չենք ստեղծել, ոչ էլ դրա սահմանների մասը մենք ենք ընտրել, այլ դրանք ժառանգած են նախորդների գործերով և ընտրությամբ: Ընտրության իրավունքը, հնարավորությունն այս առումով պատրանք է: Ո՛չ անհատը, ո՛չ էլ նույնիսկ ամբողջ սերունդը՝ որքան էլ ազատ, մեծ և ստեղծագործ, չի կարող գործել բացարձակ ազատության մեջ տրված ժառանգությունից, այլև՝ տրված ընտրություններից դուրս: Ավելին՝ ազատության տարածքը շատ ավելի փոքր է, քան սահմանվածի:

Շատ կարևոր է իրապես հասկանալ, որ այս առումով պատմության, անցյալի «անցած» լինելը մեծագույն պատրանքներից է: Անցյալը՝ ժառանգական կապը շատ ավելի կենդանի, իրական և ներկա է, քան մեր «այսօրը», «ամեն օրը» իր թվացյալ բացարձակությամբ, բայց իր իրական ակնթարթությամբ, անցյալի և ապագայի միջև մի աննշմարելի վայրկյան լինելով: Հնարավոր չէ հենց այնպես, ուզելով միայն, փոխել միջավայրը կամ փախչել անցյալում կատարված լավ ու վատ ընտրություններից:

Օրինակ, ունենք հայկական այբուբեն, որով գրում ենք: Մենք չենք ընտրել առանձին այբուբեն ունենալը, ոչ էլ դրա ձևը: Դա մի ընտրություն է, որն արել են մեզնից 1600 տարի առաջ ապրած մարդիկ, որոնց հետ մենք թվում է որևէ ընդհանուր կապ չունենք: Բայց, մենք ապրում ենք այդ ընտրության հետևանքներում՝ անկախ նրանից դուր է գալիս դա մեզ թե ոչ, և շատ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որում կարողանանք հրաժարվել դրանից: Սա մեկ օրինակ է, բայց այդպիսի օրինակները՝ ազգային, թե համամարդկային ծավալի տասնյակ են, այնքան շատ են, որ ընտրության հնարավորությունը հասցնում են նվազագույն մի քանի տոկոսի:

Կան և այլ՝ ավելի դինամիկ տիպի ընտրությունների օրինակներ, որոնցում ապրում ենք: 1988-ին հայերի մի սերունդ ընտրեց Ղարաբաղը Հայաստանին միացնելու համար պայքարը: Սա մի ընտրություն է, որը մեր սերունդը չի կատարել: Նաև՝ մի ընտրություն է, որը դեռ վերջնականապես չի կայացել իր արդյունքով, դեռ դինամիկ է, շարունակվում է: Մեր, գուցե և հաջորդ սերունդներն այստեղ դեռ պայքարելու, գործելու, մտածելու բան ունեն: Բայց մի սահման կա, որն արդեն գծված է, և հետ շրջել հնարավոր չէ: Հնարավոր չէ այսօր հրաժարվել այդ ընտրությունից, փախչել դրանից, «փոշմանել»՝ նույնիսկ, եթե պարզվի, որ դա սխալ ընտրություն էր: 1987 թ.-ի վիճակ այլևս հնարավոր չէ: Ոչ էլ հնարավոր է ուզածդ պահին «լուծել» հարցը, և խաղաղ ապրել: Մեկ անգամ գծած վիճակը, կատարված վճիռն այլևս անշրջելի է: Եթե մեր ավագ սերունդը հռչակել է «պայքար, պայքար մինչև վերջ», իսկ «մինչև վերջը» նշանակում է անխտիր բոլոր միջոցներով՝ բացարձակ պայքար, ապա դրանով ոչ միայն իր, այլև մեր փոխարեն է ընտրություն կատարել:

Երկրներն՝ իրենց առավելություններով և թերիներով հենց այդպես են ձևավորվում, դառնում ինքնություններ և անհատականություններ՝ սերունդների ստեղծագործությամբ և ընտրությամբ: Կա սահման՝ կամ մարդիկ հասկանում են, որ իրենք ապրում են և առաջնորդում են կոնկրետ երկիր՝ կոնկրետ անհատականությամբ, գործում են պատմության մեջ, ուր անցյալի, ներկայի և ապագայի սահմանները պայմանական են, կամ մարդիկ պատերացնում են, որ երկիրը մի վերացականություն է, մի անուն միայն, և բավական է միայն կուրորեն փոխառել մի քանի պատրաստի և «ճիշտ» մեխանիզմ, աշխատացնել դրանք ու դառնալ «նորմալ տեղ»: Սա միակ հիմնարար քաղաքական և հանրային բաժանումն է, մնացածը փոփոխականներ են: Չկա օդի մեջ սավառնող ինչ-որ Հայաստանի Հանրապետություն, որը պարզ չի, թե ինչով է տարբերվում Վրաստանից, Ֆրանսիայից կամ Պապուայից: Կա դարերի մեջ ապրող Հայաստան, և Հանրապետությունը ոչ թե պարզապես ժառանգն է անցյալում եղած «Հայաստանների», այլ հենց ինքը դարերի մեջ միևնույն Հայաստան անունով պատմական անհատականությունն է, և որ դա ավելի հիմնարար և էական է, քան բոլոր փոփոխվող ժամանակները:

Ներկայից անբավարարությունը պատմական սերնդի հատկանիշ

Պատմական են դառնում այն սերունդները, որոնք երկու՝ առաջին հայացքից իրար հակասող միտում են կարողանում «բռնացնել»:

Մի կողմից՝ բնազդական կամ գիտակցված կապն անցյալի, ժառանգականության հետ, մեծ ժամանակի մեջ գործելու կամքը:

Մյուս կողմից՝ ժառանգության, անցյալի կենդանի ընկալումը՝ ժառանգությունը մահանում է, երբ դառնում է թանգարան՝ անձեռնմխելի, մեռած կարծրատիպ: Պատմական սերունդը նա է, որը կամք և կարողություն ունի լայնացնելու ազատության իր սահմանները, նոր բովանդակություն ավելացնելու, միայն սահմանվածով չգործելու:

Իրականում երկուսի մեջ հակասությունը չկա:

Ստեղծագործելու կամք ունենալու, ապագայի, դարերի, հաջորդների հեռանկարից գործելու, մեծ ժամանակի մեջ ապրելու և աշխատելու համար, պետք է նախ ունենալ ներկայի, այսօրվա պայմանականության, անցողիկության, փոփոխելիության ապրումն ու գիտակցությունը: Ապագան կենդանի պատկերացնելու, վերապրելու, դեպի նորը ձգտելու համար պետք է ընդհանրապես ժամանակի կենդանի, դինամիկ զգացողություն, հետևաբար նաև անցյալի կենդանության, անցած չլինելու, անընդհատության ապրում և գիտակցություն:

Ապագան կերտվելիք պատմությունն է՝ այն կերտել ուզենալու համար, պետք է սիրել և հասկանալ անցյալի պատմությունը: Եթե մեկն ապրում է այն հավատքով, որ ներկան մարմնավորում է բացարձակ ճշմարտությունները, որ ներկայում են մարմնավորվել մարդկության փնտրած կատարելիությունները, որ հետևաբար մնում է միայն փոքր մանրամասների և դետալների վրա աշխատել՝ մնացածը գտնված և ստեղծված է, բնական է այդ մեկը ո՛չ որպես անհատ, ո՛չ որպես սերունդ չի կարող ունենալ առաքելություն, ասելիք էականի մասին և անելիք դարերի համար: Պատմական սերունդի հոգեբանական հիմքը նախ ներկայից խորապես անբավարարվածություն զգալն է, ներկայի անկատար լինելու սուր վերապրումն է: Եվ ոչ միայն ազգային, այլև համաշխարհային ներկայի (ազգային ներկա որպես այդպիսին չկա էլ և չի կարող լինել՝ դա մասն է համաշխարհայինի, ինչպես ազգային պատմությունը):

Այս հարցերն, ուրեմն, դրված են այսօր մեր սերնդի առաջ:

Բացասական և դրական ծրագիրը՝ ի՛նչ չանելն ու ի՛նչ անելը

Հայաստանի նոր պատմության մեջ գրեթե ամեն սերունդ ունեցավ իր հեղափոխությունը: 1880-1920-ականների հայկական ազատագրական պայքարը՝ Հայկական հեղափոխություն էր կոչվում իր ժամանակին: Սովետական Հայաստանը պաշտոնապես հեղափոխական էր: 1988-ից սկսած Ղարաբաղյան շարժումը արևելաեվրոպական թավշյա հեղափոխությունների շարքին են դասում: Այդ հեղափոխությունն իրացրած սերունդը ստեղծեց այսօրվա անկախ Հայաստանն իր լավուվատով: 2018-ին այդ սերունդը՝ Ղարաբաղյան շարժմամբ իշխանության եկածը, հեռացավ: Եկավ հաջորդ սերնդի ժամանակը:

Նոր Հայաստան ասելը հեշտ է, հռչակել նորությունը հեշտ է: Ավելի բարդ է քննություն հանձնել պատմության առաջ: Մեծ-մեծ խոսելուց բացի կկարողանա՞նք գոնե նախորդ սերնդի չափով երկիր պահել, էլ չեմ ասում կառուցելու մասին: Կկարողանա՞նք առնվազն սխալները չկրկնել, էլ չեմ ասում՝ «ճշտերի» մասին: Նման բաները հայտարարելով չեն լինում: Մեզնից պակաս «տղերք ու աղջիկներ» չեն եղել նրանք, ում պատմական ջանքը ցայսօր հակասական է գնահատվում, պակաս լուսավոր, կիրթ ու հույսեր ներշնչող սերունդ չեն եղել նրանք, ում վրա ընկել է նախորդ շրջանների պատասխանատվության բեռը:

Երբ ասում ենք սերունդ, հեղափոխություն, դա չի վերաբերում միայն նրանց, որոնք հեղափոխությունը ողջունել են: Հակադրվողները նույն սերունդն են ու նույն պատասխանատվության տակ են՝ ոչ թե կառավարության, այլ ավելի մեծ մի բանի տակ: «Հակահեղափոխությունը» լինում է միայն հեղափոխության հետ զույգի մեջ: Ժամանակակիցների համար Նժդեհն ու Մյասնիկյանը բացարձակ թշնամիներ էին, հետնորդներիս համար իրար հետ թշնամացած Նժդեհը, Մյասնիկյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Շահան Նաթալին նույն սերունդն են՝ նույն «ծննդյան խալերով»:

Եթե պատկերացնենք, որ գործն ավարտվում է միայն բացասական ծրագրով՝ չանել այն «վատ բաները», որոնք արել են նախորդները՝ չգողանալ, չկեղծել և այլն, կամ եթե պատկերացնենք, որ գործն ավարտվում է նրանով, որ պետք է պատճենենք «աշխարհում» եղած «ճիշտ մեխանիզմները», նաև սրբությամբ կիրառենք բոլոր օրենքները, ու մնացած ամենը կլինի ինքն իրենով, եթե նպատակ դնենք դառնալ «նորմալ երկիր», այսինքն՝ սահմանված նորմատիվներով, ձևերով կառավարվող, ապա, նվազագույնը, ինչ կարելի է ասել նման սերնդի մասին այն է, որ դա հաստատապես հեղափոխական չէ, այլ խորապես պահպանողական է, որ չունի հատուկ առաքելություն, ասելիք և անելիք, և որ հաստատապես առաջնորդող չէ իր որակներով, այլ սոսկ կառավարող եղածն ու համակարգող:

Պատմական սերունդը նա է, որ ստեղծում է ավելցուկ, գեներացնում է բովանդակություն, որն ավելին է, քան զուտ այսօր օգտագործելիքը, կուտակում է էներգիա, որն օգտագործվելու է իր հեռանալուց հետո էլ: Պատմական սերունդն առաջնորդող է

Իմաստների վերաիմաստավորումը

Այսօր Հայաստանն ապրում է իմաստների մեջ, որոնք առաջարկվել են 80-90-ական թթ.-ին: Հարցը միայն այդ սերունդից իշխանություն ժառանգելը չէ: Իրական նորը կլինի միայն, երբ վերաիմաստավորվեն իմաստները: Մեծ սերունդները վերցնում են նախորդներից, բայցև արմատապես վերաիմաստավորում ժառանգությունը, համարձակություն են ունենում վերանայել այն, ինչ աքսիոմ է թվացել: Նրանք գործում են որպես ժառանգության բնիկ տերեր՝ հետևաբար ազատ են զգում իրենց պահպանել, դեն շպրտել, վերանորոգել, զրոյից նորը ստեղծել ըստ տիրոջ ազատ հայեցողության: Նա, ով չի զգում իր կենդանի կապն անցյալի հետ, չունի նաև այդ ազատությունը: Նա, ով ընդունում է իր ժամանակը որպես ժառանգական չընդհատվող շղթա, նա ոչ միայն ունի այդ ազատությունը, այլև պարտավոր է անընդհատ վերանորոգում և վերարժեվորում անել:

Պատմական քննությունը հաջողությամբ կհանձնենք միայն այն դեպքում, եթե բացի ձևերի վերահաստատումից կարողանանք որպես սերունդ գեներացնել բովանդակություն, կառուցել և վերակառուցել: