Վրաստանում նոր նավահանգիստ են կառուցում. Իշխանությունը կողմ լինելով դեմ է

Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ «Անակլիայի զարգացման կոնսորցիում»-ը լքել է ծրագրի գլխավոր գործընկերներից մեկը` ամերիկյան «Կոնտի գրուփ» ընկերությունը: Վերջինս հայտարարարել է, որ պատճառը Վրաստանի կառավարության կողմից աջակցության ոչ բավարար լինել ու դժգոհությունն է: Միևնույն ժամանակ, տեղի ունեցածը կապված է Վրաստանի խոշորագույն բանկերից մեկի` TBC բանկի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ: Նշված բանկը նույնպես համարվում է Անակլիայի նավահանգստի կառուցման համար ստեղծված «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» գլխավոր գործընկերներից մեկը:

Անակլիայի նավահանգիստը 

Անակլիայի նավահանգստի շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին: Սա երկրի ամենամեծ ենթակառուցվածքային ծրագիրն է, որի տարածքը կազմում է 340 հեկտար: Ծրագիրը 9 փուլից է կազմված, իսկ ամբողջական բյուջեն կազմելու է 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Անակլիայի ներուժի օգտագործման մասին, սակայն, խոսվել է դեռևս 20-րդ դարասկզբից, իսկ նավահանգստի կառուցման առաջին փորձերը եղել են 1960-ական թվականներին: 1990-ականներին այստեղ նախատեսվել է նավթատերմինալի կառուցում իսկ 2010 թվականին այստեղ փորձ էր արվում իրականացնել «Լազիկա» ծրագիրը: Ի վերջո, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, «Անակլիայի զարգացման կոնսորցիումը» Վրաստանի կառավարության հետ ներդրումային պայմանագիր ստորագրեց:

Լուսանկարը` Jamnews-ի

Անակլիայի նավահանգստի խորությունը կազմելու է 16.5 մետր, ինչը, ըստ կառավարության, տարեկան 100 միլիոն տոննա բեռնափոխադրումների հնարավորություն կտա: Ինչպես նաև, 10 000 կոնտեյներ տարողությամբ նավերը կկարողանան հանգրվանել նավահանգստում: 

Անակլիայի նավահանգիստը Եվրոպան Ասիային կապող ճանապարհին է և «Մետաքսե ճանապարհի» մաս է դիտարկվում: Փորձագետները կարծում են, որ հաշվի առնելով նաև այն փաստը, որ Վրաստանը ազատ առևտրի համաձայնագրեր է կնքել ինչպես ԵՄ, այնպես էլ Չինաստանի հետ,  նավահանգիստը մեծ ներուժ ունի:

Այս պահի դրությամբ Վրաստանի սեւծովյան հատվածում 2 նավահանգիստ է գործում` Փոթիի նավահանգիստը, որի ակունքները 19-րդ դարից են գալիս և Բաթումիի նավահանգիստը: 2013 թվականին Փոթիի նավահանգիստը ձեռք բերեց «EMPC Terminal» կազմակերպությունը, որը պարտավորվեց 70 միլիոն դոլար ներդրում իրականացնել նավահանգստի ենթակառուցվածքների, մաքսատան, երկաթգծի, ավտոճանապարհի և ծառայությունների բարելավման նպտակաով: Տարեկան բեռնափոխադրումները կարող են հասնել մինչև 50 միլիոն տոննայի և 2 միլիոն TEU կոնտեյների:

Բաթումիի նավահանգիստը ավելի փոքր է: Նրա տարեկան բեռնափոխադրումների հնարավորությունը ընդամենը 700 հազար տոննա է և 100 հազար TEU կոնտեյներ:

Կառավարություն — «Անակլիայի զարգացման կոնսորցիում» 

Թեև Վրաստանի կառավարությունը հայտարարում է, որ ամեն կերպ աջակցում է Անակլիայի նավահանգստի ծրագրին, այնուամենայնիվ, կոնկրետ գործողություններն այլ բան են ասում: Արդեն նշեցինք, որ կոնսորցիումից հեռացել է ամերիկյան խոշոր ընկերություններից մեկը, իսկ մյուս խոշոր գործընկեր TBC բանկի հիմնադիրների հանդեպ քրեական գործ է հարուցվել: Վրաստանի գլխավոր դատախազությունը բանկի համահիմնադիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի հանդեպ 2018 թվականի օգոստոսին քրեական գործ հարուցեց: Գործը վերաբերում էր 2008 թվականի ապրիլին-մայիս ամիսներին ֆինանսական տրանզաքցիաներին, երբ բանկը 17 միլիոմ ԱՄՆ դոլարի վարկ էր տրամադրել «Սամգորի թրեյդ» և «Սամգորի M» կազմակերպություններին: Դատախազության պնդմամբ, երբ վերոնշյալ կազմակերպությունները ստացել են վարկը, բանկի ղեկավար Մամուկա Խազարաձեն և նրա տեղակալ Բադրի Ջափարիձեն նույն կազմակերպություններից 17 միլիոն դոլարի վարկ են վերցրել: Հետաքննության պնտդմամբ` «2012 թվականին բանկը այս վարկերը զրոյացրել է»: 


Մամուկա Խազարաձե

Նշված քրեական գործի պատճառով, TBC բանկը, ըստ սեփականատերերի, մի քանի հարյուր միլիոն դոլարի վնաս է կրել, իսկ Խազարաձեն և Ջափարիձեն ստիպված եղան 2 անգամ հեռանալ բանկի ղեկավարի և ղեկավարի տեղակալի պաշտոնից: Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2018 թվականին, երբ սկսվեց քրեական գործը, իսկ ավելի ուշ` նրանք վերընտրվեցին նույն պաշտոններում, սակայն արդեն 2019 թվականի հուլիսին, երբ դատախազությունը գործն ուղարկեց դատարան` նրանց ձերբակալելու թույլտվության պահանջով, ստիպված եղան նորից հեռանալ պաշտոններից:

Վրացական լրատվամիջոցներում և փորձագիտական շրջանակներում տարածվող լուրերի համաձայն, երկրի իրական ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին դուր չի գալիս, որ երկրի խոշորագույն ծրագիրը իրականացնում է այլ գործարար:

10 տարվա վաղեմության քրեական գործը

Սույն թվականի հուլիսի 9-ին Մամուկա Խազարաձեն հայտարարեց, որ քաղաքացիական շարժում է նախաձեռնում: Պատճառը` հասարակության պառակտումն է: Նրա խոսքով, հունիսի 20-ի իրադարձությունները (Երբ Թբիլիսիում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանության միջև: Ցույցի պատճառը` ռուս պատգամավոր Գավրիլովի այցն էր Թբիլիսի և խորհրդարանի խոսնակի աթոռին նստելը): Խազարաձեի խոսքով, այս գործընթացը անավարտ, պատմական իրադարձություն է և երկրի անկախության համար պայքարի շարունակություն: Այս հայտարարությունից օրեր անց` հուլիսի 26-ին, Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմեց դատարան` Խազարաձեին և Ջափարիձեին վերոնշյալ քրեական գործով, որպես խափանման միջոց, կալանք ընդունելու պահանջով:  Թեև դատարանը նրանց նիստերի դահլիճից ազատ արձակեց 700 հազարական լարի գրավի դիմաց:

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության մեծ մասը հայտարարում են, որ Ջափարիձեի գործը քաղաքական է: Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարում են, որ հարցեր ունեն հետաքննությանը: 

«Այս գործի շուրջ առկա միջավայրը, Խազարաձեի ու Ջափարիձեի հանդեպ հետաքննությունը և մեղադրանքը, հնարավոր է քաղակական դրդապատճառներ ունենալ:

Մամուկա Խազարաձեն «Անակլիայի զարգացման կոսնորցիումի» հիմնադիրներից է, որը երկրի զարգացման կարևորագույն` Անակլիայի նավահանգստի շինարարության գլխավոր իրագործողն է: Մամուկա Խազարաձեն նաև բաց խոսել է ներքին գործերի նախարարի և Կենտրոնական բանկի կողմից իրականացված ճնշումների մասին»,- ասվում է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել է 16 հասարակական կազմակերպություն:

Ինքը` Խազարաձեն, արդեն իսկ հայտարարել է, որ սեպտեմբերից սկսելու է քաղաքականությամբ զբաղվել: Միևնույն ժամանակ, նման քաղաքացիական շարժումներ են հիմնվում այն բանից հետո, երբ հունիսի 20-ի ցույցերից հետո, իշխանությունները համաձայնեցին միայն համամասնական ընտրակարգով ընտրություններ անկացնել` փաստացի չեղարկելով ընտրական նվազագույն շեմը: Հարկ է նաև նշել, որ այս կարգը գործելու է միայն 2020 թվականին կայանալիք ընտրություններին, իսկ արդեն 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու նույնպես միայն համամասնական ընտրակարգով, սակայն Խորհրդարան անցնելու համար նվազագույն շեմը կազմելու է 5%: