Սիրիական ճգնաժամի պատմական ակունքը, Մաս 1

Ստորեւ ներկայացվող փաստագրական հակիրճ ակնարկ-վերլուծությունը նպատակ ունի ոչ մասնագիտական շրջանակներին ներկայացնել վերջին 100-ամյակի ընթացքում Սիրիայում տեղի ունեցած որոշ քաղաքական գործընթացներ` տարածաշրջանի արաբական պետությունների համատեքստում: Հայաստանյան արեւելագետները, պատմաբաններն ու քաղաքագետները այստեղ դժվար թե նորություններ գտնեն, սակայն Սիրիայում ներկայում ընթացող գործընթացներով հետաքրքրված լրագրողների եւ վերլուծաբանների համար կարող են արժեքավոր տեղեկություններ լինել: Նշենք նաեւ, որ հոդվածաշարը հրապարակվել է դեռեւս 2012 թ-ին «lragir.am» կայքում:

Թե որքան երկար կտեւի Սիրիայում արդեն 7 տարի տեւող ճգնաժամը` դժվար կանխատեսելի է: Ի սկզբանե բողոքի խաղաղ ցույցերով սկիզբ առած գործընթացն արագորեն տեղափոխվեց զինված ապստամբության եւ ապա քաղաքացիական պատերազմի ու տարածաշրջանային խաղացողների շահերի բախումների թատերաբեմի:

Զերծ մնալով ապագայի հնարավոր զարգացումների շուրջ գնահատականներ տալուց, գործընթացների ներկայիս ընթացքը անհրաժեշտ ենք համարում դիտարկել պատմական ենթատեքստում: Այսպես, առաջին աշխարհամարտի ավարտին` Օսմանյան կայսրության փլուզումից հետո կնքվեց ֆրանս-բրիտանական հայտնի համաձայնագիրը (Սայքս-Պիկո), որի միջոցով Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան միմյանց միջեւ բաժանեցին արաբական աշխարհի մեծ մասը: Նաեւ այս համաձայնագրի արդյունքում ձեւավորվեցին մինչ այդ գոյություն չունեցող այնպիսի պետություններ, ինչպիսիք են Լիբանանն ու Հորդանանը:

Մերձավոր Արեւելքի 20-րդ դարի պատմությունը տարածաշրջանի քաղաքական քարտեզի միջոցով դիտարկելու պարագայում հեշտությամբ կարելի է նկատել, որ Արաբական թերակղզու եւ Սիրիայի սահմանակից պետությունների սահմանագծերի որոշումը գծագրական քանոնի միջոցով արհեստականորեն ստեղծված բաժանարարներ են, որոնք մեծամասամբ հաշվի չեն առել տարածքի ժողովուրդների քաղաքական, կրոնական, ազգային, լեզվական եւ մի շարք այլ առանձնահատկություններ: Քաղաքական սահմանների այս պատկերը ձեւավորվեց առաջին աշխարհամարտի հաղթող գաղութատերերի կողմից, եւ ապա մեծամասամբ նույն սահմանային տրամաբանությամբ էլ շարունակվեց Համաշխարհային Երկրորդ պատերազմից հետո:

Սիրիայի Արաբական Հանրապետությունը 1946 թվականի Ֆրանսիայի գաղութատիրական մանդատի ավարտից հետո անկախացման թերեւս ամենաարյունալի ճանապարհն է անցել: Անկախության առաջին տասնամյակում երկրում 20-ից ավելի խորհրդարան փոխվեց, միջկրոնական եւ միջէթնիկ բախումները շարունակական բնույթի էին: Արաբական առաջին` Օմայան Խալիֆայության (661-ից 750թթ.) ֆիզիկական եւ քաղաքակրթական ժառանգորդները ժողովրդագրական, կրոնական, ազգային եւ քաղաքական ներկայիս պատկերով պետականություն ձեւավորեցին հսկայական մարդկային զոհերի գնով:

Ավելի ուշ, երբ հստակեցվեցին Սառը պատերազմի խաղի կանոնները, Սիրիան որդեգրեց սոցիալիստական ճամբարին հարելու դիրքորոշումը, ինչը համընկավ Հաֆեզ Ասադի իշխանության գալուն, ով դեռեւս 1960-ականներին ռազմական շրջանակներում լուրջ հեղինակութուն էր ձեռք բերել, իսկ արդեն 1971-ին դարձավ Սիրիայի նախագահը: Չնայած նրան, որ սոցիալիստական Իրաքը նույնպես դիտարկվում էր որպես ԽՍՀՄ դաշնակից, սակայն կարելի է պնդել, որ հենց Սիրիան էր հանդիսանում Խորհրդային Միության առավել հավատարիմ դաշնակիցը տարածաշրջանում, ինչն ըստ էության շարունակվեց նաեւ միության փլուզումից հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Ներկայում ընթացող սիրիական ճգնաժամի մի կողմի` կառավարամետ ուժերի հավաքականությունը, բացի էթնոկրոնական հանգամանքներից, ապահովվում է նաեւ տարիներ շարունակ կիրառված` “Սիրիան Իսրայելի միակ հակակշիռն է արաբական աշխարհում” գաղափարի քարոզչությամբ: 1967 թվականի 6-օրյա պատերազմից հետո, երբ Սիրիան կորցրեց վերահսկողությունը Գոլանի բարձունքների 4 գյուղերի նկատմամբ, հակաիսրայելական հռետորաբանությունը դարձավ երկրի ներքին քաղաքական շահարկումների հիմնական գործիքներից:

Արդեն 1978 թվականին, երբ արաբական մեկ այլ հսկայի` Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը համաձայնեց կնքել Քեմփ Դեյվիդի հաշտության պայմանագիրը (ինչի համար ի դեպ վճարեց սեփական կյանքով), որով ըստ էության ճանաչեց Իսրայել պետությունը` փոխարենը ստանալով պատերազմի արդյունքում կորցրած Սինայ թերակղզին, Սիրիան դարձավ արաբական աշխարհի պետական մակարդակով Իսրայելի ամենալուրջ ախոյանը:

Սահմանադրորեն ալավիական պետություն սահմանած Հաֆեզ Ասադը ներքին ճգնաժամային իրավիճակներ կառավարելու լուրջ փորձ ուներ: Դեռեւս 1982-ին Ասադի կողմից ճնշվեց երկրում ահագնացող մահմեդական ծայրահեղականների` Մուսուլման Եղբայրների շարժումը Համա քաղաքում: Կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց, զոհերի եւ ձերբակալվածների թվաքանակն անցավ տասնյակ հազարներից:

Սիրիան աշխարհիկ պետության մոդելով կառավարելու գաղափարախոսությունից զատ, հայր Ասադը արաբական միասնության հայտնի ջատագովներից էր, որի կողմից խրախուսվող “Միասնական արաբ ժողովրդի նպատակը նույնական է” կարգախոսը երկրում շարունակվեց կիրառվել նրա մահվանից (2000 թ.) հետո եւս, երբ իշխանության եկավ երկրի ներկայիս նախագահ Բաշար ալ Ասադը:

Սակայն արաբական միասնության մասին կոչերի ու հայտարարությունների համար լուրջ մարտահրավերներ կային դեռեւս 1970-ականներից ի վեր: Մի կողմից Լիբանանում 1975 թվականին սկիզբ առած եւ մինչեւ 1989-ի Թայիֆի համաձայնագիրը տեւած քաղաքացիական պատերազմը, որտեղ առավել կարեւոր դերակատարությունը հենց Սիրիայինն էր, մյուս կողմից Իրան-Իրաքյան 10-ամյա պատերազմը, որի ընթացքում Սիրիան անթաքույց կերպով աջակցում էր Իրանին: Այս եւ տարածաշրջանում ընթացող մի շարք այլ գործընթացներ թուլացրեցին Դամասկոսի համաարաբական կոչերի ներգործությունը, համենայնդեպս արաբական այլ երկրների ժողովուրդների ընկալումների տեսանկյունից:

Միաժամանակ միջարաբական հակասություններն ակնհայտ էին եւ են նաեւ Ծոցի արաբական երկրների հետ հարաբերություններում: Սառը պատերազմի տարիներին պետական կարգի շուրջ տարբերվող գաղափարաբանությամբ շղարշված հակասությունները խորքում ունեին եւ ներկայում էլ ունեն կրոնական բաղադրիչ: Իսլամի շիական, իսկ ավելի կոնկրետ իսմաիլականությունից առաջացած ալավիական հարանվանության իշխանությունը սուննի մեծամասնություն ունեցող Սիրիայում ձեռնտու չէ ներկայիս արաբական աշխարհի մի շարք խաղացողների, ինչի վառ վկայություններից է քաղաքացիական պատերազմում առավել հրապարակային դերակատարություն ունեցող Սաուդյան Արաբիայի եւ Կատարի վարքագիծը:

Շարունակելի