Ուշացած ապաշխարություն. լյուստրացիան Ռումինիայում

1989 թվականին Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում հեղափոխությունների տեղատարափ էր: Խորհրդային պերեստրոյկայի բերած որոշ ազատություններն այս տարածաշրջանում վերածվեցին ազգային- ազատագրական, ապա շղթայական ռեակցիայով նաեւ անկախության համար պայքարի: Լեհական «Սոլիդարնոստ»-ի, Չեխոսլովակիայի Թավշյա հեղափոխության ռումինական տարբերակը թերեւս ամենաարյունալին էր: Ռումինիայում, որն այս պետությունների շարքում վերջինն անախություն հռչակեց, իշխանափոխության արդյունքում մահապատժի ենթարկվեց Կոմկուսի գլխավոր քարտուղար Նիկոլա Չաուշեսկուն եւ նրա կինը` Ռումինիայի առաջին փոխվարչապետ` Էլենա Չաուշեսկուն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարշավյան պակտի երկրներից ԽՍՀՄ գաղտնի ծառայությունների ներկայության եւ գործունեության տեսանկյունից առավել խորը արմատներ ունեցողը հենց Ռումինիան էր, լյուստրացիայի շուրջ քննարկումները անկախության առաջին տարիներին չնայած քաղաքական օրակարգում էին, սակայն օրենքի տեսք չստացան: Այսպես, ռումինական հեղափոխության մայրաքաղաք Տիմիշոարայում, 1990-ի մարտին ընդունված հռչակագրի (Տիմիշոարայի հռչակագիր) 8-րդ կետում լյուստրացիան արձանագրվում է որպես կոմունիզմի շրջանը գնահատելու կարեւոր միջոց, սակայն այս փուլում` մնում թղթի վրա: Միեւնույն տարվա մայիս ամսին, ընտրությունների արդյունքում իշխանության է գալիս հեղափոխությունն իրականացրած Ազգային փրկության ճակատ շարժումը, որն ընտրություններից հետո կուսակցություն է դառնում: Ժողովրդավարական բարեփոխումների օրակարգով խորհրդարանում հայտնված խումբը երկու տարի անց կիսվում է` ձեւավորելով մինչ օրս Ռումինիայում գործող երկու հիմնական քաղաքական ուժերը` Սոցիալ-դեմոկրատական եւ Ազգային-ազատական կուսակցությունները:

Հետխորհրդային շրջանի փոփոխությունները Ռումինիայում զուգակցվում էին արեւմտյան կառույցների հետ ինտենսիվ ինտեգրացիոն գործընթացներով: Այսպես 2004-ին Ռումինիան անդամակցեց Հյուսիսատլանտյան Դաշինքին (ՆԱՏՕ), իսկ 2007-ին` Եվրամիությանը: Ինտեգրացիոն գործընթացներին զուգահեռ իրականացվող ժողովրդավարական, տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների լայն օրակարգերով միմյանց հաջորդող կառավարությունները, սակայն, լուրջ արդյունքներ չարձանագրեցին սոցիալական քաղաքականության տեսանկյունից: Կոռուպիայի եւ աղքատության ցուցանիշներով Ռումինիան տարածաշրջանի մյուս պետությունների համեմատ բացասական դիրքերում է, ուստի լյուստրացիան որպես այս ուղղությամբ փոփոխությունների հասնելու անցումային արդարադատության գործիք իրավաքաղաքական քննարկումների կիզակետում հայտնվեց միայն 2006-ին:

Ռումինիայի Սենատի կողմից ընդունված լյուստրացիայի մասին օրինագիծն ի սկզբանե մերժվեց Պատգամավորների պալատի կողմից եւ ընդունվեց միայն 4 տարի անց` 2010-ին: Օրենքը նախատեսում էր ժամանակավորապես կասեցնել պետական ծառայությունում գտնվող այն անձանց լիազորությունները, որոնք 1946-ից 1989-ը ժամանակահատվածում կոմունիստական ռեժիմի մաս էին հանդիսացել: Այսուհանդերձ, խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչվեց եւ ապա եւս երկու տարի տեւած քննարկումներից հետո` ԽՍՀՄ փլուզումից շուրջ 20 տարի անց միայն ընդունվեց: Լյուստրացիայի հիմնական կողմնակիցներն էին Ռումինիայի հեղափոխականները, որոնցից շատերի համոզմամբ օրենքն այնքան ուշացած էր, որ դրա ազդեցությունը երկրի հետագա զարգացման վրա էական ազդեցություն ունենալ չէր կարող:

Այսուհանդերձ, ի՞նչ է ենթադրում ռումինական լյուստրացիան: Օրենքի վերջնական տարբերակը սահմանում է հետեւյալը. խորհրդային տարիներին բարձր պետական պաշտոն զբաղեցրած, գաղտնի ոստիկանության եւ անվտանգության մարմիններում աշխատած, կամ դրանց հետ համագործակցած անձանց արգելվում է` 5 տարվա ընթացքում մասնակցել տեղական ինքնակառավարման եւ համապետական ընտրություններին, ներգրավվել դատական համակարգում, բանակում, անվտանգության մարմիններում: Լյուստրացիայի ենթարկված անձանց շարքում էին նախկին Կոմկուսի նախարարների խորհրդի անդամներից, մինչեւ կուսակցության քարտուղարներ, հրատարակչությունների տնօրեններ, քարոզչական գործունեությամբ զբաղված անձինք: Օրենքի ընդունման պահին պաշտոն զբաղեցնողների հարցում կարգավորումը հետեւյալն էր. ընտրովի պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել մինչեւ մանդատի ժամկետի լրանալը, որից հետո միայն 5 տարվա արգելքը ուժի մեջ է մտնում, մինչդեռ նշանակովի պետական պաշտոնյաներին տրվում էր 3 ամիս ժամանակ:

Ուշացած համարվող այս լուծումը, սակայն, լայն քննադատության է ենթարկվում քաղաքական բոլոր ուժերի կողմից: Լյուստրացիայի կողմնակից հեղափոխականների համոզմամբ այն չափազանց մեղմ է եւ չի ներառում կոմունիզմի շրջանի մի շարք առանցքային պաշտոնյաների, ինչի արդյունքում մինչ օրս, նախկիններից շատերը պետական համակարգում անկյունաքարային դիրքեր են զբաղեցնում: Ընդդիմախոսների պնդմամբ, օրենքը դեմ է ժողովրդավարական արժեքներին, ժամանակավրեպ է եւ ընդունվել է կոնկրետ պաշտոնյաների չեզոքացնելու նպատակով: Զուգահեռաբար, հաշվի առնելով այն իրողությունը, որ լյուստրացիան վերաբերում է մինչեւ 1989 թվականը տեղի ունեցածին եւ դրանից 20 տարի անց կիրառվում է մարդկանց վրա, որոնք հեղափոխությունից ի վեր պաշտոններ են զբաղեցնում, իսկ ԽՍՀՄ շրջանի ռումինական արխիվային նյութերի` առանձին անհատներին վերաբերող հատվածները, կամ` դժվար մատչելի են, կամ` փակ են, կամ էլ պաշտոնական տեղեկատվության համաձայն ոչնչացվել են, ապա օրենքն ըստ էության անիմաստ է:

Այսպիսով կարելի է պնդել, որ Ռումինիայի պարագայում ուշացած լյուստրացիան որպես իրավակաքաղաքական գործիք օբյեկտիվորեն ոչ էֆեկտիվ է, սակայն անցյալի վերարժեւորման, ինքնամաքրման, հանրային համերաշխության եւ հաշտեցման տեսանկյունից այն այնուամենայնիվ կարեւոր է: Տոտալիտար անցյալի դերակատարներին պետական կառավարումից թեկուզ ժամանակավորապես հեռացնելու ճանապարհով արդարության հաստատման փորձ է արվում, որը դիտարկվում է որպես բարոյականության նոր նշաձող սահմանելու եւ համանման ռեժիմի վերադարձը կանխելու միջոց:

Այսօր, երբ Հայաստանը նշում է իր անկախության 28-րդ տարեդարձը, խոսել խորհրդային շրջանի հնարավոր լյուստրացիայի մասին թերեւս անիմաստ է, եթե ոչ` անհնար: Սակայն առավել քան արդիական է հենց այդ շրջանի վերաբերյալ հստակ եւ ճշգրիտ պատմաքաղաքագիտական գնահատական տալը: Եթե Արեւելյան Եվրոպայում եւ հարեւան որոշ պետություններում ԽՍՀՄ տարիները օկուպացիա է որակվել, ապա մեր պարագայում սա եղել է գաղութատիրության ժամանակաշրջան: Ի դեպ, Ռուսաստանի եւ ԱՊՀ շատ երկրների գիտական ու փորձագիտական, այդ թվում նաեւ պետական ակադեմիական շրջանակներում շատերն են խորհրդային շրջանը կոլոնիալիզմ որակում: Համոզված եմ, որ մեր երիտասարդ պետության այս կարեւոր շրջափուլում անցյալին անկեղծ ու անաչառ գնահատական տալով ենք կարողանալու միայն ապագայի տեսլական նախանշել, եթե դա անգամ նշանակում է, որ պետք է ընդունել նախկինում ինչ-որ մեկի գաղութը եղած լինելու իրողությունը:

Շանունակելի