Վրաստան. Նոր կառավարություն` հին դեմքերով

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց: Ներկայում երկրի խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Վրացական երազանք» կուսակցության` 2012 թվականից իշխանության եկած թվով 4-րդ վարչապետ Բախտաձեն հրաժարականի մասին հայտարարեց Facebook-յան իր էջում ծավալուն գրառումով: Հրաժարականի պատճառը հետևյալն է.

«2018 թվականին Վրաստանիվ վարչապետի պաշտոնում իմ առաջադրման նպատակը և հիմնական մանդատը երկրի համար ռազմավարական զարգացման շրջանակի ստեղծումն ու իրականացումն էր, որը կապահովեր առաջիկա տարիներին մեր պետական նպատակների իրագործումն ու երկրի զրգացման ուղեցույցը կդառնար: Զարգացման ռազմավարական շրջանակը ստեղծված է և, հետևաբար, պաշտոնից հեռանալու մասին որոշում եմ կայացրել, քանի որ, կարծում եմ, որ իմ առաքելությունն այս փուլում կատարել եմ»: 

Թեև, սա անակնկալ որոշում չէր: Արդեն վաղուց խոսվում էր այն մասին, որ վարչապետի պաշտոնում «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին տեսնում է հենց Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Դեռևս 2018 թվականին, երբ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց, լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ է նշանակվելու հենց «իշխանության ողնաշարը»` Գախարիան: Սակայն, հանրության համար անսպասելիորեն, կուսակցության քաղխորհուրդը վարչապետի պաշտոնում առաջադրեց Վրաստանի երկաթգծերի նախկին տնօրեն, ֆինանսների նորանշանակ նախարար (նշանակվել էր ընդամենը 7 ամիս առաջ) Մամուկա Բախտաձեին: Այդ ժամանակ Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը Բախտաձեի անունն առաջին անգամ էր լսում: Այսպես` ամերիկյան IRI կազմակերպության հետազոտության համաձայն (2018 թվական), հարցվածների 55 տոկոսը երբեք չէր լսել Մամուկա Բախտաձեի մասին: Նրա աշխատանքի հանդեպ դրական գնահատական էր ունեցել հարցվածների ընդամենը 9 տոկոսը, մինչդեռ 22-ը` բացասական:

Մամուկա Բախտաձեն, վարչապետի պաշտոնում առավելապես կրթության ոլորտին էր անդրադարձել: Նրա հեղինակած` «Կրթություն. ճանապարհ դեպի ազատություն» ծրագիրը, սակայն այդպես էլ թղթին մնաց: Փորձագետները պնդում են, որ Բախտաձեն որևէ իրական ազդեցություն չի ունեցել ո՛չ կառավարության և ո՛չ էլ իշխանության վրա: Դրա վառ օրինակներից է թերեւս այն, որ հունիսի 20-ին Թբիլիսիում սկիզբ առած բողոքի պոռտքման ժամանկ, մինչ ոստիկանությունը կսկսեր ցրել ցույցը (որը սկիզբ էր առել այն պատճառով, որ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, «Ուղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի» շրջանակներում նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին), Բախտաձեն րոպեներ առաջ ուղիղ եթերում հայտարարել էր, թե «ռետինե փամփուշտները և այլ հատուկ միջոցները «Վրացական երազանքի» ձեռագիրը չի եղել և չի լինի»: Սակայն, վարչապետի պաշտոնում, Բախտաձեից հետո, «Վրացական երազանքը» ներկայացրեց հենց նույն ռետինե փամփուշտներ կիրառելու հրաման արձակողին` ներքին գործերի արդեն նախկին նախարար Գիորգի Գախարիային:

Ներքին գործերի նախարարների կառավարություն

Վրաց գործադիրում մի շարք այլ փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, ներքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրվեց Պետական անվտանգության ծառայության պետ, Բիձինա Իվանիշվիլիի անձնական անվտնագնության նախկին ղեկավար, Ներքին գործերի նախկին նախարար Վախտանգ Գոմելաուրին, պաշտպանության նախարարի պաշտոնում` նախկինն վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Իսկ ՊՆ Լևան Իզորիան, շուտով կնշանակվի անվտանգության խորհդի քարտուղար և հետախուզական ծառայության պետ: Ուժայինները, Վրաստանի անկախությունից ի վեր, շարունակում են մնալ իշխանության հենասյունը: Այդպես էր նաև Միխեիլ Սաակաշվիլիի և Էդուարդ Շևարդնաձեի օրոք, իսկ մինչ այդ, ինչպես հայտնի է, տարբեր ռազմական խմբավորումներ, հեղաշրջման ճանապարհով Վրաստանում իշխանություն փոխեցին, սպանվեց երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:

Տեղի ունեցածը վրաց հասարակության մոտ «դե ժա վյու» առաջացրեց: 2011 թվականի մայիսին թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո, Վրաստանի վարչապետ նշանակվեց երկրի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին: Նշանակումից ամիսներ անց Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների միջոցով իշխանություն փոխվեց: 

Ամեն տեսակ զենքի արտադրությունը, բացի միջուկայինից

Ինչպես լինում է սովորաբար` պաշտոնի նշանակվելուց առաջ, թեկնածուները իրենց ծրագրային անելիքների են ներկայացնում: Վրաստանի կառավարության փոփոխությունների այս փուլում այս իմաստով հատկապես աչքի ընկավ պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին: Երկրի նախկին վարչապետի միլիտարիստական որակված ծրագիրը ծաղրի առարկա դարձավ համացանցում: Այսպես Ղարիբաշվիլին հայտարարեց, որ 18-50 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է պաշտոնապես գրանցվեն որպես պահուստայիններ: Սեպտեմբերի 3-ին, վրաց օրենսդիրում Ղարիբաշվիլին նաև հայտարարեց, թե «մանկապարտեզից պետք է սկսել երեխաների ռազմահայրենասիրական դաստյարակությունը»: Խոսեց նաև «ռազմարդյունաբերության վերածննդի» մասին: Ղարիբաշվիլիի խոսքով, պետք է վերականգնել Թբիլիսիի ավիացիոն գործարանը, փամփուշտների գործարանը, ավելին. «ընդհանրապես, պետք է արտադրել ամեն տեսակ զենք, բացի միջուկայինից: Ինչ վերաբերում է ռազմավարական գործընկերներին, ապա Վրաստանը պետք է շարունակի իր ճանապարհը դեպի ՆԱՏՕ»,- պնդել է Ղարիբաշվիլին: Ղարիբաշվիլին նշել է նաեւ, որ այս ամենը անհրաժեշտ է, քանի որ Վրաստանի տարածքների 20 տոկոսը օկուպացված է, ապա րոպեներ անց հայտարարել, թե զենք-զինամթերքի արտադրությունն ու հզոր բանակը ուղղված չէ որևէ երկրի դեմ:

Բայցևայնպես, կառավարության կազմի փոփոխությանը նախորդող օրերին բավականին լարված էր Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ շփման գիծը: Հարվային Օսիային դուր չէր եկել, որ «սահմանի մոտ վրացական կողմը ոստիկանական հսկիչ կետ է կառուցել և պահանջում էր ապամոնտաժել այն»: Իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ դիրքերի փոփոխություն է եղել: Ի դեպ համանման դեպք էր տեղի ունեցել նաև շաբաթներ առաջ, երբ վրացական գյուղի մի մասը, փշալարերը առաջ բերելու պատճառով, մնացել էր Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքում:

Փորձելով պահպանել դիրքերը

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներից հետո, արդեն մոտ 3 ամիս ընդդիմությունը պահանջում էր ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Եվ այս ֆոնին նրան վարչապետ նշանակելու որոշումը ինչ-որ իմաստով անտրամաբանական է թվում:

Արդեն երկար ժամանակ է խոսվում, որ «Վրացական երազանք» կուսակցության ներսում լուրջ տարաձայնություններ կան: Այդ տարաձայնությունների պատճառով է, որ վերջերս կուսակցությունից հեռացան մի շարք պատգամավորներ, որոնք համարվում էին կուսակցության համահիմնադիրներ և ինչպես պարզվեց հետագայում, ներկայացում էին կուսակցության ներսում առկա թևերից ընդամենը մեկը: «Վրացական երազանքից» հեռացած պատգամավորներից Դավիթ Ճիճինաձեն պնդում է, որ Ղարիբաշվիլին, Գոմելաուրին, Գախարիան և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կուսակցության ներսում գոյություն ունեցող միմյանց հետ տարաձայնություններ ունեցող ուժեր են: Իսկ Գախարիայի նշանակմամբ, Իվանիշվիլին կշարունակի պահպանել իր դիրքերը, քանի որ, ըստ պատգամավորի, Գախարիան հունիսի 20-ից հետո կորցրել է իր ազդեցությունը որպես առանձին քաղաքական գործոն: