Վրաստանում լյուստրացիայի հեռանկարների մասին. Աննա Դոլիձե

Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ, իրավական գիտությունների դոկտոր Աննա Դոլիձեի այս հոդվածը լույս է տեսել 2009 թվականին, երբ Վրաստանի խորհրդարան էր ներկայացվել լյուստրացիայի մասին օրենքի նախագիծ: Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև:

«Վատ քննարկման դեղամիջոցը լավ քննարկումն է»,- գրում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ամարտիա Սենը իր նոր՝ «Օրենքի գաղափար»-ը գրքում:

Երբ 1971 թվականին Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Ռոլսը հրապարակեց «Օրենքի տեսություն»-ը, բոլոր հարգված քաղաքագետներն իրենց պարտքը համարեցին այս թեմայի վերաբերյալ սեփական կարծիքը հայտնել: 2009 թվականի սեպտեմբերին հրապարակված «Օրենքի գաղափարը» գրքում, որի հեղինակ Հարվարդի համալսարանի ազգությամբ հնդիկ պրոֆեսորը 1998 թվականին էկոնոմիկայի ոլորտում ստացել է Նոբելյան մրցանակ, արդարադատության մասին իր տեսակետն է ներկայացնում, իսկ Ջոն Ռոլսին՝ քննադատում:

Սենը քննադատում է արդարադատության շուրջ չափից շատ տեսական քննարկումներն ու դատողությունները, ինչի հիմքը, իր կարծիքով, հենց Ռոլսի աշխատությունն է դրել: «Աշխատությունը պետք է վերաբերի արդարադատության հաստատմանն ու անարդարության վերացման հարցերին: Այն չպետք է պարտադրի առանձին անձանց մոտեցումները կատարյալ արդարության մասին»: Սենն իր աշխատությունը սկսում է մեջբերելով Չարլզ Դիկկենսի «Մեծ հույսերից». «Այն փոքր աշխարհում, որտեղ գոյություն ունեն երեխաներ, ոչինչ չի դիտարկվում և չի զգացվում այնքան պարզ, որքան անարդարությունը… Անարդարության կանխարգելումը մեզ ոչ միայն ստիպում է մտածել արդարության և անարդարության մասին, այլեւ արդարադատության տեսության գլխավոր հարցն է»:

Այս հոդվածում քննարկելու ենք այն նախաձեռնությունը, որի նպատակն է մեր իրականությունում գործնական շտկումներ մտցնել անցյալի, իսկ մասնավորապես` կոմունիստական ռեժիմի կողմից իրականացված անարդարություններում:

Որոշ ժամանակ առաջ պատգամավոր Գիա Թորթլաձեն Վրաստանի խորհրդարանին է ներկայացրել «Լյուստրացիայի մասին» օրինագիծ, որի նպատակն է, եթե հղվելու լինենք նախագծին` «Աջակցել երկրի հետագա ժողովրդավարական զարգացմանն ու ամրապնդել ազգային անվտանգությունը»: Օրինագծի համաձայն՝ անձինք, ովքեր որոշ պաշտոններ են զբաղեցրել կոմունիստական կուսակցությունում, համագործակցել են ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, չեն կարող պետական պաշտոններ զբաղեցնել: Նախագծի համաձայն պետք է տեղի ունենա վերջիններիս հայտնաբերման աջակցություն և հաշվառում: Լյուստրացիան, որպես ավտորիտար ռեժիմի ժառանգությունից ազատվելու միջոց, ավտորիտար ռեժիմի փոխվելուց հետո մի շարք երկրներում ներդրվել է տարբեր ձևերով և ունեցել տարբեր արդյունքեր: Արդարության և հաշտեցման հանձնաժողովների պես, լյուստրացիան` «Արդարության հաստատման միջանկյալ» մեխանիզմ է, քանի որ ընդունվում և ներդրվում է ժողովրդավարական արժեքներ կրող իշխանությունների կողմից: Նրա նպատակն է՝ ազատվել հին, հանցավոր ռեժիմի ժառանգությունից, պատժել կամ սաստել հանցավոր ռեժիմի հետ ասոցացվող անձանց, արդարության վերականգնման և ռեժիմի զոհերին բավարարելու նպատակով:

Անցյալի հանցագործ ռեժիմի ժառանգությունից սխալ ձերբազատվելու նորագույն դեպքերից մեկը Իրաքում դեբաասիֆիկացիան է («Բաաս»-ը Սադդամ Հուսեյնի ղեկավարած սոցիալիստական կուսակցությունն էր): Պատմական անարդարությունն ու նոր, վստահելի ու արդարացված վարչակազմի կազմավորման համար կոալիցիայի ժամանակավոր կառավարումը, 2003 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանով, Իրաքի «Բաաս» կուսակցության անդամներին արգելեց զբաղեցնել պետական պաշտոններ: Չնայած պարտիզանական զինված դիմադրության հզորացումից հետո կոալիցիայի կառավարող մարմինն իր իսկ որոշումը մեղմացրեց և «Բաաս»-ի ու զինված ուժերի որոշ անդամների հանրային աշխատանքի վերադարձնելու թույլտվություն տվեց ու չնայած բարի նպատակներին, Բաասի անդամներին պետական ծառայությունում ներգրավվելը միանշանակ արգելելը, արդեն իսկ առկա քաղաքացիական առճակատումն էլ ավելի խորացրեց:

Լյուստրացիայի վերաբերյալ կարծիք հայտնելը միայն իրավաբանների մենաշնորհը չէ: Այստեղ ասելիք ունեն նաեւ սոցիոլոգները, պատմաբանները, ազգագրագետներին ու հասարակագիտական այլ ուղղությունների ներկայացուցիչները: Լյուստրացիայի, այնպես, ինչպես բոլոր այլ բարեփոխումների հաջողությունը կախված է նրանից, թե որքան ճշգրիտ ու համահունչ կընտրվի և կհարմարեցվի այս կամ այն մեխանիզմը տեղական մշակույթին, ավանդույթներին և մենթալիտետին: Իրավաբանական գիտություններում օտար իրավական ինստիտուտների ու փորձի արհեստական պատճենելու ժամանակները վաղուց ավարտվել են:

Այս հոդվածի նպատակը չէ քննադատել օրենքի նախագծի տեքստը, դրանում առկա բացթողումներն ու շտկումների վերաբերյալ խորհուրդներ տալը: Սա աշխատանքի հետագա՝ տեխնիկական մասն է, եթե որոշվի ընդհանրապես այս ինստիտուտը ներդնել ներկայիս Վրաստանում: Թե ինչպիսին պիտի լինի լյուստրացիայի հանձնաժողովը, օրենսդրական ի՞նչ հիմքերով պիտի գործի, այս ամենի շուրջ լայն հանրային քննարկման անհրաժեշտություն կա: Սա էլ միայն այն պարագայում, եթե սկզբունքային համաձայնություն լինի այս ինստիտուտի ներդրման գաղափարի շուրջ:

Առկա իրականության մեջ և ներկայացված օրինագծում միմյանց միջև խառնված է երկու տարբեր երեւույթ` «լյուստրացիա» և «դեկոմունիզացիա»: Դեկոմունիզացիան ենթադրում երկրի սոցիալական և քաղաքական կյանքում փոփոխություն անելու նպատակով պետության կողմից համալիր քայլերի ամբողջություն, Վրաստանի պարագայում` խորհրդային ժառանգությունից ազատվելու համար: Իրականացվելիք քայլերից մեկը օրինակ՝ Կոմունիստական կուսակցության նախկին բարձրաստիճան չինովնիկների պետական աշխատանքի արգելքն է: Մինչդեռ «լյուստրացիան»՝ ներկայում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ստուգելն է, վերջինների` խորհրդային հատուկ ծառայությունների հետ համագործակցելու փաստերը, կամ` նշված անձանց ինքնության բացահայտումը:

Այս տերմինները խառնված են Գիա Թորթլաձեի կողմից ներկայացված օրինագծի հենց վերնագրում, քանի որ օրինագիծը բացառում է հատուկ ծառայությունների հետ համագործակցած և պետական պաշտոններ զբաղեցրած անձանց հրապարակայնացումը, նաև կոմկուսի պաշտոնատար անձանց պետական աշխատանքի արգելքը, այսինքն՝ «դեկոմունիզացիան»:

Ե՛վ լուստրացիան, և՛ դեկոմունիզացիան վերաբերում են ռեժիմի փոփոխությունից հետո եկած իշխանության կամքին՝ կառուցել նոր պետական կարգ, որտեղ առանձնահատուկ տեղ և կարևոր դեր չեն ունենա կոմունիստական ռեժիմին աջակցած անձինք: Այս քայլերի նպատակն է նաև անցյալի հանցագործությունների և հանցավոր ռեժիմին աջակցելու միջեւ որոշակի սահման գծելը` հտակ անուններ, այդ թվում նաև ռեժիմի զոհերի համար հրապարակայնացնելով և պետական համակարգում կոնկրետ անձանց գործունեության արգելքը: Առաջին հետկոմունիստական երկիրը, որտեղ 1991 թվականի հոկտեմբերի 4-ին լյուստրացիայի օրենք ընդունեցին՝ Չեխոսլովակիան էր: Հունգարիայի խորհրդարանը լուստրացիայի օրենքն ընդունել է 1994 թվականի մարտի 8-ին, որտեղ փոփոխություններ են մտցվել 1998 թվականին:

Լեհաստանում լյուստրացիայի օրենքն ընդունել են 1997 թվականի ապրիլի 11-ին, մի շարք նախկին դիսիդենտների և Թավշյա հեղափոխության համահեղինակների դիմադրության ֆոնին: Ազդեցիկ դիսիդենտ և ամենամեծ տպաքանակն ունեցող «Վիբորչա» թերթի խմբագիր Ադամ Միխնիկը 1989 թվականին լյուստրացիայի գործընթացի վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարել է. «Այո՝ ամնիստիային, ոչ՝ ամնեզիային»: Դրանով նա արտահայտել է նոր էլիտաների հանդուրժողական վերաբերմունքը կոմունիստական ռեժիմի ֆունկցիոներների նկատմամբ, զուգահեռաբար նրանց ապաշխարելու պարագայում՝ համատեղ ջանքերով նոր պետություն կառուցելու ցանկություն է հայտնել:

Բուլղարիայում լյուստրացիայի էլեմենտներն ընդունված են 1998 թվականի մայիսից, Լիտվայում՝ 1998 թվականին՝ երկու փուլով: Ամենավերջինն ընդունել է ռումինական խորհրդարանը՝ այսպես կոչված Դումիտրեսկուի օրենքը, 1998 թվականին, որը կանոնակարգել է լյուստրացիայի գործընթացը:

Արդյոք պե՞տք է լյուստրացիա Վրաստանին

Ճիշտ է, օրենքի նախագծում սկզբից ևեթ դրված է, որ նրա նպատակն է «Աջակցել երկրի ժողովրդավարական զարգացմանը», հարկ է նշել, որ չնայած բազմաթիվ փորձերի, արդարության անցումային մեխանիզմների և երկրի ժողովրդավարական զարգացման միջև էմպիրիկ ուղղակի կապեր տեսնել հնարավոր չէ: Ավտորիտար անցյալից ձերբազատվելու համար տարբեր երկրներ սեփական ճանապարհներն են ընտրել: Օրինակ, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ տեսել են այսպիսի մեխանիզմների ընդունման անհրաժեշտություն, սակայն նման բան տեղի չի ունեցել Իսպանիայում և Թայվանում՝ երկրներ, որոնք այսօր համարվում են լիարժեք ժողովրդավարական:

2006 թվականին Եվրոպայի խորհուրդի կողմից միաձայն ընդունված մի բանաձեւում մարդու իրավունքների բազմաթիվ լուրջ խախտումներ են արձանագրվել Իսպանիայում Ֆրանկոյի ռեժիմի տարիներին 1939-1975 թթ.։ Այս բանաձևը Ֆրանկոյի կառավարման տարիները գնահատող առաջին միջազգային փաստաթուղթն է, որը կոչ է անում Իսպանիայի կառավարությանը՝ մի շարք քայլեր ձեռնարկել ռեժիմի կողմից իրագործած հանցագործությունները հետաքննելու համար: Միայն 2004 թվականին Իսպանիայում ստեղծվեց Ֆրանկոիզմի զոհերի պատվի ու հիշատակի վերականգնման կառավարական հանձնաժողով: Ֆրանկոյի ավտորիտար ռեժիմի կողմից իրագործած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Իսպանիայում պաշտոնական լռության կոչ են անում այսպես կոչված «ստիպողաբար/պարտադրված լռություն» անգամ գրականության մեջ: Այսուհանդերձ մի բան ակնհայտ է՝ նման քննարկումների առկայությունը չի խոչընդոտել Իսպանիայի ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Հետաքրքիր է նաև Թայվանի օրինակը: Չինաստանում կոմունիստական կուսակցության հետ պայքարում պարտություն կրելուց հետո, Չինաստանի ազգայնական կուսակցությունն ավտորիտար կառավարում է հաստատել Թայվանում 1950 թվականից: Արտակարգ իրավիճակը Թայվանում չեղյալ է հայտարարվել 1987 թվականին: Դրան հետևել է դեմոկրատիզացիայի (ժողովրդավարացման) այլ քայլեր՝ լրատվամիջոցների և քաղաքական կուսակցությունների գործունեության արգելքը հանվել է ու ընտրության իրավունք է տրվել: Մեկնարկել է ժողովրդավարական բարեփոխումների գործընթաց, որոնք տեւել են մինչեւ 2000 թվականը, երբ Թայվանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքական իշխանություն ձեւավորվեց ընտրությունների միջոցով, ինչի արդյունքում Թայվանի կառավարումը` Չինաստանի ազգայնական կուսակցությունից անցավ Ժողովրդավարական-առաջադիմական կուսակցությանը: 1987 թվականից սկսած Թայվանի ժողովուրդը ձեւակերպել է ավտորիտար իշխանությունների կողմից իրագործած հանցագործությունների հետաքննության և դրանք շտկելու պահանջ: Ավտորիտար իշխանությունների ժամանակ հանցագործությունների միջև հաճախ են հիշվում «28 –ի դեպքը», երբ 1947 թվականի փետրվարի 28-ին մաքսանենգ ճանապարհով ծխախոտ վաճառող մի քանի անձ էր զոհվել անհայտ պայմաններում: Սա լայնածավալ բողոքի ցույցերի պատճառ էր դարձել, որը ցրելու համար իշխանությունը բանակ կիրառեց, տարբեր հաշվարկներով 10-ից 20 հազար մարդու կյանք խլելով: Չնայած իշխող կուսակցությունները փորձել են տարբեր միջոցներով ձերբազատվել անցյալի հանցագործություններից, ամեն ինչ միշտ վերջացել է զոհին փոխհատուցելով, սակայն օրինակ Թայվանում` անցումային շրջանում արդարադատության վերը նշված մեխանիզմները չեն կիրառվել:

Ինչպես երևում է Իսպանիայի եւ Թայվանի օրինակներից, ավտորիտար ռեժիմի ժառանգությունից ձերբազատվելու համար պարտադիր չեն եղել անցումային արդարադատության մեխանիզմները, երկրի հետագա սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական զարգացման տեսանկյունից: Այսուհանդերձ, հետազոտություններով ապացուցվել է, որ լյուստրացիայի եւ անցումային արդարադատուտյան այլ մեխանիզմների ճշգրիտ եւ բազմակողմանի ներդրման պարագայում` ժողովրդավարական համակարգ ստեղծելը էապես հեշտանում է: Արդարություն հաստատելով ու հանցագործներին պատժել-սաստելով բռնության կրկնությունը կանխվում է ի սկզբանե, երբ տեղի է ունենում զոհերի արդարացում (վինդիկացիա) եւ արդարարության հաստատման զգացողություն` բավարարվածություն: Պակաս կարեւոր չէ պատմական արդարության վերականգնման հարցը, որը` հետագա բռնությունը կանխելու, առճակատումով անցած կողմերի միջև ազգային համաձայնության գալու, պետության ապագայի վերաբերյալ դիրքորոշումները համադրելու կարեւորագույն նախապայման է:

Կոմունիստական ժառանգությունից ազատվելու և վերոնշյալ բոլոր նպատակներին հասնելու համար, գտնում եմ, որ անհրաժեշտ է Վրաստանում անցկացնել դեկոմունիզացիայի լայնամասշտաբ գործընթաց: Պետք է իրականացվի նաև լյուստրացիա՝ որպես դեկոմունիզացիայի փուլերից մեկը: Այն պետք է բացառի ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ համագործակցածների մասնակցությունը պետական համակարգում, պետք է տեղի ունենա այս ինստիտուտի խորքային ուսումնասիրություն և այսպես շարունակ: Անկախ ամեն ինչից, ինչպես յուրաքանչյուր այլ ինստիտուտի ներդրման հարցում, այս պարագայում էլ պետք է հարց տանք՝ նպատակահարմար է արդյո՞ք լյուստրացիա անել այսօր և, եթե այո, ապա ինչ ձևով:

Շարունակելի