Թավշյա անցումային արդարադատություն, կամ լյուստրացիա չեխական ձեւով

2019-ին Չեխիան տոնում է իր Թավշյա հեղափոխության 30-ամյակը: Այս կապակցությամբ հոկտեմբեր ամսին Պրահայում երկօրյա խոշոր միջոցառում է նախատեսվում, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից քաղաքական, քաղաքացիական, փորձագիտական, լրագրողական եւ այլ շրջանակներից 100-ավոր մասնակիցներ են լինելու: Արդեն նախկին Չեխոսլովակիայում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը համարվում է առավել հաջողվածներից, հաշվի առնելով դրա ընդգծված ոչ բռնի բնույթը: Այսուհանդերձ, այս հեղափոխությունից երեք տասնամյակ անց երկրում շարունակվում են ակտիվ քննարկումները Չեխիայում կայուն ժողովրդավարական ինստիտուտների շարունակականության եւ պետական մոդելի փիլիսոփայության շուրջ: Ստորեւ, սակայն, քննարկելու ենք Թավշյա հեղափոխության արդյունքում անկախության հասած Չեխիայում հետհեղափոխական շրջանում լյուստրացիան որպես անցումային արդարադատության գործիք կիրառելու որոշ կառուցվածքային եւ իրավական ասպեկտներ:

Հարկ է նշել, որ լյուստրացիայի գործընթացը սկսվել է դեռեւս Չեխոսլովակիայում, մինչեւ այս երկուսի` Չեխիայի եւ Սլովակիայի միմյանցից առնաձնանալը, որը` ի դեպ, կարելի է համարել ԽՍՀՄ մայրամուտի օրերին քաղաքակիրթ ապահարզանի բացառիկ օրինակ, հաշվի առնելով կայսրության փլուզման ընթացքում միջէթնիկ արյունալի հակամարտությունների առկայությունը մեր` հարավկովկասյան տարածաշրջանից սկսած մինչեւ Չեչնիա, Մոլդովա, Կոսովո, նախկին Հարավսլավիա եւ այլն: Արձանագրենք նաեւ, որ Թավշյա հեղափոխության չեխ-սլովակյան ընթացքը զուգորդվում էր անմիջական հարեւանությամբ եւ բուն ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցող մի շարք այլ գործընթացների հետ, որոնցից շատերը ցավոք չկարողացան խուսափել բռնության դրսեւորումներից:

Այսպես ուրեմն, հեղափոխությունից երկու տարի անց` 1991-ին եւ 92-ին, Չեխոսլովակիայում լյուստրացիայի մասին միմյանց հաջորդող 2 օրենք ընդունվեց, որ հետո պիտի մեծ եւ փոքր անվանումները ստանան: Ինչպես Լեհաստանի պարագայում, 1-ին` մեծ օրենքով սահմանվում է մարդկանց այն կատեգորիաները, որոնց գործունեությունն արգելվում է պետական մի շարք կառույցներում, այդ թվում` բանակում, անվտանգության մարմիններում, Սահմանադրական դատարանում, պետության կառավարման ներքո գտնվող մի շարք ինստիտուտներում: Բացի Կոմկուսի բարձրաստիճան պաշտոնյաներից, այս ցանկում են ներգրավվում նաեւ օրինակ տարբեր բուհերի ուսանողական կառույցների` ուսխորհուրդների նախագահներ, ընդհուպ մինչեւ դպրոցների բարձր դասարանների կուսակցական օղակների անդամ հանդիսացած պատանիներ: Լյուստրացիայի 2-րդ` փոքր օրենքը վերաբերում է բացառապես Ներքին գործերի նախարարությանը` ոստիկանությանը եւ քրեակատարողական հիմնարկներին:

Պրակտիկ տեսանկյունից ի՞նչ են նշանակում այս օրենքները եւ ինչպես են դրանք կիրառվում: Լյուստրացիայի մասին 2 օրենքները գործում են նույն կերպ, դրանց հիմնական նպատակն է դառնում վերահսկել երկրի կառավարման անկյունաքարային պաշտոններում կոնկրետ անձանց նշանակման ընթացքը: Մասնավորապես, 1991-92թթ. նշված պաշտոններում նշանակվելու համար պոտենցյալ թեկնածուն ենթարկվում էր վեթինգի, որի արդյունքները արտացոլվում էին երկու հիմնական փաստաթղթերում` այսպես կոչված լյուստրացիայի սերտիֆիկատում եւ անձնական հայտարարագրում: Լյուստրացիայի սերտիֆիկատը հստակեցնում էր. արդյո՞ք անձը հանդիսացել է ԽՍՀՄ շրջանի գաղտնի ոստիկանության աշխատակից, կամ` համագործակցել այդ կառույցի հետ: Անձնական հայտարարագրում անձը ինքն է նկարագրում իր ունեցած առնչություններն ու կապերը խորհրդային շրջանի պետական ապարատի հետ:

Նշված սերտիֆիկատը տրվում էր ՆԳՆ-ի կողմից` հենվելով հետխորհրդային հատուկ ծառայության արխիվի վրա, որն էլ իր հերթին գտնվում է Չեխիայի ազգային անվտանգության ծառայության` տոտալիտար ռեժիմների ուսումնասիրությունների ինստիտուտում: Ուշագրավ է, որ նշված ընթացակարգով վեթինգի է ենթարկվել մինչեւ կես միլիոն մարդ, որոնցից ընդամենը 5%-ի վերաբերյալ է բացասական եզրակացություն տրվել եւ որոնց գործունեությունը պետական համակարգում արգելվել է: Սակայն, արձանագրվել են նաեւ առանձին դեպքեր, երբ անձը դատական կարգով վերականգնվել է պետական ծառայությունում` կասկածի տակ դնելով լյուստրացիայի համար ներկայացված փաստաթղթերի իսկությունը: Ինչպես Լեհաստանի պարագայում, Չեխիայի խորհրդային արխիվներում պահվող «фальшивка»-ներ եւս կան:

Ի սկզբանե այս օրենքներն ընդունվում են 5 տարի ժամկետով եւ գործում մինչեւ 1996-ը, ինչից հետո Կենտրոնական Եվրոպայի արդեն երկու պետությունները տարբեր որոշումներ են կայացնում: Չեխիայի խորհրդարանը, որտեղ` ի դեպ, այդ շրջանում դեռեւս երկրի նախագահն էր Թավշյա հեղափոխության հայտնի ղեկավար Վացլավ Հավելը եւ որը դեմ էր օրենքը շարունակելուն, այնուամենայնիվ որոշում է երկարաձգել լյուստրացիայի կիրառությունը, մինչդեռ Սլովակիան այն չեղարկում է ամբողջությամբ: Չեխիայի պարագայում օրենքը շարունակում է գործել մինչեւ 2000 թվականը, իսկ դրա ժամկետի ավարտից հետո ուժի մեջ է համարվում առաջին` 1991-ի կարգավորումը:

Չեխիայի եւ Սլովակիայի լյուստրացիոն ընթացքի տարբերություններն ու խորհրդային տարիների պաշտոնյաների պետական համակարգում մասնակցությունը բացառելու հաջողությունը դժվար է գնահատել: Այսպես, օրինակ, 2017 թվականից Չեխիայի վարչապետ դարձած Անդրեյ Բաբիշը, ով ծնունդով Սլովակիայից է, սերում է սլովակ-գերմանական դիվանագետի ընտանիքից, հանրային տարածքում եւ մամուլում բազմիցս մեղադրվել է կոմունիստների եւ մասնավորապես ՊԱԿ-ի հետ համագործակցության մեջ: Բաբիշի պաշտոնական կենսագրությունում կարդում ենք, որ 1970-80-ականներին նա աշխատել է Սլովակիայի խոշորագույն Չեմապոլ Բրատիսլավա պետական առեւտրային կառույցում, այդ թվում դրա պաշտոնական ներկայացուցիչը հանդիսացել Մարոկկոյում: Տաղանդավոր գործարարի համբավ ունեցող Բաբիշի կարողությունը ներկայում մի քանի միլիարդ դոլար է գնահատվում:

Ընդհանուր առմամբ լյուստրացիայի միջոցով անցումային արդարադատություն իրականացրած չեխ-սլովակյան ճանապարհը համարվում է հեղափոխության անվանմանը համահունչ` թավշյա լյուստրացիա: Գործընթացն առավելապես նպատակ ուներ բացառել տոտալիտար համակարգի վերադարձը, մինչդեռ լյուստրացիայի միջոցով կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության, առանձին ապօրինությունների դեմ պայքարն ի սկզբանե օրակարգում չի եղել: Այս տեսանկյունից լյուստրացիայի չեխական մոդելը կարելի է համարել մի կողմից առավել բաց եւ թափանցիկ, մյուս կողմից` ոչ ամբողջական ու մեղմ: Չեխիայի արխիվներն ըստ էության ամբողջապես բաց են եւ, ի տարբերություն հարեւան մի շարք պետությունների, դրանք ուսումնասիրելու համար բարդ բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնելու անհրաժեշտություն չկա: Զուգահեռաբար, անցումային արդարադատության տեսանկյունից, նախկինում տեղի ունեցած հանցագործությունների համար պատժի կիրառում լյուստրացիայի միջոցով չի իրականացվել: Չեխերն ու սլովակները սահմանափակվել են կոմունիստական շրջանի պաշտոնյաների գործունեությունը անկախացումից հետո սահմանափակելով:

Ուշագրավ մի փաստ. Վացլավ Հավելի ղեկավարած Թավշյա հեղափոխությունից հետո, արխիվները բացելուն եւ լյուստրացիայի օրենքը քննարկելուն զուգահեռ հայտարարվում է, թե մինչ տեղի էր ունենում հեղափոխությունը հատուկ ծառայության արխիվներից նյութեր են «կորել»: Հայտարարվում է նաեւ, որ «կորած» նյութերի շարքում է նորանկախ Չեխիայի նախագահ` հեղափոխական Վացլավ Հավելի անձնական գործից որոշ մասեր (1989-ի դեկտեմբեր) որոնք մինչ օրս չեն գտնվել: Օրինաչափ է, թերեւս, որ փոփոխությունների դեմ հանդես եկող հակահեղափոխականները նման հակասական լուրերի շուրջ դավադրության տեսություններ կառուցելով պիտի փորձեն կասկածի տակ առնել հեղափոխության լեգիտիմությունը, ինչին հակազդելու միակ ճանապարհը առավելապես բաց ու թափանցիկ գործելն է: Այս իմաստով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԱԾ-ից նյութեր անհետանալու մասին հայտարարությանը պետք է պարտադիր հետեւի մանրամասն բացատրություն, թե կոնկրետ ինչ նյութերի մասին է խոսքը, եւ ինչ պարզեց այս ուղղությամբ իրականացված, կամ իրականացվող ծառայողական քննությունը:

Լուսանկարում խորհրդային շրջանի ռեպրեսիաների ենթարկվածների հիշատակի հուշարձանն է Պրահայում

Շարունակելի