Շարունակվող էսկալացիա Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ. ի՞նչ է տեղի ունենում

Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վիճելի համարվող Քաշմիրի շուրջ հակամարտությունը տեւում է 40 տարուց ավելի: Ներկայում միջուկային կարողություններ ունեցող երկու պետությունների միջեւ առավել արյունալի բախումները տեղի են ունեցել 1971-ին` 10 հազարից ավելի զոհերով: Այս տարվա փետրվարի 26-ին հնդկական ռազմական օդանավերը խախտեցին Պակիստանի սահմանը, ինչը վերջին 15 տարիների ընթացքում այս գերտերությունների միջեւ էսկալացիայի բարձրակետը դարձավ: Հնդկաստանի այս քայլը պատասխան էր փետրվարի 14-ին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության, ինչի արդյունքում 40 հնդիկ ոստիկան էր սպանվել: Ի դեպ, չնայած նրան, որ ինքասպան ահաբեկիչը քաշմիրցի մահմեդական էր, գործողության համար պատասխանատվություն էր ստանձնել Պակիստանում գործող մահմեդական «Ջեյշ ալ Մուհամադ» խմբավորումը:

Հնդկաստանի կտրուկ պատասխանը ներքաղաքական ենթատեքստ եւս ունի, հաշվի առնելով այն իրողությունը, որ երկրում նախընտրական շրջան է: Գործող վարչապետ Նարենդա Մոդին, ով այդ պաշտոնում է ընտրվել 5 տարի առաջ, իր հենասյունն է համարում հինդու ընտրազանգվածին, մինչդեռ մեկ միլիարդից ավելի բնակչություն ունեցող Հնդկաստանի մահմեդական համայնքը կազմում է երկրի բնակչության ընդամենը 14%-ը: Հարկ է նշել, որ աշխարհի բնակչությամբ ամենամեծ ժողովրդավարական երկիրը համարվող Հնդկաստանում համապետական ընտրությունները տեւում են շուրջ մեկ ամիս: Սա պայմանավորված է հարյուր միլիոնավոր ընտրողների մասնակցությունը տեխնիկապես ապահովելու հանգամանքով:

Քաշմիրյան հակամարտության տարբեր փուլերում էսկալացիան մեծամասամբ հաջորդել է համանման ահաբեկչական գործողություններին: Այսպես 2001-ին` Դելիում, 2002-ին եւ 2008-ին` Բոմբեյում տեղի ունեցած հարձակումները նախապատերազմական վիճակի էին հասցրել կողմերին, իսկ 2016-ի սեպտեմբերին, երբ պակիստանյան «Ջեյշ ալ Մուհամադ»-ի հարձակման արդյունքում 19 հնդիկ զինվորական սպանվեց, արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Մոդիի որոշմամբ Քաշմիր ուղարկվեցին հնդիկ հատուկ ջոկատայիններ: Այս վերջին միջադեպին Դելիի պատասխանը աննախադեպ էր իր մասշտաբով, երբ հնդկական ռազմաօդային ուժերը ոչ միայն Քաշմիրի հետ շփման գիծը հատեցին, այլեւ ըստ էության ներխուժեցին Պակիստանի Բալակոտ նահանգի օդային տարածք եւ ռմբակոծեցին Հնդկաստանի պնդմամբ «Ջեյշ ալ Մուհամադ» խմբավորման հավաքատեղին` մայրաքաղաք Իսլամաբադից ընդամենը 100 կմ հեռավորության վրա:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը խոստացավ համաչափ եւ կոշտ հակահարված տալ` պնդելով, թե Հնդկաստանի նմանատիպ վարքագծի արդյունքում կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել: Այս հայտարարությանը հետեւեցին մի քանի կետային ռմբակոծություններ: Մոդին իր հերթին հայտարարեց, թե իրենք պատերազմ սկսելու նպատակ չունեն, ինչի արդյունքում չեն թիրախավորելու պակիստանյան ռազմակայաններն ու բնակավայրերը: Այսուհանդերձ, Պակիստանի հակաօդային ուժերը խոցեցին հնդկական մի օդանավ, որի օդաչուն գերեւարվեց: Երկու երկրների սահմանային ծառայությունները արտակարգ ռեժիմի հրահանգ ստացան, Պակիստանը փակեց իր օդային տարածքը, մինչդեռ Դելիում ականատես եղանք մետրոպոլիտենի եւ հանրային նշանակության վայրերում անվտանգության աշխատակիցների ավելացման եւ ռեժիմի բարձրացման: Արեւմտյան դեսպանատներից որոշներն իրենց աշխատակիցներին մայրաքաղաքի մարդաշատ տարածքներում չհայտնվելու ցուցում տվեցին, կոչեր եղան որոշ դիվանագիտական առաքելությունների տարհանման վերաբերյալ:

Ստեղծված լարված իրավիճակում Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կոչ արեց անցնել դիվանագիտական լեզվի, նշելով, որ հնարավոր էսկալացիան կարող է կործանարար լինել հաշվի առնելով երկու երկրների միջուկային կարողությունները: Այս տեսանկյունից Պակիստանը փոքր առավելություն ունի, ինչը ներառում է մինչեւ 70 կմ հեռահարությամբ միջուկային հրթիռները: Հնդկաստանը, որը Մոդիի օրոք հնգապատկել է ռազմական բյուջեն, ռազմական հագեցվածության տեսանկյունից սպառնում է «նոր ասելիք»-ով: Դելին նաեւ ակտիվացրել է ռազմածովային ուժերը, որտեղ Հնդկաստանը կարող է առավելություն ունենալ: Լարված այս իրավիճակում Հնդկաստանի, Չինաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները ահաբեկչության դեմ պայքարում ուժերը համատեղելու վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդամենը հայտարարել է, թե հույս ունի, որ իրավիճակը կկայունանա:

Հաշվի առնելով առաջիկա երկարատեւ ընտրական շրջանը Հնդկաստանում, չի բացառվում, որ մարտ ամիսը կարող է ռազմական նոր էսկալացիաներով ընթանալ: Ռազմատենչ հռետորաբանությունը վստահաբար չի նահանջելու առաջիկա շաբաթներին, մինչդեռ տարածաշրջանային շահերի հակասության պակաս եւս չկա: Խոշոր խաղացողներից Չինաստանը վերջին տարիներին ակտիվացրել է հարաբերությունները Պակիստանի հետ, ինչպես ներդրումներով, այնպես էլ ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից: Իր հերթին ԱՄՆ-ն Հնդկաստանի հետ հարաբերությունների դրական միտումներ ունի, սակայն նոր պատերազմը կարող է հետաձգել տարածաշրջանից ամերիկյան բանակի դուրսբերման Թրամփի ծրագրերը: Մարտի 5-ին Վաշինգտոնը հայտարարեց, թե կարող է դադարեցնել Հնդկաստանի` ԱՄՆ-ի հետ գոյություն ունեցող արտոնյալ առեւտրային պայմանները, ինչն անուղղակի ճնշում է ընտրությունների պատրաստվող վարչապետ Նարենդա Մոդիի վրա:

Լուսանկարը` «Reuterts»-ի